ԼՐԱՑԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ԲԱՐԵՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 64-ԱՄՅԱԿԸ
26.01.2016 18:15

   Հունվարի 20-ին Ասկերանում նշվեց Ասկերանի պատվավոր քաղաքացի, ասկերանցիների լավագույն բարեկամ, բարերար Սամվել Գաբրիելյանի ծննդյան 64 ամյակը։ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի բաժնների վարիչներն ու Ասկերանի քաղաքապետարանի աշխատակազմը շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ հավաքել էին Սամվել Գաբրիելյանի կանգնեցրած հուշարձան խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա անմար հիշատակին։ Սամվել Գաբրիելյան – հոգատար հայրենակցի ու մեծագույն հայրենասերի մասին հիշատակի խոսք ասաց Սլավիկ Առուշանյանը։ Նա հպարտությամբ նշեց, որ մեծ բարերարի տղաները պարտքի մեծ գիտակցումով են շարունակում իրենց սիրելի հոր կիսատ թողած ծրագրերը և հաստատուն են պահում կապը հարազատ քաղաքի՝ Ասկերանի հետ։

-Այսօր յուրաքանչյուրիս համար դեռևս դժվար է հավատալ, որ ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ այլևս մեզ հետ չէ: Նա այն հազվագյուտ մարդկանցից մեկն էր, ով մշտապես ապրում էր ծննդավայրի հոգսերով: Արցախյան հերոսամարտի տարիներին Սամվել Գաբրիելյանը նվիրյալ կամավորագիր էր: Ազատամարտի ամենածանր ժամանակաշրջանում նա կազմակերպեց կռվող տղաների ընտանիքների ապահով կեցությունը մայր Հայաստանում, բացի այդ` տարաբնույթ նվիրատվություններ էր կատարում ասկերանցիներին, որի կարիքն այն օրերին խիստ զգացվում էր: Ազատամարտից հետո նա փաստացի դարձել էր կիսով չափ ասկերանցի, թեպետ պատասխանատու պաշտոններ էր զբաղեցնում Երևանում: Շրջկենտրոնում իրականացվող բոլոր բարեշինական ծրագրերին մասնակցում էր ուժերի ներածին չափով, և պատահական չէ, որ Ասկերանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ Սամվել Գաբրիելյանն արժանացավ պատվավոր քաղաքացու կոչման:


Այնուհետև ելույթ ունեցավ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը։ Նա նույնպես խոսեց Սամվել Գաբրիելյանի կատարած անթիվ բարեգործությունների մասին, ինչպես նաև ուրախությամբ նշեց, որ մեծ բարերարի ու հայրենասերի զավակները շարունակում են հաստատուն պահել կապը Ասկերանի հետ և հարկ եղած ժամանակ օգնության  ձեռք մեկնում։ Ս. Աղաջանյանը հավաստիացրեց, որ միշտ վառ կպահեն Սամվել Գաբրիելյանի անունն ու հիշատակը։

Թերևս, հնարավոր չէ թվարկել այն բոլոր բարեգործական նախաձեռնությունները, որոնք կյանքի են կոչվել Սամվել Գաբրիելյանի անմիջական մասնակցութայմբ: Դրանք ուղղված են եղել ինչպես Ասկերանի քաղաքային համայնքի խնդիրների, այնպես էլ անհատ անձանց սոցիալական խնդիրների լուծմանը: Ինքը երբեք չի սիրել ականջալուր անել իր ձեռնարկումները, գտնելով, որ ընդամենը որդիական պարտք է կատարում հայրենի բնօրրանի ու նրա ժողովրդի հանդեպ: Եվ այդ համեստ, մշտապես բարեժպիտ մարդուն անկեղծորեն սիրել են բոլորը` մեծ, թե փոքր: Ու եթե Սամվել Գաբրիելյանն Ասկերանում էր, ուրեմն կրկին հերթական բարեգործական ծրագիրը կյանքի կոչելու համար։ Վերջին բարեգործությունը, որն իրականացվեց մեծ բարերարի միջոցներով հարազատ Ղլիժբաղում մանկական խաղահրապարակի կառուցումն էր, որտեղ այժմ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում տասնյակ երեխաներ։ Նրանք միշտ հիշում են իրենց շատ սիրելի Սամվել պապիկին, ով նրանց անհոգ մանկություն պարգևելու համար անում էր ամեն ինչ։ Նա թերևս երիտասարդության տարիներին սերտեց կյանքի դասերը՝ քաջ գիտակցելով, որ այս դժվարին ու անցողիկ կյանքում ամեն ինչ ժամանակավոր է , մինչդեռ բարի անունն ու բարի գործն՝ անմահ։ Ու ապրում էր բարիք գործելու, ուժերը ներածին չափով ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Ու նա հաճույք և հոգեկան բավարարվածություն էր զգում, երբ օգնում է՝ իրենից կտրելով։ Քանզի դա է իրական օգնությունը, բարեգործությունը։

Այո, այդպիսին էր բոլորիս կողմից սիրված ու հարգված Սամվել Գաբրիելյանը, ով լույս տալով սպառվեց՝ լուսավորելով բազում կյանքեր, մեր սրտերում թողնելով խորն ու անամոք վիշտ ու կսկիծ, անդառնալի կորստի անհուն ցավ։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցրեցին հուշարձան – խաչքարին։

Այո՛, ոչինչ հավերժ չէ այս կյանքում, սակայն հավերժ է այն բարի անունը, որը մարդը թողնում է երկրային կյանքի ժամանակ՝ դրանով իսկ անմահանում։ Սամվել Գաբրիլեյանի հիշատակը հավերժ է, անունն՝ անմահ…

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ









































 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter