ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ |
25.06.2014 18:43 |
Մեզանից երեևի թե ոչ բոլորին է հայտնի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունի ՙՀայկական զինյալներ՚ կամավորական հայրենասերների կազմակերպություն, որն իր գոյության ու գործունեության առանցքում տեսնում է նվիրյալ հայրենասերներին լեգիոնում ընդգրկելն ու նրանց հայրենանվեր ու հայրենապաշտ ոգին էլ ավելի բարձրացնելը։ 3-րդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետությունում գործում է Արցախյան ազատամարտի վետերաններից կազմված ՙՀայկական լեգիոն՚ միությունը։ Այն իր առաքելությունն է համարում մշտապես այցելել այն ազատամարտիկների ընտանիքներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի ազատության ու այսօրվան։ Ինչպես նշեց միության ղեկավար Աղասի Կարապետյանը, նրանք դաստիարակում են այնպիսի հայրենասերների, որոնք ցանկացած պահի պատրաստ կլինեն հանուն հայրենիքի անձնազոհության գնալ։ Վերջին ժամանակներս Արցախում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող թշնամու ոտնձգություններն ու մշտական դարձած կրակահերթերն անհանգստացնում են ոչ միայն արցախցիներիս այլև աշխարհի բոլոր հայերին։ Դրանցից մեկի ժամանակ էլ մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը։ Շուտով համացանցում հայտնվեց փոխգնդապետի վերջին խոսակցությունը որդու՝ Գևորգի հետ, որտեղ նա խոստացել էր հերթափոխից հետո որդու համար հեծանիվ գնել։ Սակայն հոր խոստումն այդպես էլ անկատար մնաց… Հայկական լեգիոնի կամավորները տեղեկանալով այդ մասին, իսկույն ձեռնամուխ եղան հոր վերջին ցանկությունն ի կատար ածելուն։ Եվ ահա հունիսի 18-ին նրանք արդեն Արցախում էին։ Հայտնելով Արցախի վետերենների միության նախագահ Սամվել Կարապետյանին իրենց մտադրությունների մասին, վերջինս իսկույն ձեռնամուխ եղավ հերոսի տանը հանդիպում կազմակերպելուն։ Հանդիպմանը մասնակցում էին ՙՀայկական լեգիոնի՚ միության ղեկավար Աղասի Կարապետյանը, ԱՄՆ ՙՀայկական զինյալներ՚ կազմակերպության հիմնադիր Հովհաննես (Ջոն) Սուրուչլյանը, Ասկերանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանը, Մարտունու ԱԱՄ նախագահ Սարո Երեմյանը։ Անշուշտ, դժվար էր գտնել համարժեք բառեր, որով փոքր ինչ կարող ես փարատել հարազատի կորստյան վիշտը։ Սակայն Գարիկի հարազատները գիտեն, որ Գարիկը ոչ թե հայրենա-սեր, այլ հայրենամոլ էր, ու հայրենիքն ու նրա սահմաններն անառիկ պահելը նրա համար վեր էր ամեն ինչից։ Իհարկե, Գևորգը ստացավ հոր խոստացած հեծանիվը բարի քեռիների, ու ոչ իր հոր կողմից։ Ու նրա երկչոտ ժպիտը փոքր-ինչ չափով խախտեց ծանր լռությունը, որն իջել յուրաքանչյուրի սրտում։ - Քո ժպիտն ամեն ինչ արժե, Գևո°րգ ջան, ու մենք պարտավոր ենք անել այնպես, որպեսզի դու ու քո բախտակիցները ոչնչի կարիք չզգաք,- ասում է ՙՀայկական լեգիոնի՚ ղեկավարը։ - Որդուս բացակա չդնեք...,- մոր խնդրանքին ի պատասխան հչում է. - Հայրենիքի և ոչ մի նվիրյալ մեզ համար բացակա չէ, նրանք ապրում են մեր սրտերում, ու նաև ապրեցնում։ Նրանց արյան գնով ձեռք բերվածը մենք պարտավոր են պաշտպանել ու պահպանել սրբորեն, քանզի քնած չէ թշնամին,- ասաց Ա. Կարապետյանը Գարիկի ընտանիքին հանձնելով միջազգային կազմակերպության հատուկ վկայական՝ Գարիկ Բալայանի անունով աստղ կոչելու մասին։ - Արցախը բոլոր հայերիս հայրենիքն է։ Այս հողի վրա եմ ռազմական կրթություն ստացել, այս հողի վրա է անցել իմ երիտասարդությունը ու հարկ եղած դեպքում մենք առաջիններից մեկը կլինենք, ով կկանգնի արցախցու կողքին ու մի թիզ հող անգամ չենք զիջի թշնամուն։ Ա. Կարապետյանն իր շնորհակալությունը հայտնեց Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանին, ով միջնորդեց, որ այս հանդիպումը կայանա, ինչպես նաև նշեց, որ զոհվածների ընտանիքներին այցելությունները շարունակական բնույթ կկրեն։ - Այցելելով Արցախ, մենք այցելում ենք սահմանապահ զորամասեր, որտեղ ցուցադրում ենք փաստավավերագրական ֆիլմեր արցախյան ազատամարտի տարեգրությունից։ Դա հայրենասիրական յուրօրինակ դաս է, որով պիտի մեծանա մատաղ սերունդն ու գիտակցի, որ պարտավոր է պաշտպանել իրենց հարազատների արյունով ներծծված հողը,- ասաց Աղասի Կարապետյանը։ - Այս հանդիպումով մենք փորձել ենք փոքր-ինչ փարատել Գարիկի ընտանիքի կորստի անսահման վիշտը ու հավաստիացնել, որ Գարիկն ու նրա նմանները միշտ մեր մտքերում են։ Ու թեկուզ նրանք ֆիզիկապես մեզ հետ չեն, սակայն վերևից նայում ու ուժ են տալիս մեզ,- ասաց Հովհաննես Սուրուչլյանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |