ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ |
26.01.2016 12:16 |
Տասնամյակներ շարունակ մարդկությանը հուզող հարցերից ամենագլխավորն ու մտահոգողը կյանքի տևողության երկարաձգումն է, գուցե նաև անմահության գաղտնիքի բացահայտումը։ Սակայն, ըստ իս, երկարակեցությունը Աստծո պարգև է, որը տրվում է ի վերուստ։ Ու ոչ մի գնով այն չի կարելի ձեռք բերել։ 2016 թվականի տարեմուտն Ասկերան քաղաքի ամենաերկարակյաց բնակչուհի Զմրուխտ տատիկի համար նշանավորվեց նրա ծննդյան 100 ամյակով։ Հոբելյարի պատվին Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պետական պաշտոնյաներ, ասկերանցիներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեց։ Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմմանուել քահանա Վարդանյանն աղոթքներ հղեց երկնային տիրոջը՝ գոհունակության խոսքեր ասելով ու նաև Զմուխտ տատիկի առողջության համար աղոթելով։ 100 ամյա տատիկը չնայած ապրած դժվարին ու վերուվայրումներով լի կյանքին սովոր չէ տրտնջալու, բողոքելու։ Նա գոհ է ամենքից ու ամեն ինչից։ Իսկ պետական մակարդակով հոբելյան նշելու մասին անգամ չէր երազում։ Նա անչափ գոհ ու երախտապարտ է այն հարազատներին, ովքեր ուշադրության կենտրոնում են պահում նրա առօրյա հոգսերը։ Ու նաև բոլոր այն մարդականց, ովքեր մտահոգված են մերձավորին օգնելու, սատարելու հարցում։ Շնորհավորելով հոբելյարին՝ մեր երկրի նախագահն ասաց, որ հետայսու Զմրուխտ տատիկի ծննդյան հոբելյանական ամյակներին միշտ ներկա է գտնվելու, և ինչպես այսօր՝ առաջին շնորհավորողներից մեկն է լինելու։ Բակո Սահակյանը նաև կարևորելով ղարաբաղցու երկարակեցությունը, խոստացավ, որ այսուհետ ևս ուշադրության կենտրոնում է պահելու տարեց բնակիչների սոցիալական խնդիրներն ու անելու է հնարավորը նրանց հոգսերը թեթևացնելու համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձնաց, որոնց շնորհիվ Զմրուխտ մայրիկի սոցիալ-կենցաղային պայմանները որոշ չափով թեթևացել են։ Զմրուխտ տատիկը, ով բազմել էր եկեղեցու գահին, անչափ երջանիկ էր զգում, քանզի շրջապատված էր մտերիմներով ու բարի կամեցողներով։ Եկեղեցին նրա համար հարազատ մի օջախ է։ Ամեն Աստծո կիրակի նա եկեղեցի է հաճախում և մասնակցում պատարագներին, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին ու նրա քայլելու կարողություններին։ Պարգև սրբազանը շնորհավորելով Զմրուխտ Գևորգյանին՝ հավելեց, որ ամեն տարի հունվարի 8-ին շտապելու է Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցի՝ շնորհավորելու նրան ծննդյան հերթական տարելիցի կապակցությամբ։ Գոհանալ ունեցածով ու ավելի շատ փառք տալ Աստծուն, քան նրանից որևէ բան խնդրել, չնախանձվել հարևանի ունեցածով, լինել բարի, աշխատասեր՝ պատգամում է Զմրուխտ տատիկը։ Ինչպես նաև աղոթում բոլոր երիտասարդների բարեկեցության ու Արցախ աշխարհի խաղաղության համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |