ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ - ՍՐԲԱՏԵՂԻԻ ԲԱՑՈՒՄ ՎԱՐԴԱՁՈՐՈՒՄ |
26.01.2016 10:49 |
Արցախյան ազգային ազատագրական պայքարում, թերևս, ամենադաժան ճակատագիրը սահմանամերձ բնակավայրերին բաժին հասավ։ Աշխարհագրական դիրքի բերումով դրանք հիմնահատակ ավերվեցին ու թալանվեցին, բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին… Պատերազմը մեզանից խլեց լավագույն տղաներին, քաջ ասպերտներին, ովքեր առանց վայրկյան անգամ երկմտալու նետվեցին պատերազմի հորձանուտը, միայն թե դարավոր թշնամու մտադրություններն իրականություն չդառնան ու Արցախ աշխարհն Արևմտյան Հայաստանի ճակատագրին չարժանանար… Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղը դարերի պատմություն ունի։ Գյուղի հյուսիս-արևմտյան մասում գտնվող 12-13դդ. հուշարձան-խաչքարները դրա վառ վկայություններն են։ Սահմանամերձ այս գյուղն ավարառու ցեղերի ու հրոսակախմբերի դրոշմը միշտ էլ կրել էր իր վրա։ Սակայն 88-ին սկիզբ առած Շարժումով ու դրան հետևած պանծալի հաղթանակով մենք ապացուցեցինք, որ հայը երբեք չի հանձնվում և ոչ մի բարբարոսություն և բռնություն չի կարող կոտրել հայի դեպը լույսը ձգվող ոգին։ Հուշարձան դարձած տղաների հիշատակին Արցախի տարբեր բնակավայրերում համալիրներ, խաչքարեր կանգնեցվեցին, որոնք յուրօրինակ սրբատեղիներ դարձան մեզ համար և որտեղից սկիզբ են առնում մեր բոլոր միջոցառումները։ Օրերս դրանց թիվն ավելացավ ևս մեկով։ Այս անգամ սրբատեղի ունեցավ Վարդաձորը։ Հուշահամալիրը կառուցվել է ռուսաստանաբնակ վարդաձորցիների և համայնքի բնակիչների միահամուռ ջանքներով՝ ԼՂՀ կառավարության և Արցախի ազատամարտիկների միության աջակցությամբ՝ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտի վետերան Ֆելիքս Բեգլարյանի նախաձեռնությամբ։ Նոյեմբերի 14-ին Ասկերանի շրջանի Վարդաձորի համայնքում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհված վարդաձորցիների հիշատակին կառուցված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողություն։ Հուշահամալիրում վեր է խոյանում նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանը և վարդաձորցի զոհված խաղաղ բնակիչների հուշարձանը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բարձրաստիճան զինվորականներ, ԱԺ պատգամավորներ, հյուրեր, վարդաձորցիներ։ Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը։ Հնչեց Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի նվիրյալների անմար հիշատակը։ Ապա ելույթ ունեցավ Ֆելիք Բեգլարյանը։ Նա վստահեցրեց, որ դժվարին ոչինչ չկա, եթե կա կամք ու համախմբվածություն։ Շուշիի ազատագրումից հետո՝ 1992թ. մայիսի 10-ին Վարդաձորը գերևարվեց։ Թշնամին կարողացել էր լայնածավալ հարձակում նախաձեռնելու հետևանքով գրավել գյուղը, սակայն լիիրավ իրեն տեր չկարողացավ զգալ։ 1992թ. սեպտեմբերին մեր տղաների ձեռնարկած փայլուն ռազմագործողության արդյունքում թշնամին բազմաթիվ դիակներ թողնելով գյուղում փախավ։ Սակայն երբեմնի շեն գյուղը մոխրակույտի էր վերածվել։ Պատերազմը վաղուց ետևում է մնացել, այժմ եկել է Վարդաձորը շենացնելու ժամանակը։ Ազատամարտի վետերաններն անսալով ծառացած բոլոր դժվարություններն այժմ զենքը փոխարինած բահով շարունակում են ծառայել հայրենիքին։ Նաև վստահեցնում են, որ հարկ եղած դեպքում կրկին առանց վարանելու զենք կվերցնեն՝ պատմական արդարությունը վերականգնելու համար։ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փառք ու պատիվ տալով զոհված ազատամարտիկներին և կարևորելով նրանց հիշատակը հավերժացնելու վարդաձորցիների հայրենանվեր նախաձեռնությունն՝ ասաց. -Ասկերանի հետ մեկտեղ Վարդաձորը և հարակից տարածքները յուրօրինակ դարպաս էին հանդիսանում դեպի Ստեփանակերտ տանող մայրուղու համար։ Արցախյան ազգային ազատագրական պայքարի տարիներին բոլորիս նպատակն էր այդ դարպասը ընդմիշտ փակ պահել մեր դարավոր թշնամու առաջ։ Եվ դա մեզ հաջողվեց միասնականության և համախմբվածության, Վարդաձորի և հարակից բնակավայրերի քաջ ազատամարտիկների նվիրվածության ու համառ ու անզիջում դիմադրության շնորհիվ։ Ելույթներ ունեցան ազատամարտի վետերաններ, զոհված ազատամարտիկների հարազատներ։ Նրանք իրենց խոսքերում շնորհակալություն ու երախտագիտություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր թեկուզ չնչին ներդրում են ունեցել իրենց հարազատների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կանգնեցման գործում։ Ճիշտ է տղաների կատարածն աննախադեպ սխրագործություն էր. նրանք արիաբար նայում էին մահվան աչքերին ու չէին սարսռում, քանզի Հայրենիքի սերն ու նախնիների արյան կանչն էր նրանց մեջ խոսում։ Նրանք գիտակցում էին, որ եկել է սեփական ուժերին ապավինելու պահը… - Մեծ է նման հուշարձանների հայրենասիրական դաստիարակության նշանակությունը։ Եվ պատահական չէ, որ բանակում առավել մեծ հաջողությունների են հասնում այն ժամկետային զինծառայողները, ովքեր դեռ մանուկ և պատանի տարիքից ստացել են ռազմահայրենասիրական դաստիրարակություն, սերտել հայոց պատմության հերոսական դրվագները, դասեր քաղել անցյալի մեր սխալներից։ Նման զինծառայողները հենց առաջին օրվանից գիտակցական վերաբերմունք են ցուցաբերում զինծառայության նկատմամբ,- ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Վարդան Բալայանը։ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Ֆելիքս Բեգլարյանին և զոհված ազատամարտիկի որդի Դավիթ Մարգարյանին։ Ասկերանի հոգևոր հովիվ Էմմանուել քահանա Վարդանյանը կատարեց հուշարձանի օծման արարողակարգ։ …Ծաղիկները լուռ խոնարհվեցին հերոսների հուշաքարերին։ -Տղաներից յուրաքանչյուրն իր անունը ոսկե տառերով գրեց հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ կանգնեցված հուշարձան-կոթողներն էլ ասվածիս վառ ապացույցը կլինեն դարեր շարունակ, իսկ ապրողներիս համար պատգամ ու կենսակերպ։ Գիտեմ, որ այն սփոփանք է զոհվածների հարազատների համար, ինչի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր թեկուզ չնչին ներդրում են ունեցել հուշարձանի կառուցման համար և օգնել, սատարել ինչով կարողացել են,- ասում է համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը։ Վարդաձորում հուշահամալիր կառուցելու առթիվ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ վարդաձորցիներ պարգևատրվեցին թանկարժեք նվերներով։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը հուշահամալիրի կառուցման աշխատանքներին ցուցաբերած աջակցության և բարեգործական գործունեություն ծավալելու համար համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանին, ռուսաստանաբնակ վարդաձորցի Վրեժ Սարգսյանին և համայնքի բնակիչ Վալերիկ Բեգլարյանին պարգևատրեց վարչա-կազմի պատվոգրերով։ Օրվա առթիվ Արցախի ազատամարտիկների միությունը մեդալներով, պատվոգրերով և թանկարժեք նվերներով է պարգևատրել մի խումբ վարդաձորցիների, իսկ զոհված ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերել։ Պարգևները հանձնեց Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը։ Երկրապահ Կամավորականների Միության ներկայացուցիչը ներկայացրեց գեներալ Մանվել Գրիգորյանի ուղերձը խորհրդանշական օրվա առթիվ, ինչպես նաև ԵԿՄ մեդալներ հանձնեց։ Վերջում դպրոցականները հանդես եկան հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների կատարումներով՝ ավագ սերնդի կատարած աննախադեպ սխրագործությունների գիտակցումով ու նրանց գործը շարունակելու պատրաստակամությամբ։ Ասում են պատմությունը կրկնվելու սովորություն ունի ու այն փաստում է իրականությունը, ասում են նաև՝ պատին դեմ տված կատուն վերածվում է վագրի։ Այդպիսին էին արցախյան ազատամարտի նվիրյալները, որոնց համար գիտակցված մահը նախընտրելի էր։ Ու եթե մեր սերունդը պատվով կատարեց իր առաքելությունը՝ պահպանելով Արցախ աշխարհի տարածքային ամբողջականությունը, ապա գալիք սերունդներն անելիքներ դեռ շատ ունեն… Մեզ են սպասում գերված Մասիսը, Անին ու Դվինը, կապուտաչյա Վանը… Սա էր ավագ սերնդի օրվա խորհուրդն ու պատգամը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|