ՍԵՐ՝ ԿՐԱԿԻ ԼԵԶՎՈՎ |
15.02.2016 17:52 |
Կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ ու ռոմանտիկ է, սա է թերևս հուշում տարիների փորձը։ Վերջին տարիներին մեզանում արմատավորվել է Տեառնընդառաջի տոնը նշելու ավանդույթ և հավատացած ենք, որ այն նշելով ավելի ենք մոտենում Աստծուն և արժանանում նրա հաճոյությանն ու ողորմությանը։ Տոնը սերը հարատև դարձնելու, չարը խափանելու, բարությամբ լցվելու ևս մեկ հնարավորություն է ընձեռնում յուրաքանչյուրիս։ Տեառնընդառաջը կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը: Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Այն նաև ավետում է ձմեռվա ավարտը։ Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին: Տեառնընդառաջն այս տարի նույնպես Ասկերանում նշվեց մեծ շուքով։ Այս անգամ ավանդական և անշարժ տոնի կազմակերպիչը ՙԱզատ հայրենիք՚ կուսակցության երիտասարդկան թևն էր։ Մինչ տոնի ամենասպասված ու ցանկալի մասին՝ կրակ վառելուն անցնելը, Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմմանուել քահանա Վարդանյանը Տյառնընդառաջի պատարագ մատուցեց։ Ապա բազմաթիվ հավատացյալների հետ տեղափոխվեցին եկեղեցու բակ՝ խարույկ վառելու։ Եկեղեցու բակից դեպի երկինք էր բարձրանում հարյուրավոր քրիստոնյաների սրտից բխող Տերունական աղոթքը։ Ասկերան քաղաքի ամենատարեց՝ Ենոք և Նորա Աղաջանյաններ և ամենաերիտասարդ՝ Դավիթ և Արմենուհի Աղաջանյաններ զույգին տրվեց խարույկը վառելու պատիվը։ Թերևս զարմանալու ոչինչ չկա, որ մեր քաղաքի ամենատարեց և ամենաերիտասարդ զույգն ապրում է մեկ հարկի տակ։ Եկեղեցու կանթեղներից վերցված կրակից վայրկենապես բոցավառվեց խարույկը։ Շրջանի հոգևոր հովիվը կատարեց նորապսակների օրհնության արարողակարգ։ Տոնը շարունակվեց Ասկերանի շրջանի մշակութային օջախների ազգային-ավանդական երգերի, պարերի գեղեցիկ կատարումներով։ Վերջում Ազատ հայրենիք կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչ Գոռ Բալասանյանն իր շնորհակալությունը հայտնեց Ասկերանի շրջվարչակազմին, քաղաքապետարանին տոնի կայացմանն ընդառաջելու և մասնակցելու համար։ Տոնի կազմակերպիչները նաև ամենատարեց և երկու երիտասարդ զույգերի համար նվերներին էին պատրաստել, որոնք սիրով կուսակցության ներկայացուցիչը հանձնեց հասցեատերերին։ Գ. Բալասանյանը նաև հավելեց, որ ներկայիս սերունդը միշտ պատրաստակամորեն ու սիրով է կցվում նման միջոցառումների կազմակերպմանը և մեծ պատասխանատվություն կրում՝ պահպանելու ժառանգած հարուստ ազգային ավանդույթները։ Դեպի երկինք ձգվող կրակի լեզուները՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ լուսավորում էին շուրջբոլորը, ջերմություն հաղորդում ներկաներին։ Ըստ ավանդության կրակի վրայով ցատկում են երիտասարդ և չամուսնացած աղջիկները, ու եթե նրանց փեշերը այրվում են՝ դա նշան է շուտափույթ ամուսնության։ Ասկերանում տեղի ունեցած Տեառնընդառաջի տոնին և ոչ մի աղջկա փեշ չայրվեց, նրանց կարծես թե թվում էր, որ ամոթ է կրակի վրայով թռնելը, մինչդեռ բազմաթիվ մանուկներ առանց հասկանալու ծեսի իմաստն ու նշանակությունը հաճույքով էին դա կատարում… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |