ԿԱՅԱՑԱՎ ՇՐՋԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ |
26.01.2016 11:10 |
Դեկտեմբերի 22-ին կայացավ ԼՂՀ Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության երրորդ համաժողովը: Ներկա էին ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, սկզբնական արհկազմակերպությունների նախագահներ: Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հաշվետու ժամանակահատվածում կյանքից հեռացած արհմիության անդամների և ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների հիշատակը: Հաշվետուª 2011-2015թթ. ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ Ասկերանի շրջանի արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանը: Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միությունը հաշվետու ժամանակահատվածում իրականացնելով իր կողմից մշակված պլան-միջոցառումները` ՙԼՂՀ արհմիությունների մասին՚ ԼՂՀ օրենքների պահանջներին համահունչ, զգալի աշխատանքներ է կատարել` բարելավելու գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորումը: Հաշվետու ժամանակահատվածում, համաձայն աշխատանքային պլանի, հրավիրվել են շրջանային միության խորհրդի 37 նիստ, որտեղ քննարկվել 154 հարց` ներմիութենական աշխատանքների կատարելագործման, արհմիութենական ակտիվի խրախուսման, սկզբնական կազմակերպություններին աջակցելու, գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման, արհմիության անդամների սոցիալական խնդիրերի, բուժումն ու հանգիստը կազմակերպելու, հոբելյարներին հուշանվերներով պարգեւատրելու, ամանորի, կանանց միամսյակի, աշխատավորների միջազգային օրվան, մայիսյան եռատոնին, հանրապետության անկախությանը նվիրված միջոցառումների ու ծրագրերի իրականացման, ԼՂՀ արհմիության ֆեդերացիայից ստացված որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքի եւ այլ արդիական հարցերի վերաբերյալ: 2011-2015թթ. համաձայն ԼՂՀ ԱՖ կողմից մշակված գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արհեստակցական կազմակերպությունների իրականացվելիք իրավական միջոցառումների պլանի, կատարվել է 916 ստուգայց: Մուտքագրվել է 97 մլն 316 հազար դրամ, որից 84 մլն 550 հազար դրամը` անդամավճար, 12 մլն 766 հազար դրամը ` այլ եկամուտներ: Ընդհանուր եկամուտը մնացորդով կազմել է 98 մլն 985 հազար դրամ: Տարբեր բնույթի կուլտ-մասսայական միջոցառումների համար ծախսվել է 33 մլն 311 հազար դրամ: Ձեռք են բերվել 1 մլն 903 հազար դրամի գույք եւ գրքեր ու տրամադրվել սկզբնական կազմակերպություններին, իսկ բոլոր պետական մանկապարտեզներին` նվիրվել մանկական խաղալիքներ: 2011-2015թթ. ընթացքում սկզբնական կազմակերպությունների եւ միության որոշումների համաձայն` արհմիության կարիքավոր անդամներին 6 մլն 680 հազար դրամ նյութական օգնություն է ցուցաբերվել: Օգնություն է ցուցաբերվել նաեւ սիրիահայ փախստականներին: 2011-2015թթ. շրջանի արհմիություն մուտք է գործել 629 դիմում-բողոք, որոնք վերաբերում էին աշխատանքային վեճերի, աշխատանքային անվտանգ պայմանների բարելավման, սոցիալական վիճակի բարելավման, առողջարանային բուժման եւ կոլեկտիվների հանգստի կազմակերպման եւ այլ խնդիրների մասին, որոնք սահմանված ժամկետներում քննարկվել, եւ դիմումատուներին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչը դարձել է մեր աշխատանքի ամենօրյա բաղադրիչը, որի արդյունքում էլ ավելի է ամրապնդվել ու ամրապնդվում արհմիության անդամների վստահությունը` համոզված լինելով, որ ոչ մի դիմում անպատասխան չի մնում: Մեր կողմից հատուկ ուշադրություն է դարձվել գործատու-աշխատող հարաբերություններին, որի ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու նպատակով ներկայացվել է 17 միջնորդություն, 3 միջնորդագիր, 2 հայց է ներկայացվել դատարան, 2 վերաքննիչ բողոք է բերվել, տրվել է 1972 իրավաբանական խորհրդատվություն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերականգնվել են արհմիության ավելի քան 40 անդամների խախտված աշխատանքային իրավունքները: 2011թ. հունվարի 1-ի դրությամբ շրջանում գործում էին 88 սկզբնական արհեստակցական կազմակերպություններ` 2435 անդամների ընդգըրկմամբ, ինչը կազմում էր շրջանի 3037 աշխատողների ընդհանուր թվի 80 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում մեր կողմից աշխատանքներ են տարվել արհմիության նոր անդամների եւ կոլեկտիվների ընդգրկման գործում, որի արդյունքում շրջանի արհմիության շարքերը համալրվել են ինչպես արհմիության անդամներով, այնպես էլ նոր սկզբնական արհեստակցական կազմակերպություններով: 2012-2015 թվականներին սկզբնական արհեստակցական կազմակերպություններում անց են կացվել հաշվետու-ընտրական ժողովներ, որոնք ընթացել են մեր անմիջական մասնակցությամբ: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ունեինք 99 սկզբնական կազմակերպություններ` 2500 արհմիության անդամներով: Այսօրվա դրությամբ ունենք 100 սկզբնական արհկազմակերպություն, որում ընդգրկված են 120 հիմնարկ-ձեռնարկություններ` 2300 անդամներով, որը կազմում է շրջանի 2393 աշխատողների ընդհանուր թվի 97 տոկոսը, այդ թվում` կանայք`1359, տղամարդիկ` 1034: 2012թ. սկզբնական կազմակերպություններում անցկացված հաշվետու-ընտրական ժողովներից հետո Նորագյուղի միջնակարգ դպրոցի արհկազմակերպության նախագահ Մարուսյա Գրիգորյանը եւ Այգեստան համայնքի արհկազմակերպության նախագահ Գյուլչորա Գրիգորյանը նվիրված աշխատանքի համար պարգեւատրվել են ԼՂՀ Արհմիությունների ֆեդերացիայի պատվոգրով, իսկ միության խորհրդի անդամ Շահեն Աղաբաբյանը` ֆեդերացիայի մեդալով: Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միությունը ուշադրության կենտրոնում է պահել հանրապետությունում տոն օրերին կազմակերպվող միջոցառումները: Նման միջոցառումներին զուգընթաց մեր կողմից կազմակերպվել են միջոցառումներ` նվիրված կանանց միջազգային, Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման օրերին, ուսուցիչների եւ գրադարանավարների մասնագիտական տոներին, իսկ աշխատավորների համերաշխության եւ երեխաների պաշտպանության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հրավիրվել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի կոլեկտիվը, որը հանդես է եկել թատերական ներկայացումներով: Միությունը հաշվետու ժամանակաշրջանում համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ ինչպես հանրապետության, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի հետ միասին ՀՀ Շիրակի մարզ եւ Ասկերանի շրջան փոխհամագործակցության շրջանակներում երկու անգամ Գյումրիում հանդիպել ենք Շիրակի մարզի ղեկավարության եւ աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ, որտեղ ներկայացվել է մեր փորձը` արհմիութենական աշխատանքների կատարման ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվել ավելի սերտացնելու բանակ-հասարակություն փոխհարաբերությունները, եւ շրջանի ղեկավարության ու Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման հետ միասին հաճախակի ենք լինում դիրքերում՝ ոգեւորում զինվորներին: Բանակ-հասարակություն, դպրոց-համայնք, Ասկերանի շրջան-Շիրակի մարզ համագործակցություն շրջանային միջոցառումներն իրականացվել են շրջվարչակազմի հետ սերտ համագործակցությամբ: Շրջանային միությունն անմասն չի մնացել շրջանում կազմակերպված ՙՄեկ օր` հանուն հայրենիքի՚ ակցիային եւ այդ նպատակով 522.000 դրամ է հատկացվել: Մեր ամենօրյա աշխատանքների ընթացքում ձգտել ենք գործել այնպես, որ բարձրացնենք սկզբնական արհեստակցական կազմակերպությունների դերը, այն առումով, որ նրանք կարողանան պատշաճ ներկայացնել, իսկ առանձին դեպքերում նաեւ պաշտպանել արհմիության անդամների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական եւ այլ շահերն ու իրավունքները գործատուի եւ երրորդ անձի մոտ: Միության կողմից կատարված աշխա-տանքներն արժանվույնս գնահատվել են ԼՂՀ ԱՖ-ի կողմից, եւ միության նախագահը պարգեւատրվել է ԼՂՀ վարչապետի մեդալով: Գ. Գաբրիելյանի հաշվետվությունից հետո ներկաները դիտեցին նաև տեսաֆիլմ, որը նույնպես մի յուրովի հաշվետվություն էր: Նկարների միջոցով այն իր մեջ ներառում էր տարիների մեծ աշխատանքը: Փաստերը ցույց էին տալիս արհմիության նախագահի այցելությունները բոլոր սկզբնական կազմակերպությունները, նրա պատասխանատու աշխատանքը: Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանն իր ելույթում փաստեց. -Լսելով հաշվետվությունը` մեզ համար ամեն ինչ պարզ դարձավ: Կատարվել են ահագին աշխատանքներ, որոնց կարելի է տալ միայն գերազանց գնահատական: Ասկերանի արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանի հմտություններին, պատասխանատվությանն ու իր գործին անմնացորդ նվիրումին ծանոթ եմ դեռևս Արցախյան պատերազմի տարիներից: Տակավին երտասարդ լինելով` նա կարողանում էր բուժքրոջ իր պարտականությունները կատարել բարձր մակարդակով, սիրտ ու հոգի էր տալիս յուրաքանչյուր մարտիկի: Ակնհայտ է, որ մարդկային իր բարձր հատկանիշները նա դրսևորում է նաև այս բնագավառում` սատարելով ու պաշտպանելով յուրաքանչյուր աշխատողի շահերը: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս գալիք տոների առթիվ և Արցախ աշխարհին մաղթել խաղաղ և հանգիստ կյանք: Սարդարաշենի միջնակարգ դպրոցի սկզբնական արհմիության նախագահ Նաիրա Գրիգորյանի խոսքը լի էր երախտագիտությամբ. -Ինչ խոսք, ներկայացված հաշվետվությունն ու տեսաֆիլմն իրենց մեջ բազմաբնույթ աշխատանք են պարունակում: Բոլորս էլ ականատես ենք, թե ինչպիսի պահանջկոտությամբ ու նվիրումով է արհմիության նախագահը կատարում իր աշխատանքները` բոլորի հանդեպ դրսևորելով անկողմնակալ վերաբերմունք: Նրա գործունեությունն արժանի է միայն գովասանքի: Շրջանային արհմիության խորհրդի անդամ Շահեն Աղաբաբյանը նշեց. - Գայանե Գաբրիելյանն իր գործունեության առաջին իսկ օրերից աչքի է ընկել պատասխանատվությամբ ու սկզբունքային բնավորությամբ: Ցանկանում եմ շեշտել, որ սկզբնական կազմակերպությունների աշխատանքներից է կախված մեր ընդհանուր աշխատանքը: Համոզված եմ, որ այդ կապն այսուհետ ևս կլինի ամուր, իսկ տեղերում բարձրացված խնդիրները կներկայացվեն խորհրդին ու նախագահին: Մենք պետք է հաստատ իմանանք, որ այս կազմակերպությունը կանգնած է մեզանից յուրաքանչյուրի թիկունքում: Լսեցինք հաշվետվությունը և տեսանք արժեքավոր տեսաֆիլմը, որը պատրաստել է ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը: Իրոք, արհմիության գործունեությունն արժանի է գերազանց գնահատականի: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը կարևորեց Արհմիությունների գործունեությունը, միաժամանակ շեշտեց, որ շրջվարչակազմի և շրջանային կազմակերպության մեջ ստեղծված է հաստատուն կապ: Արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանի նվիրական աշխատանքի շնորհիվ շրջանում կազմակերպությունն ամուր է, իսկ անդամները` միասնական: Ակնհայտ են զգալի փոփոխություններ, որոնք ողջունելի են: ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանն իր գոհունակությունը հայտնեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. -Այսօրվա համաժողովը կազմակերպվել է բարձր մակարդակով: Աշխատանքն այսքան գերազանց չէր լինի, եթե բոլորս չօգնեինք ու չհամագործակցեինք: Հարկ է շեշտել, որ անգնահատելի է շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի աջակցությունը և անհերքելի է, որ նրա ղեկավարության ժամանակ ավելի մեծ թափ է ստացել արհմիության գործունեությունը: Բարձրացվել է արհմիության համբավը և աշխատողների վստահությունը կազմակերպության հանդեպ: Հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքները գնահատվեցին գերազանց: Համաժողովի կողմից ընտրվեցին խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամներ, իսկ շրջանային արհմիության նախագահ վերընտրվեց Գայանե Գաբրիելյանը: Սկզբնական կազմակերպությունների մի շարք նախագահներ արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների: Արդարև, Ասկերանի շրջանային արհմիության կատարած աշխատանքներին քաջատեղյակ ենք շատերս: Այն, ինչ արվում է կազմակերպության կողմից, արվում է հասարակ աշխատավորի, մանուկի և զինվորի համար… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |