ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻ ԽՈՒՄԲ ՄԻՋԻՆ ԵՎ ԽՈՇՈՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ |
10.02.2016 15:40 |
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին Ասկերան քաղաքում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր քննարկելու նպատակով: Վարչապետն իր խոսքում շեշտադրել է, որ կառավարությունն առաջնահերթություն է տալիս գարնանացան միամյա և բազմամյա կուլտուրաների մշակմանը՝ հորդորելով հողամշակներին աշնանացանից անցում կատարել գարնանացան մշակաբույսերին: §Այս հանդիպումը նախաձեռնել ենք, որպեսզի միասին քննարկենք գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները և կառավարության առաջիկա անելիքները: Ակնկալում եմ, որ արդյունքում մեր համագործակցությունն ու աջակցության ծրագրերն ավելի արդյունավետ կդառնան: Մենք խթանում ենք գարնանացան կուլտուրաների մշակումը՝ աջակցություն ցուցաբերելով արտադրողներին թե՛ պարարտանյութերով ու սերմերով, և թե՛ ֆինանսապես, որպեսզի կարողանաք կազմակերպել մշակման աշխատանքները: Նպատակ ունենք դրանով բարձրացնել հանրապետության ինքնաբավության մակարդակը բանջարաբոստանային կուլտուրաների առումով, իսկ այգեգործության համար զարգացման նոր հեռանկարներ ստեղծել: Կառավարությունը, բացի արտադրողներից, ձեռք է մեկնում նաև վերամշակող ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան շուկայում իրացնել տեղական արտադրանքը¦,- հողօգտագործողներին ուղղված խոսքում ասել է վարչապետ Հարությունյանը: Անդրադառնալով ոռոգման ջրի սակավության խնդրին՝ կառավարության ղեկավարը հորդորել է ներկաներին բարեխղճորեն օգտագործել եղած պաշարները և համոզմունք հայտնել, որ այդ պարագայում զգալիորեն կավելանան ոռոգովի հողատարածքների ծավալները: Ա. Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու պաշտոնյաներին խստորեն վերահսկել ոռոգման ջրի պաշարների օգտագործումը և բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |