ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ՝ ՀԶՈՐ ԵՐԿԻՐ |
25.06.2014 18:50 |
Ասկերանում՝ մեծ թե փոքր, բոլորն են ճանաչում բարերար, Ասկերանի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանին, ում ամեն անգամ ծննդավայր այցելելն առանց անակնկալի չի անցնում։ Այս անգամ էլ Ս. Գաբրիելյանն այցելել է հարազատ Ասկերան մեծ առաքելությամբ՝ սեփական միջոցներով կառուցվող մարզահրապարակի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու։ Այն կառուցվել է բարերարի մանկության ու պատանեկության ամենասիրած վայրում՝ Ղլիժբաղ կոչվող տեղամասի նախկին ակումբի տեղում կամ ինչպես նա է սիրում ասել՝ կլուբեն տռանը։ Եվ պատահական չէ, որ մարզահրապարակին կից տեղադրված ցայտաղբյուրի քարին փորագրված է՝ ՙԿլուբեն տոռնը՚։ Դա յուրօրինակ հարգանքի տուրք է մանկութ հուշերին, նվիրված հավատարիմ ընկերներին, որոնցից շատերի հետ Սամվել Գաբրիելյանը շարունակում է իր ընկերությունը։
Հունիսի 21-ին տեղի ունեցավ մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, ՓԾ պետ Արթուր Հարությունյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, ասկերանցիներ։ Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի երիտասադրության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը. - Այս մարզահրապարակը Սամվել Գաբրիելյանի առաջին բարեգործությունը չէ։ Նա բազմաթիվ մեկենասությունների հեղինակ է, ինչով էլ վայելում է հայրենակիցների սերն ու հարգանքը։ Սամվել Գաբրիելյանն այն անհատներից է, ով հայրենիքի համար ճակատագրական պահերին միշտ իր հայրենակիցների կողքին է, սատարում, թև ու թիկունք է դառնում նրանց համար։ Իսկ խաղաղության պայմաններում նա ամեն կերպ ձգտում է ավելին անել հարազատ ծննդավայրի համար, որպեսզի բարեկեցիկ կյանքով ապրի նրա ամեն մի բնակիչը։ Ելույթի համար խոսքը տրվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանին։ Երախտագիտություն հայտնելով Ս. Գաբրիելյանին՝ մատուցած մեծ նվերի համար, Ա. Գյանջումյանն ասաց. - Սամվել Գաբրիելյանն այն անհատներից, ով վայելում է ոչ միայն ասկերանցիների սերն ու հարգանքը, այլև արցախահայության, և ինչու չէ նաև Հայաստանի Հանրապետության հասարակության։ Նա կենդանի օրինակ է հանդիսանում մեր երեխաների համար, որոնց դաստիարակում ենք նման անհատների վառ օրինակով։ Նրա գրեթե բոլոր ծրագրերը միտված են հայրենի հողի բարգավաճմանը։ Բնակվելով Երևանում և աշխատելով ու զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ, նա միշտ հավատարիմ է մնացել հարազատ բնօրրանին։ Մեր շնորհակալական խոսքն ենք հղում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով լինելով հոր՝ Անդրանիկ Մարգարյանի արժանի հետնորդը՝ սերտ է պահում կապը Արցախի հետ ու նպաստում նրա բարգավաճմանն ու միջազգային ճանաչմանը։ Ինչպես կարող ենք մոռանալ, երբ Սամվել Գաբրիելյանը հեռուստատեսությունից տեղեկանալով, որ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը հանդես է գալու ՙՀայ ասպետ՚ ինտելեկտուալ խաղում, շտապեց հեռուստատեսություն։ Եվ գուցե նրա խրախուսական նվերները, հոգեբանական աջակցությունն ու քաջալերանքն էր, որ մեր թիմին փառավոր հաղթանակ բերեց։ Ասել է, թե Սամվել Գաբրիելյանը պատմություն է կերտում արցախահայության համար։ Ասկերանի, ինչու չէ նաև արցախահայության անունից, մեր երախտագիտությունն ենք հայտնում մեծ բարերարին նրա թողած բոլոր մնայուն արժեքների համար։ Դպրոցի սաներն իրենց սրտի խոսքն ու շնորհակալությունը հայտնեցին Սամվել Գաբրիլեյանին, նման նվերի համար և խոստացան միշտ հիշել, հարգել ու սիրել, չէ որ մարզահրապարակն այսուհետ իրենց համար լավագույն անկյունն է՝ ուրախ ժամանց կազմակերպելու և անցկացնելու համար, ապա նաև երգեցին։ Ասկերանի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Էդիկ Գաբրիելյանը Սամվել Գաբրիելյանի մանկության ընկերներից է, ով ներկաների հետ կիսվեց մանկության անմոռաց հուշերով. - Պատահական չէ, որ Սամվել Գաբրիելյանն այս խաղահրապարակն այստեղ է կառուցել, քանզի մեր մանկությունն ու պատանեկությունն այստեղ է անցել, այստեղ տարբեր միջոցառումներ էինք կազմակերպում, իսկ վերջում ֆուտբոլ խաղում։ Փառք Սամվել Գաբրիելյանի նման մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հարազատ բնօրրանը զարգանա ու բարգավաճի։ Այս մարզահրապարակի կառուցումը նաև քաղաքական բնույթ է կրում, չէր որ Արցախին կոփված, ուժեղ երիտասարդներ են հարկավոր։ Ու համոզված եմ, որ գալու է ժամանակը, երբ Արցախի դրոշը ծածանվելու է աշխարհի տարբեր մրցասպարեզներում։ - 50-ական թվականներից այս տարածքը Ղլիժբաղի կենտրոնական թաղն էր ու կոչվում էր կլուբեն տոռնը, ու այդ տարիներին, երբ այս բնակավայրում ջուր անցկացրեցին՝ աղբյուրներից մեկը տեղադրվեց հենց այստեղ։ Վերջին տարիներին, երբ ակումբի շենքն անմխիթար վիճակում էր, չէինք իմանում, թե նրա տեղն ինչ է լինելու։ Ու երբ բոլորիս կողմից սիրված ու հարգված Սամվել Գաբրիելյանը պատրաստակամություն հայտնեց այստեղ մարզահրապարկ կառուցելու՝ շատ ոգևորվեցինք։ Կարճ ժամանակում մարզահրապարակը կառուցվեց, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում քաղաքի բնակիչները։ Սամվել Գաբրիելյանն ամեն անգամ հարազատ ծննդավայր այցելելով նոր լիցքեր ու եռանդ է ստանում։ Նա միշտ իր ժողովրդի կողքին է։ Ու Արցախյան ազատամարտի առաջին օրվանից նա զենք ու զինամթերք էր մատակարարում, ապահովում պարենային մթերքներով: Անկասկած, յուրաքանչյուր հայրենասեր հայ պետք է մնայուն հետք թողնի Արցախի պատմության տարեգրության մեջ՝ հանուն միացյալ հայկական պետականության կերտման,- ասաց Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։ Քաղաքապետը՝ Ասկերանում մարզահրապարակ կառուցելու, համայնքի մարզա-մշակութային ծրագրերին մշտապես աջակցելու համար Սամվել Գաբրիելյանին շնորհակալագիր հանձնեց։ Նա երախտագիտություն հայտնեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով Արցախի համար բավականին մեծ աշխատանքներ է կատարում։ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն առողջություն ու բարօրություն մաղթելով մեծ բարերարին՝ նվիրեց հարազատ բնօրրանը պատկերող գեղարվեստական նկար և շրջվարչակազմի ղեկավարի շնորհակալագիր՝ հարազատ բնակավայրում մարզահրապարկ կառուցելու և Ասկերանի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը մշտապես աջակցելու համար։ - Մեր մանուկներն ամեն օր իրենց թոթովախոս լեզվով կաղոթեն ամենակարող աստծուն, որպեսզի նա զորավիգ լինի ձեզ և ձեր նման ազգային մտածելակերպով ու գործելաոճով անձանց։ Մեր մանկապարտեզի երեխաներն ամեն տարի ամանորյա նվերներ են ստանում Սամվել Գաբրիելյանի կողմից։ Այս անգամ էլ մանկապարտեզին նվիրած խաղասարքն անակնկալ էր բոլորիս համար և շուտով այն իր տեղը կզբաղեցնի մանկապարտեզի բակում։ Թող ձեր բոլոր մտահղացումներն ու ծրագրերը հաջողությամբ պսակվեն ,- ասաց Ասկերանի ՀԱԸ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը։ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Սամվել Գաբրիելյանին։ Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմանուել քահանա Վարդանյանը կատարեց մարզահրապարակի օծման արարողակարգ։ Ուրախ նվագի հնչյունների ներքո երեխաները շուրջպար բռնեցին և ի նշան խաղաղության երկինք բաց թողեցին ճերմակ աղավնիներ։ Մուտքը բացված է, հաշված վայրկյանների ընթացքում մարզահրապարակը լցվեց մանուկներով։ Մի մասում վոլեյբոլիստներն էին խաղի բռնվել, առավել փոքրերը նախընտրում էին աստիճաններով մագլցել ու սղալ, ոմանք կոփվում էին տարբեր մարզասարքերի վրա։ Ամենուրեք աշխուժություն էր տիրում։ Տոթակեզ արևն անգամ անկարող էր ցրել երեխաների հոծ բազմությունը։ Ապա սկսվեց տոնական համերգ, որի մեկնարկը տրվեց ՙԱսկերան՚ երգի կատարմամբ։ Նշենք, որ երգը գրվել է Սամվել Գաբրիելյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Համերգը շարունակվեց ՙԲերդ՚ համույթի երգիչների գեղեցիկ երգերի կատարմամբ։ Եվ ճշմարիտ է ասված որ, շատերին է հաջողվում արժանանալ մեծերի գնահատանքին, իսկ վայելել երեխաների անկեղծ սերն ու հարգանքը ոչ բոլորին է տրվում, և դա է ամենամեծ պարգևը մարդու համար։ Համամիտ ենք Սերգեյ Գրիգորյանի՝ ՙՄիայն հոգով հարուստ մարդը կարող է օգտակար լինել և օգնել իր ժողովրդին՚ արտահայտության հետ։ Օրվա հերոսը հենց այդպիսին է։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |