ՇՐՋԱՆԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ |
15.02.2016 17:50 |
Փետրվարի 9-ից 12-ն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց 2015-2016 ուսումնական տարվա շրջանային առարկայական օլիմպիադա: Շրջանային օլիմպիադայի աշխատանքները կարգավորելու համար շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանի հրամանով նախօրոք ստեղծվել էր 9 հոգուց բաղկացած կազմկոմիտե, որտեղ ընդգրկված են բաժնի աշխատողներ, տնօրեններ, փոխտնօրեններ, առարկայական մասնագետներ: Ձևավորվել է նաև ստուգող հանձնաժողովի կազմը`շրջանի փորձառու մասնագետներից կազմված: Այս ուսումնական տարում օլիմպիադային մասնակցելու համար հայտ է ներկայացրել 24 միջնակարգ և 5 հիմնական դպրոցների 296 աշակերտ: Առավելագույն մասնակիցները հայոց լեզվից էին`57 աշակերտ, պատմությունից` 40 աշակերտ, ռուսաց լեզվից` 38 աշակերտ: Առավել քիչ թիվ են կազմում բնագիտական ցիկլի`քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն առարկաների մասնակիցները: Նման օլիմպիադաների նպատակն է բացահայտել հատուկ կարողություններ ունեցող սովորողներին և նրանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել գիտելիքի նկատմամբ: Շրջանային օլիմպիադան անցավ անկողմնակալ և օբյեկտիվ մթնոլորտում: Աշակերտները կարողացան ինքնուրույն, առանց միջամտության կատարել իրենց առաջադրանքները: Նրանց վերահսկում էին ոչ մասնագետ ուսուցիչներ: Ինչպես նշեց կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը, ստուգող հանձնաժողովն իրականացնում է անաչառ աշխատանք: Օլիմպիադային զուգահեռ ընթանում են նաև ստուգման աշխատանքները: Նա ավելացրեց նաև, որ ուրախալի փաստ է, որ օլիմպիադային մասնակցելու համար հայտ են ներկայացրել 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների 41աշակերտներ: Ասկերանի դպրոցում ստեղծված են լավ պայմաններ օլիմպիադան պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Դե ինչ, ակնկալում ենք բարձր արդյունքներ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |