ՀԱՄԱՏԵՂ ՇՐՋԱՅՑ |
04.02.2016 09:20 |
Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ԼՂՀ կառավարության 2016թ. անդրանիկ նիստը։ Այն վարում էր ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Նիստում հաստատվել են ԼՂՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, որոնք բխում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժշտությունից, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից: Տարվա կտրվածքով նախատեսված է իրականացնել տարբեր ոլորտներին առնչվող 96 միջոցառում: Երկրի Նախագահը անդրադարձավ նաեւ պարենամթերքի առեւտրով զբաղվող սուբյեկտների եւ ներհանրապետական ճանապարհների մերձակա տարածքների սանիտարական վիճակին։ Տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։ Նույն օրվա երկրորդ կեսին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը վարչակազմի աշխատակազմի ՔՎՃ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանի,§Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի, ԼՂՀ ԱՆ ՊՀՀՏ §ՀՀԿ¦ ՊՈԱԿ Ասկերանի շրջբաժնի պետ Իրադա Խաչատրյանի մասնակցությամբ հրավիրեց խորհրդակցություն՝ ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականի, որը վերաբերում է հանրապետության տարածքում առևտրի և հանրային սննդի ոլորտներում իրականացվող գործունեությունների կարգավորմանը՝ ԼՂՀ Առևտրի և ծառայությունների մասին օրենքին համապատասխան, ինչպես նաև մայրուղիների շրջակայքի մաքրությանը։ Խորհրդակցության հաջորդ օրը Ասկերան քաղաքում իրականացվեց հատուկ շրջայց՝ §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի, տեղակալ Հայկ Շամիրյանի, ԼՂՀ ԱՆ ՊՀՀՏ §ՀՀԿ¦ ՊՈԱԿ Ասկերանի շրջբաժնի պետ Իրադա Խաչատրյանի, սանբժիշկ Համլետ Աղաբալյանի և սանբժշկի օգնական Անահիտ Մովսեսյանի մասնակցությամբ։ Շրջայցի նպատակը պարենամթերքի առեւտրով զբաղվողներին ներկայացվող պահանջների պահպանման ուղղությամբ որոշակի ցուցումներ տալն էր, առևտրի կազմակերպման կանոնների ուղղությամբ բացատրական աշխատանքներ տանելը, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների աշխատողներին ներկայացվող պահանջների կատարման ստուգումը։ Իրականացված շրջայցի ընթացքում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել։ Առանձին օբյեկտներում ի հայտ բերված թերությունների վերացման համար ժամկետներ են սահմանվել։ Հերթական շրջայցը կիրականացվի փետրվարի 15-ին։ Նշենք նաեւ, որ այսուհետ նման շրջայցեր պարբերաբար են կազմակերպվելու, իսկ անհրաժեշտության դեպքում արդեն կիրառվելու են ԼՂՀ Առևտրի և ծառայությունների մասին օրենքով, ԼՂՀ քաղաքացիական օրենսգրով, ինչպես նաև իրավական ակտերով նախատեսված պատժամիջոցներ։ Նմանատիպ ստուգումներ իրականացվելու են նաև գյուղական համայնքներում։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հանձնարարականով ստուգվելու են նաև շրջանի տարածքով անցնող գլխավոր մայրուղիների մերձակայքում տեղակայված օբյեկտների ճարտարապետական տեսքն ու համապատասխանությունը պահանջվող նորմերին։ Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև ճանապարհների եզրերին տեղեկայված գովազդային վահանակների ու ցուցանակների գեղագիտական տեսքին և համապատասխանությանը լեզվի մասին ԼՂՀ օրենքի պահանջներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |