ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ |
17.02.2016 11:52 |
Ասկերանի շրջանում շարունակվում են համայնքների ղեկավարների 2015 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետու ժողովները։ Փետրվարի 16-ին տեղի ունեցավ Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավարի 2015 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվու ժողովը։ Համայնքի հաշվետուին ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ասկերանցիներ։ Մինչ հաշվետվության քննարկմանն անցնելը Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ողջունելով ներկաներին առաջարկեց ընտրել ժողովի քարտուղար և նախագահ։Հաշվետու ժողովի նախագահ ընտրվեց համայնքի ավագանու անդամ Սևակ Հարությունյանը, իսկ քարտուղար՝ Լիդա Գրիգորյանը։ Ս. Հարությունյանը շնորհակալություն հայտնելով այդ պատասխանատու գործն իրեն ստանձնելու համար՝ առաջարկեց մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի ազատության համար իրենց մատաղ կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակը։ Ապա զեկույցի համար խոսքը տրվեց Ասկերանի քաղաքապետ Ս. Աղաջանյանին։ Մինչ հաշվետվության հիմնական մասին անցնելը Ս. Աղաջանյանն իր շնորհակալությունը հայտնեց համայնքի բնակիչներին իրենց վստահության քվեն իր օգտին տալու համար և խոստացավ ամբողջ ուժերն ու կարողություններն ի սպաս դնել հարազատ քաղաքի բարգավաճմանն ու բնակիչներին հուզող խնդիրներին դրական լուծումներ տալուն։ Ըստ հաշվետվության Ասկերան համայնքն ունի 2270 բնակիչ, որից 2030՝ մշտական գրանցումով, իսկ 240 հոգի՝ ժամանակավոր։ Հաշվետու ժամակաշրջանում համայնքում գրանցվել է 41 ծնունդ և 9 մահ։ Այդուհանդերձ նախորդ տարվա համեմատությամբ համայնքի բնական աճի անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է արտերկիր մեկնածների թվաքանակի հետ։ Ինչպես նշեց քաղաքապետը, համայնքի բնակիչների սոցիալ-կենցաղային վիճակը գտնվում է ինչպես քաղաքապետարանի այնպես էլ շրջվարչակազմի ղեկավարի հոգածության ներքո։ Հաշվետու ժամանակաշրջանում համայնքին պետական բյուջեից օգնության կարգով 31 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել է ընդհանուր առմամբ 5432 հազար դրամի շինանյութ՝ բնակարանային պայմանների բարելավման համար։ Իսկ համայնքի հողօգտագործողներին ԼՂՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից տրամադրվել է 2050լիտր դիզվառելիք։ Տարին նպաստավոր է եղել ինչպես համայնքի հողօգտագործողների, այնպես էլ անասնապահների համար։ Ս. Աղաջանյանն անդրադարձավ համայնքում գործող մշակութային օջախներին, որոնց համակցված գործունեության արդյունքում տոն և հիշատակի օրերն անցնում են գեղեցիկ ու կազմակերպված։ Համայնքի ներքին կյանքի աշխուժացմանն անշուշտ նպաստում է նաև համայնքային մարզադաշտ ունենալը, որտեղ հաշվետու ժամակաշրջանի օգոստոսի 2-13-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել են Համահայկական օլիմպիական խաղերի որոշ մարզաձևերը, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվում են տարբեր մրցումներ շրջանի մասշտաբով։ 2015 թվականին Ասկերանի կոմունալ տնտեսություն ՓԲԸ կողմից զգալի աշխատանքներ են իրականացվել քաղաքի փողոցների սանիտարական մաքրման և լուսավորության համակարգի բարելավման, բարձրահարկ շենքների նկուղային հարկերի մաքրման, Իվանյան-Ակնա տանող ճանապարհների երկայնքով տնկված ծառերի խնամանն և խոտաշատ վայրերի մաքրման ուղղությամբ։ -Կոմունալ տնտեսությունը գերազանց աշխատանք է տարել մեծ քանակությամբ տեղացած ձյան ժամանակ, չնայած ունեցած սուղ միջոցներին։ Այսօր կոմունալ տնտեսությունը աղբատար մեքենայից բացի ուրիշ այլ տրանսպորտային միջոց չունի,- ասաց Ս. Աղաջանյանը։ Անդրադառնալով բյուջեի կատարմանը Ս. Աղաջանյանը նշեց, որ համայնքի յուրաքանչյուր անդամի պատասխանատվության գիտակցումից ու վճարվելիք հարկերից ու տուրքերից է կախված համայնքի վաղվա օրը, ապագան ու զարգացումը։ Քաղաքապետը մաժամանակ վստահեցրեց, որ ընթացիկ տարում համայնքը բյուջեի կատարողականը կգերազանցի։ Վերջում քաղաքապետն իր շնորհակալույթունն ու երախտագիտությունը հայտնեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին, շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին համայնքի խնդիրների լուծմանն աջակցելու համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց համայնքում բարեգործական ծրագրերով հանդես եկած բոլոր բարերարներին։ Ժողովականները լսեցին քաղաքապետի բովանդակալից և մանրամասն հաշվետվությունը 2015 թվականին կատարած աշխատանքների մասին, որից հետո Արթուր Թովմասյանը ելութի և ինչու չէ նաև սրտի խոսքով կիսվեց ասկերանցիների հետ։ Նա նախ շնորհակալություն հայտնեց Ասկերանի շրջանի բնակչությանը՝ 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ Ապա անդրադառնալով Ասկերանի քաղաքապետի 2015 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվությանը՝ այն գնահատեց բավարար։ -Մինչ այստեղ գալը շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին հարցրեցի, թե համայնքն խստագույնս ինչի՞ կարիք ունի, նա պատասխանեց՝ տեղում կիմանաք։ Մտնելով մշակույթի տուն և տեսնելով, թե ինչ վիճակում է այն գտնվում հասկացա շրջվարչակազմի ղեկավարի նման պատասխանը։ Մշակույթի տունը հիմնահատակ վերակառուցման կարիք ունի։ Այս հարցը մենք կննարկենք Ասկերանի շրջանից ընտրված պատգամավորների հետ և պետական կամ բարեգործական ծրագրերում կընդգրկենք։ Ինչ վերաբերում է կոմունալ տնտեսության տրանսպորտային միոցների բացակայությանը, կարծում եմ ևս լուծելի է,- ասաց Ա. Թովմասյանը։ Խոսելով ներկայումս Արցախում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից Ա. Թոմասյանն առանձնացրեց մի շարք կարևոր օրենսդրական բարեփոխումներ ու բարեգործական ծրագրեր, որոնք ուղղված են արցախահայության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։ Ա. Թոմասյանը խոսեց նաև սահմանային լարվածության ու անհանգստության մասին՝ փառք տալով հայ զինվորի բազկի ուժին, որոնց շնորհիվ անսասան ու հաստատուն անդորր է տիրում սահմանում։ Ազգային ժողովի պատգամավորն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Ասկերան և Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջև ստորգրված բարեկամության հռչակագրին՝ կարևորեց նաև Արցախ-Ֆրանսիա բարեկամական կապը՝ Ֆրանսիան համարելով լավ հարթակ Արցախի միջազգային ճանաչմանը նպաստելու համար։ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը հաստատելով Ա. Թոմասյանի խոսքերը նույնպես պնդեց, որ քաղաքին անհրաժեշտ է ժամանակակից ու հարմարավետ մշակույթի կենտրոն և հույս հայտնեց, որ հարցին շուտով դրական լուծում կտրվի ու եթե ոչ այս, ապա 2017թվականին Ասկերանում կսկսվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակույթի կենտրոնի կառուցման աշխատանքները։ Սերգեյ Գրիգորյանն անդրադարձավ նաև քաղաքի աղբահանման աշխատանքներին և կոչ արեց քաղաքում տեղակայված հիմնարկ-ձեռնարկություններին և խանութներին խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում պահել, և առաջնորդվել մեր քաղաքը մեր տունն է կարգախոսով։ Ազգային ժողովի պատգամավոր, Ասկերան քաղաքի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը հավանութուն տալով համայնքի ղեկավարի 2015 թվականին կատարած աշխատանքներին, միաժամանակ նշեց, որ համայնքը սոցիալապես անապահով ընտանիքներին սեփական միջոցներով չի կարող օգնել, քանի որ համայնքի միջոցները գոյանում են հարկերի և տուրքերի հավաքագրումով։ Իսկ եթե համայնքը տեղական տուրքերը 100 տոկոսով չի կարողանում հավաքագրել՝ զրկվում է պետության կողմից տրամադրվող դոտացիայից։ Այնպես որ, համայնքի բյուջեի կատարողականն ապահովելու համար պետք է տանել թիմային աշխատանք, որի բոլոր օղակները պետք է գործեն հստակ և արդյունավետ։ Ալյոշա Գաբրիելյանը ցավով նկատեց, որ հաշվետու ժամանակաշրջանում Ասկերանից արտերկիր մեկնածների թվաքանակն աճել է։ Պատգամավորի խոսքերն ամբիոնից որպես հայրենադարձության կոչ էին հնչում։ -Արցախի Հանրապետությունում պետական մակարդակով գործող մի շարք արտոնություններ կան, որոնցից օգտվելով յուրաքանչյուր ընտանիք կարող է ապահովել իր բարեկեցիկ կյանքը։ Պետք է ուղղակի դրսևորել աշխատասիրություն, և արցախյան բարեբեր և բերքառատ հողը վարձահատույց կլինի բոլոր նրանց, ովքեր լեզու կգտնեն նրա հետ,- ասաց Ա. Գաբրիելյանը՝ հավելելով, որ դարավոր մաքառումներից հետո Աստծո կամքով մեր պապենական հողերի տերն ենք այսօր և դատապարտված ենք Արցախը կանգուն պահելու և պատշտպանելու։ Ասկերանի համայնքի ղեկավարի 2015 թվականին կատարած աշխատանքը գնահատվեց բավարար։ Վերջում Ա. Թովմասյանն ու Ս. Գրիգորյանը պատասխանեցին ներկաներին հուզող այլ հարցերի։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |