ԱՊՐԵԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆԴԱԴԱՐ ԱՇԽԱՏԵԼ, ԼԻՆԵԼ ԱԶՆԻՎ, ԲԱՐԻ ՈՒ ԼԱՎԱՏԵՍ
26.01.2016 11:01

   Աշխարհին Լեռնային Ղարաբաղ-Արցախը հայտնի է նաև իր երկարակյաց բնակիչներով։ Այսօր մեր շրջապատում տեսնելով երկարակյաց մարդկանց սիրտդ բերկրանքով է լցվում։ Չէ որ ոչ բոլորին է տրվում  խոր ծերություն ապրել, տեսնել թոռների, ծոռների հաջողություններն ու ուրախանալ նրանցով։ Այո, մեր շրջապատում ապրում են այնպիսի մարդիկ, որոնց հաջողվել է շրջանցել ժամանակն ու ապրել յուրօրիանակ ձեւով£ Գաղտնիք չէ,  որ բոլորս էլ ուզում ենք ապրել անհոգ, առողջ եւ ընդմիշտ երջանիկ կյանքով։ Լինել ուժեղ եւ երիտասարդ մինչեւ խոր ծերություն։ Այս պահանջարկի ուղղությամբ աշխարհում տարեկան ահռելի գումարներ են ծախսվում։ Մինչդեռ հնարավո՞ր է արդյոք դա իրականություն դարձնել... Չէ որ յուրաքանչյուր երկարակյաց երկարակյացության իր գաղտնիքն ունի։

Արցախյան ազատամարտում հաղթանակած ասկերանցիներն ինչպես դպրոցական, այնպես էլ ազատամարտի տարիներին ճաշակել էին Ելենա տատիկի պատրաստած համեղ ճաշերը։ Նա ճաշեր պատրաստելուց զատ նաև ամեն անգամ աղոթում էր հայ զինվորի՝ արդարության մարտիկի համար։

Վերջերս լրացել էր Ելենա Ասրյանի ծննդյան 90-ամյակը։ Անկասկած երջանկություն է տարիքային այս երզրագիծը հատելը, առավել երջանկություն, երբ նույնիսկ այդ տարիքում կարողանում ես օգտակար լինել հարազատներիդ, ապրել նրանց հոգսերով ու շրջապատված լինել նրանց սիրով ու հարգանքով։ Չնայած պատկառելի տարիքին Ելենա տատիկն իրեն առույգ է զգում։ Ինքն է հոգում իր առօրյա հոգսերը՝ լվացք անում, ճաշ պատրաստում, աշխատում բանջարանոցում։

-Աշխատանքը կյանք է,- ասում է Ելենա տատիկը։

Չնայած վերջերս ինսուլտ էր տարել ու ձախ կողմը գրեթե չէր կարողանում շարժել, սակայն պարապ նստելը խորթ է նրա համար։

-Աշխատել՝ ինձ համար նշանակում է ապրել,- ասում է նա։

Ծնվել է 1925թ. նոյեմբերի 13-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում։ Չնայած վատ տարիներ էին, սակայն ունեցել է անհոգ մանկություն, ինչի համար նա միշտ երախտապարտ է եղել իր ծնողներին, ովքեր էլ եղել են կյանքի առաջին ուսուցիչներն ու մարդկային վեհագույն արժեքների՝ սիրո ու բարու սերմնացանները։

1945 թվականին ամուսնացել է Վերին Ղլիժբաղցի Խորեն Ասրյանի հետ և հայկական օրինակելի ու ավանդապաշտ ընտանիք կազմել։ 1948-ին ծնվել է առաջնեկը՝ Պալինան, ապա Անժելան ու Կարինեն։

-Ծանր ու դժվարին տարիներ էին, սակայն կարծես թե ոչ մի դժվարություն չէինք զգում։ Գիշեր-ցերեկ աշխատում էինք ու, զարմանալիորեն, հոգնածություն չէինք զգում։ Այսօրվա պես հիշում եմ Վերին Ղլիժբաղը, իմ հարևաններին։ Այնքա՜ն լավ ու համերաշխ հարևաններ էինք։ Այսօրվա պայմաններում երևի նման բան հնարավոր չլիներ։

Իսկ երբ ամուսինը Ստեփանակերտում սովորում էր հաշվապահական կուրսերում տան ամբողջ հոգսն ընկնում է Ելենա տատիկի վրա, ով անխոնջ տանում էր ընտանիքը կերակրելու ծանր լուծը։ Նա և՛ կոլտնտեսությունում էր հասցնում աշխատել, և՛ երեք անչափահաս երեխաների առօրյա հոգսերը հոգալ։

-Փա¯ռք Աստծո, այսօր խանութներում ինչ ասես, որ չկա։ Այն ժամանակ այդպես չէր, ու կարծես հոգսերն էլ շատ չէին, թեկուզ ջուրը բերովի էր, լվացք անելը ձեռքով, դրա հետ մեկտեղ էլ ինչ գյուղացի, եթե բակում ընտանի կենդանիներ չպահի։ Ժամանակն էլ հերիքում էր ամեն ինչի համար։ Միաժամանակ և խոհարարությամբ էի զբաղվում, և՛ կար ու ձևով։ Կինը պետք է կարողանա ամեն աշխատանք կատարել։ Չէ որ ամուր ընտանիքի հենասյունը կինն է, ով միշտ պետք է իր բարձության վրա գտնվի,- ասում է զրուցակիցս։

Երբ ամուսինն ավարտում է հաշվապահական կուրսերը՝ Խնապատի կոլտնտեսությունում աշխատանքի է անցնում որպես հաշվապահ, որտեղից տեղափոխվում է Նորագյուղի ՙՀաղթանակ՚ կոլտնտեսությունը և մարզի առաջատար կոլտնտեսություններից մեկում երկար տարիներ աշխատում որպես հաշվապահ։  Ընտանիքն էլ տեղափոխում է Նորագյուղ, որտեղ էլ հասակ են առնում երեք դստրերը։

1961 թվականին տեղափոխվում են Ասկերան և մշտական բնակություն հաստատում այստեղ, իսկ ամուսինը շարունակում է աշխատել Նորագյուղի կոլտնտեսությունում։

-Ասկերան տեղափոխվելուց հետո օրերից մի օր Ասկերանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Ղուլյանը գալիս է մեր տուն և դպրոցում որպես խոհարար աշխատելու առաջարկ անում ու ժպիտը երեսին հավելում, որ մերժում չի ընդունում։ Այդպես էլ սկսում եմ աշխատել դպրոցում մինչև Արցախյան շարժումը,- ասում է Ելենա տատիկը։

Իսկ ազատամարտի տարիներին ասկերանցի մի խումբ կանանց նման Ելենա տատիկը նույնպես իր խոհարարական հմտություններն ի սպաս դրեց հայրենիքին՝ Ասկերանի նյութական մատակարարման վաշտում։

Ելենա տատիկի ճաշերը համտեսած աշակերտներն այսօր կփաստեն իմ խոսքերը, որ յուրօրինակ համ ու հոտ ունեին դրանք։ Եվ իզուր չէ, որ շատ ծնողներ հանդիպելով Ելենա տատիկին խոհարարական գաղտնիքներն էին ուզում իմանալ նրանց։ Ի պատասխան լսում էին, որ յուրաքանչյուր գործ պետք է կատարել սիրով ու նվիրում և սիրտ ու հոգի դնել դրա մեջ։

-Ամուսնուս վաղաժամ մահը շատ վշտացրեց մեզ, սակայն ես ուժ գտա իմ մեջ ապագայի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու ու ամբողջ հոգով ու սրտով զավակներիս նվիրվելու։  Ես երախտապարտ եմ իմ ճակատագրին, որ կյանքում հանդիպել եմ իմ ամուսնուն և երեք խելացի ու հոգատար զավակների մայր եմ։

Ելենա տատիկը սրտի մորմոքով է խոսում միջնեկ աղջկա՝ Անժելայի մասին, ով ծանր հիվանդության պատճառով  վաղաժամ մահացավ։ Դա 1990 թվականին էր… Դստեր մահվան բոթը խելահեղության աստիճանի ծանր հետք թողեց տողերիս հերոսի վրա։ Նա ողջ ուժերն ու կարողություններն ուղղեց հայրենիքին՝ խեղդելով իր մեջ ցավն ու մորմոքը։ Ելենա տատիկը սիրով ու հոգատարությամբ նվիրվեց իր դժվարին, սակայն պատվաբեր գործին։ Գոհ էին նրանից վաշտի տղաները, որոնց հմուտ խոհարարուհին մայրական հոգատարությամբ էր պատում։

-Մտածում էի՝ ես արու զավակ չունեմ, ուստի իմ ընտանիքից ես պիտի որոշակի ներդրում ունենամ պատերազմական դաժան փորձությունների ենթարկված հայրենիքիս պաշտպանության գործում,- ասում է Ելենա տատիկը։ - Այդ աշխատանքն էլ օգնեց ինձ գոյատևել, խեղդել կորստյան ծանր վիշտը…

7 թոռ և 13 ծոռ ունի Ելենա տատիկը, ինչի համար փառք է տալիս երկնային տիրոջը։ Նա միշտ պատված է հարազատների ջերմությամբ ու հոգատարությամբ։ Ծննդյան 90-ամյա հոբելյանի առաջին շնորհավորողներից էր ծոռըª Անժելան, ում մայրըª Անահիտն անվանակոչել էր կյանքից վաղաժամ հեռացած  մորաքրոջ անունով£ Նա ծաղիկների գեղեցիկ փունջ էր բերել սիրելի տատիկին£

-Միշտ աշխատել եմ, որ երեխաներս ոչնչի կարիք չզգան։ Նույն հոգեբանությամբ էլ դաստիարակել եմ զավակներիս։ Իսկական տանտիրուհին պետք է ամեն ինչից տեղյակ լինի, մշակույթից՝ նամանավանդ։ Յուրաքանչյուր հայուհի պետք է հայկական ավանդական ճաշատեսակներ պատրաստել իմանա և այն փոխանցի սերունդներին։

- Տատիկս երեք դստրերի համար էլ դաշնամուր էր գնել, ինչն էլ կարծում եմ ճակատագրական է եղել բոլոր առաջնեկ թոռների համար, ովքեր ավարտել են երաժշտական ուսումնարաններ և այսօր իրենց հանապազօրյա հացը վաստակում են մատաղ սերնդի մոտ երաժշտական ունակություններ ու հմտություններ ներարկելով ու դաստիարակելով, - ասում է տողերիս հերոսի ավագ թոռնուհի Անահիտը, ով ՙԱսկերանի արվեստի դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենն ու Ասկերանի երաժշտական դպրոցի հիմնադիրներից մեկն է։- Ավագ թոռան իրավունքով այսօր ես բոլոր    թոռների ու ծոռների անունից մեր անչափ սիրո ու հարգանքի խոսքերն եմ հղում մեր տատիկին։ Նրանից մենք շատ լավ բաներ ենք սովորել ու դեռ սովորում ենք, որոնք էլ մեր զավակներին ենք փոխանցելու, - ասում է Անահիտն ու ծաղիկների գեղեցիկ փունջը նվիրում տատիկին, հետն էլ կարոտագին համբուրներով պատում նրա խորշոմած դեմքը։

-Ես երախտապարտ եմ իմ ճակատագրին, որ նման հոգատար զավակներ ու հետնորդներ ունեմ։ Շատ կցանկանայի, որ յուրաքանչյուր մարդ հասնելով իմ տարիքին, ինչն իսկապես Աստծո պարգև է, ինձ նման սիրով ու հարգանքով լինի շրջապատված,- ասում է Ելենա տատիկը հավելելով՝ ես լավ օրեր շատ եմ տեսել, ինչն էլ ցանկանում մեր հայ երիտասարդներին։ Իսկ Արցախ աշխարհին՝ խաղաղություն եմ մաղթում, որպեսզի էլ ոչ մի մայր չսգա իր զավակի կորուստը։ Թող բոլորն էլ հասնեն իմ տարիքին ու ինձ նման վայելեն իրենց սիրելիների սերը, հարգանքն ու հոգատարությունը։

Գրեթե երկու ժամ տևած զրույցի ընթացքում երկու պատերազմների արհավիրքներն ու դժվարությունները հաղթահարած լավատես այս կնոջ մոտ  տրտջանքի ու դժգոհության նշույլ անգամ չնկատեցի։ Ելենա տատիկի հորդորն է երբեք չհուսալքվել, չկորցնել լավատեսությունն ու միշտ լինել գործին նվիրված, աշխատելª առանց որևէ գնահատանքի արժանալու ակնկալիքի։ Ժամանակն է լավագույն դեղամիջոցն ու ամենաարդար դատավորը, որը երբեք չի սխալվում։

Բազմաթիվ լավ ու վատ իրադարձություններ են տեղի ունեցել Արցախի կյանքում 90 տարվա ընթացքում, բազմաթիվ անգամներ փոթորիկներ են բարձրացել ու արևներ մարել։ Սակայն այսօր լավը հիշելու ու լավն ընդօրինակելու ևս մեկ հրաշալի առիթ է՝ հարգենք մեր նախնիներին քանի մեր կողքին են, որպեսզի վաղն ափսոսանքի ու զղջումի զգացումներ չունենանք չասված խոսքերի, չցուցաբերած լավ արարքի ու վերաբերմունքի համար։

Շնորհավոր 90- ամյակդ սիրելի՛ հոբելյար, ցանկանում ենք նույն լավատեսությամբ ու ամուր առողջությամբ քո հարկի տակ հավաքես քո սիրելիներին ծննդյանդ 100-ամյակին։

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter