ԵՐՋԱՆԻԿ ԵՎ ԳՆԱՀԱՏՎԱԾ ՄԱՅՐԸ…
22.02.2016 10:06

  Առաքինությունը պետք է կնոջ ամենաառաջին հարստությունը լինի, որովհետև այն բարի օրինակով փոխանցվում է սերնդեսերունդ: Աստված կին էակի միջոցով կարծես սովորեցնում է աշխարհի ազնվության ու մաքրության ճամփան: Կինն է մեծ իմաստ ու էություն տալիս կյանքին, նրա ձեռքերին է օրորվում մանուկը, կինն է իր անմնացորդ նվիրումով համեմում կյանքն ու գեղեցկացնում այն, զոհում իրեն ու իր հանգիստը հանուն ընտանիքի բարօրության: Իսկ հայ կինն առանձնանում է աշխարհի մյուս կանանցից իր համեստությամբ, ավանդապաշտությամբ, աշխատասիրությամբ: Նա իր հպարտ կեցվածքով միշտ էլ բարձր է պահում իր ազգի արժանապատվությունն ու պատիվը:

Ուզում եմ հոդվածիս տողերն ուղղել մի կնոջ, ով սիրասուն մայր է, երջանիկ տատիկ և նվիրված ու պարկեշտ կին: Իմ հերոսուհին` Գյուլվարդ Առուշանյանը կյանքի մեծ ճանապարհ է անցել: Այսօր նա ութսուն տարեկան է և ինչպես ինքն է ասում` ասես մի ակնթարթում հասավ այդ տարիքին:

Հիրավի, կա մարդու մի տեսակ` կյանքով այնքան լի, բարի, երբեք չնախանձող, ուրիշի հաջողությամբ ի սրտե ուրախացող: Թվում է, թե այդ մարդկանց բարությունն այնքա՜ն անսպառ է, հոգին այնքա՜ն սիրառատ, իսկ նրանցից հորդող ջերմությունն այնքա՜ն սիրելի…Մարդկային հենց այդ տեսակին էպատկանում իմ հերոսուհին…

Գյուլվարդ Առուշանյանը ծնվել է 1936 թվականի փետրվարի 10-ին

Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում: Մեծացել է բազմանդամ ընտանիքում, որտեղ սերմանվել է աշխատասիրություն, սեր ու հարգանք դիմացինի հանդեպ: Այս օջախում մեծացել ու դաստիարակվել են հինգ երեխաներ և ամեն մեկն ընտրելով կյանքի իր ճանապարհը`միշտ էլ պատվով են պահել հարազատ օջախի ու գյուղի անունը:


Գյուլվարդ Մելիքսեթյանն ընտանիք է կազմել համագյուղացի Մաքսիմ Առուշանյանի հետ: Նրանց ճանաչողներից յուրաքանչյուրը կարող է պնդել, որ այս ընտանիքն ավանդապաշտ, օրինակելի և գեղեցիկ վարքով էր աչքի ընկնում: Հայկական այս օջախում ծնվեցին հինգ զավակներ: Ինչպես Գյուլվարդ մայրիկն է ասում, երջանկահիշատակ ամուսնու հետ նրանք կարողացել են երեխաներին տալ հայեցի դաստիարակություն: Պատահական չէ, որ երկու որդիները` Արտաշեսն ու Ալբերտն ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան պատերազմում և մինչև հաղթանակի օրը մնացել են ռազմի դաշտում: Գյուլվարդ մայրիկի դուստրերն այսօր օրինակելի տանտիկիններ են, հիանալի մայրեր:

Երբ այցելեցի հոբելյարին շնորհավորելու ծննդյան տոնի առթիվ, ասես միանգամից ընկա մի հրաշալի ու անմիջական աշխարհ: Այստեղ թագավորում էր մի յուրահատուկ ջերմություն, որն անմիջապես հաղորդվում էր քեզ: Զավակներով, թոռներով ու ծոռներով շրջապատված Գյուլվարդ մայրիկն այդ օրը չափազանց երջանիկ էր: Նրա համար Ջիվանու երգերն էր երգում Արցախում լավ ճանաչված երգիչ`Վազգեն Մելիքսեթյանը: 92-ամյա եղբայրն իր երգերով ուրախություն էր պարգևում քրոջը: Հուշերի գիրկն ընկնելով` տիկին Գյուլվարդը պատմում, պատմում էր…Հեշտ ու դժվար օրեր են եղել նրա կյանքում: Ամուսնուն միշտ թև ու թիկունք էր և դրանով էլ հպարտ էր զգում իրեն: 1982 թվականից տեղափոխվել և ապրում են Ասկերան քաղաքում: Այս բնակավայրն անմիջապես հարազատ դարձավ Առուշանյանների ընտանիքի համար, նրանց սիրով ընդունեցին ասկերանցիները: Ուշագրավ էր ընտանեկան ալբոմը, որի ամեն մի լուսանկարն ինքնին ապացույցն էր այս օջախի անցած ողջ ուղու: Երբեմն ընտանիքի մայրը լռում էր…Ես հանգիստ հետևում էի նրա դեմքին ու այնտեղ տեսնում բոլոր չասված խոսքերը: … Գյուլվարդ մայրիկը հիշել էր իր հավատարիմ կողակցին…

Իսկ երբ երեխաները դրվագներ էին պատմում նրանց ակնհայտ սիրո մասին, որի ապացույցն էին բյուր նամակները, նա շիկնում էր դեռատի աղջնակի նման…

<<Ես երջանիկ և գնահատված մայր եմ ու կին>>,-ասաց հոբելյարը և նրա ծերունական դեմքը ողողվեց լույսով: Այլևս հարցեր չտվեցի…

<<Նրա մասին կարելի է ասել միայն ու միայն լավը: Չափազանց բարեկամասեր, հարևանասեր ու շռայլ կին է տիկին Գյուլվարդը: Նա կարողանում է լեզու գտնել տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ, աչքի է ընկնում իր բարեգթությամբ: Անտեսելով իր տարիքը` նա սիրում է աշխատել այգում և բանջարանոցում: Իր ասելով, հողի հետ աշխատանքն է երիտասարդ և առույգ պահում իրեն, իսկ բարիքները բաժանելը երջանկացնում է նրան:

Ամուսնու հետ հաշտ ու համերաշխ ստեղծել են ամուր ընտանիք և դաստիարակել հինգ երեխաների: Նրանց ընտանիքը միշտ էլ ընդօրինակելի է եղել շատ ու շատերի համար>>,-ասում է նրա հարևանուհի Սվետլանա Ասրյանը:

Կկամենայի իմ ընթերցողին հավաստել, որ իմ այս փոքրիկ հոդվածը խոսքերի շռայլում չէ: Այն գնահատանք է մի հասարակ կնոջ, ով իր ողջ կյանքում ապրել է ճիշտ և ազնիվ`վայելելով հասարակության հարգանքն ու սերը: Արդարև, հենց դա է կյանքի ամենամեծ շռայլությունը…

Շնորհավո՛ր 80-ամյա տարելիցդ, սիրելի հոբելյար…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter