ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ
26.01.2016 11:07

   2015 թվականն Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերի համար խոստումնալից տարի էր£ Որոշ համայնքներում շահագործման հանձնվեցին համայնքային կենտրոններ, մյուսներում անցկացվեցին և նորացվեցին խմելու ջրի ցանցերը, մեկ այլ համայնքում լուծվեց մանկապարտեզի առկայության խնդիրը։ Նմանատիպ ռազմավարական նշանակության օբյեկտների շինարարության աշխատանքներ շրջանում դեռևս ընթացքի մեջ են։ Այս բոլոր ծրագրերն իրականացվում են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության փոխհամագործակցության շնորհիվ։ Համայնքային կենտրոնների առկայությամբ համայնքներում լուծվեցին  համայնքապետարանի, մշակույթի տան, բուժկետի և հանդիսությունների սրահի խնդիրները։ Համայնքային կենտրոնները հիմնականում կահավորված են, սակայն հանդիսությունների

սրահում սպասքի պարագաներն իսպառ բացակայում էին։ Համայնքներն ի վիճակ չեն սեփական միջոցներով սպասքի պարագաներ ձեռք բերել, հույսը դարձյալ մնում էր բարերարների վրա։

Դեկտեմբերի 17-ին Պատարայում տոնական տրամադրությունն էր թևածում։ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ Պատարայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդական Արտակ Բալայանը։ Պատարեցիները մեծ խանդավառությամբ ընդունեցին հյուրերին նորակառույց համայնքային կենտրոնի բակում։ Կառավարության ներկայացուցիչների հետ համայնքի բնակիչները կիսվեցին իրենց մտահոգություններով, նաև երկուստեք բարեմաղթանքի խոսքեր հնչեցին։ Թերևս  ամեն մեկի մեծագույն ցանկությունն այն էր, որ սահմաններում հարատև խաղաղություն հաստատվի։ Միայն թե խաղաղություն լինի, մնացյալ հարցերն անպայման լուծումներ կգտնեն, սա յուրաքանչյուր պատարեցու համոզմունքն էր։ Մանավանդ, որ վերջերս գյուղական համայնքներն առավել հաճախ են ընդգրկվում բարեգործական ծրագրերի մեջ։

Արտակ Բալայանը մեծ առաքելությամբ էր ժամանել Պատարա։ Նա հանդիսավոր պայմաններում նորակառույց հանդիսությունների սրահին 150 հոգու համար նախատեսված սպասքի պարագաներ հանձնեց՝ մաղթելով, որ դրանք օգտագործվեն միայն ուրախալի առիթներով։ Համայնքի բնակիչների խանդավառությանը չափ չկար, յուրաքանչյուր պատարեցի երախտագիտությամբ էր լցված համայնքի նոր բարեկամի ու բարերարի հանդեպ։ Պատարայի համայնքի ղեկավար Կարեն Արզումանյանն արցախյան ազատամարտի թոհ ու բոհով անցել ու այժմ հարազատ համայնքի զարգացման ու բարգավաճման համար ջանք ու եռանդ չի խնայում։ Համայնքի բնակիչների անունից նա երախտագիտություն ու շնորհակալություն հայտնեց գյուղի բոլոր բարերարներին՝ հավելելով, որ նման միջոցառումները նրան թևեր են տալիս նույնիսկ անհնարինը հնարավոր դարձնելու համար։

Տեղին եմ համարում նշել, որ ընթացիկ տարում Արտակ Բալայանը նաև Խանցքի համայնքի հանդիսությունների սրահին էր 150 հոգու համար նախատեսված սպասքի պարագաներ տրամադրել։ Ծավալված երկուստեք անկեղծ ու անմիջական զրույցի ժամանակ Արտակ Բալայանը խոստացավ, որ հերթական համայնքը, որտեղ նա նմանատիպ բարեգործությամբ հանդես կգա Աստղաշենն է լինելու։ Պատարայի և Խանցքի համայնքների ավագանու որոշմամբ Արտակ Բալայանն արժանացավ երկու համայնքների պատվավոր քաղաքացու կոչմանը։ Նույն օրն էլ համայնքների ղեկավարները հանդիսավոր պայմաններում պատվավոր քաղաքացու վկայականները հանձնեցին իրենց բարերարին։

Անկասկած մեծ երջանկություն է, երբ մարդ կարողանում է անանձնական կյանքով ապրել, ապրել գեղեցիկ ու այնպես, որ հայրենիքը թեթևություն զգա նրա գոյությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ







































































































 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter