ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԱՍԿԵՐԱ՛Ն |
23.02.2016 15:43 |
Փետրվարի 22-ին Ասկերանի մշակույթի տանը նշվեց Ասկերանի Վերածննդի օրը։ Տոնի առթիվ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը կազմակերպել է ինտելեկտուլ խաղ §Իմ ընտանիքը¦ խորագրով։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Արցախյան շարժման ակտիվիստներ, ասկերանցիներ։ Ներկաները նախ դիտեցին տեսաֆիլմ՝ որտեղ տոնի կազմակերպիչներն ամփոփել էին իրենց հոգու սերն ու անհուն կարոտը հարազատ բնօրրանի հանդեպ, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում և սահմանապահ դիրքերում զոհված քաջերի հիշատակը։ 1988 թվականի փետրվարի 22-ի դեպքերի մասին զեկույցով հանդես եկավ Շարժման նախաձեռնող խմբի անդամ Սլավիկ Առուշանյանը։ Անկասկած այդ տարիներին Ղարաբաղում պետական մակարդակով իրականացվող §սպիտակ եղեռնը¦ սեղմում էր յուրաքանչյուր հայի սիրտը, սակայն խիզախություն, ինչու չէ նաև անձնուրացություն էր պետք խորհրդային ամբողջատիրական հսկա ռեժիմին դեմ դուրս գալու համար։ Եվ գտնվեցին նման մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին, հաճախ նաև վտանգի տակ դրեցին իրենց ընտանիքների հանգիստն ու քունը և բազում վտանգներ հաղթահարելով՝ նախապատրաստեցին ժողովրդին համազգային Զարթոնքին։ Դրանցից մեկն էր Ս. Առուշանյանը։ -2001թվականի մարտի 13-ին Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ փետրվարի 22-ը հաստատվել է քաղաքի վերածննդի օր՝ ի հիշատակ 1988 թվականի փետրվարի 22-ի Ասկերանի մատույցներում տեղի ունեցած դեպքերի, երբ Աղդամից մի քանի հարյուրյակի հասնող ադրբեջանցիներ զինված սուր ծակող-կտրող գործիքներով փորձում էին Ասկերանում ևս իրականացնել ցեղասպանություն, ինչպես դա եղավ Բաքվում և Սումգայիթում։ Անկասկած այդ հարձակումը վաղօրոք ծրագրված էր, քանզի նրանք օր առաջ Աստղաշենից բոլոր ադրբեջանցիներին տեղափոխել էին Աղդամ։ Իսկ մինչ այդ շրջանի հողաշինարար Հայկ Շամիրյանը գործի բերումով լինելով Աղդամում լսել է, որ շուտով Ասկերանը ոտնատակ են տալու։ Այդ մասին Հ. Շամիրյանը տեղեկացրել էր շրջանի ղեկավարությանը, սակայն այդ լուրը լուրջ չընդունվեց։ Ս. Առուշանյանն անդրադառնալով փետրվարյան դեպքերին ցավով նշվեց, որ բացի ադրբեջանցիներից հայերիս մեջ ևս կան մարդիկ, ովքեր փորձում են խեղաթյուրել պատմությունը։ - Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր բոլոր հաղթանակների սկիզբը մեր հույսերի Փետրվարն էր, որը պատմության մեջ արժևորվեց նաև ասկերանցիների սխրալից պայքարով։ Մենք՝ ականատեսներս պարտավոր ենք սերունդներին փոխանցել իրական պատմությունը՝ Շարժման ակունքների ու ազատամարտի հաղթական ավարտի մասին։ Փաստորեն Ասկերանի մատույցներում հանդիպելով արժանի դիմադրության՝ ասկերանցիների և հարակից բնակավայրերից օգնության հասածների արժանանալով լուրջ դիմադրության թշնամին ետ շպրտվեց՝ կրելով առաջին խայտառակ պարտությունը։ Ասկերանի ամրոցներն ընդմիշտ անառիկ մնացին ադրբեջանցի խաժամուժի համար։ Ներկաների հետ օրվա մասին իր տպավորություններով կիսվեց Սուրայա Ղազարյանը, ով փետրվարի 22-ի այդ հանրահայտ օրը Խնապատի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիների հետ Ասկերանում էր և միտինգի մասնակիցների հետ փորձում էին իրենց արդար ձայնը հասցնել խորհրդային իշխանություններին՝ մայր Հայաստանին վերամիավորվելու պահանջով։ Բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուր հայրենասերի համար Հայրենիքն է այն ամենամեծ, նվիրական ու թանկագին գանձը, որի համար կյանքեր են զոհվում։ Այսօր պաշտպանության բանակի շարքերում ծառայում են այնպիսի զինվորներ, ովքեր թափանցելով թշնամու թիկունքը սխրագործություններ են գործում։ Նման մարտիկներից մեկն է Վրեժ Սարգսյանը, որի սրտի խոսքը հարազատ ծննդյավայրին ավելի շատ երդում էր՝ ընդմիշտ մնալ Հայրենիքի պաշտպանն ու նրա հրաշունչ զավակը։ Դպրոցի նախապատրաստական խմբի երեխաները հանդես եկան գեղեցիկ պարով՝ ներկաներին պարգևելով ուրախ տրամադրություն։ Ապա ազդարարվեց §Իմ ընտանիքը¦ ինտելեկտուլ խաղի սկիզբը, որին մասնակցում էր 6 թիմ՝ եղբայրներ Դավիթ և Աշոտ Գաբրիելյանները, Միհրան և Արտյոմ Դանիելյանները, մայր և աղջիկ՝ Ինգա և Ալյոնա Բաղդասարյանները, Լիանա և Դիանա Դանիելյանները, զինվորներ՝ Սերգեյ և Սահակ Օհանյանները, Սամվել և Վալերի Նավոյանները։ Ինչպես նշեց Ա. Գյանջումյանը միայն ասկերանցիներիս յուրահատուկ տոնի առթիվ ընտրելով է խաղի այս տարբերակը, քանզի ընտանիքն է հանդիսանում այն հզոր ու ամուր հենասյունը, որի վրա հենված է կայուն պետությունը։ Թիմերը հանդես եկան ողջույնի խոսքով՝ շնորհավորելով Վերածննդի օրվա առթիվ և խոստանալով ցուցադրել հետաքրքիր խաղ, իսկ հանդիսատեսին մաղթելով ուրախ ժամանց։ Խաղը բաղկացած էր 4 փուլից։ Այն անցավ բավականին թեժ ու համառ մրցապայքարում և արդյունքում հաղթեցին եղբայրներ՝ Դավիթ և Աշոտ Գաբրիելյանները։ Հաղթող թիմին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անունից նվեր հանձնեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը։ Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը նվեր հանձնեց խաղի ամենաակտիվ մասնակցին՝ Աշոտ Գաբրիելյանին, հավելելով, որ Աշոտը նաև գրադարանի ամենաակտիվ հաճախորդներից է։ Անհատ ձեռնարկատեր Սպարտակ Հարությունյանը նվեր էր պատրաստել երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած՝ Միհրան և Արտյոմ Դանիելյանների համար՝ մաղթելով նրանց երբեք կանգ չառնել ձեռքբերածով։ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը միանալով օրվա առթիվ հնչած բոլոր բարեմաղթանքներին՝ շնորհավորեց նաև Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ, քանզի Արցախում հայրենյաց պաշտպաններ են բոլորը՝ կին թե՝ տղամարդ, ծեր թե՝ երեխա։ Նա նաև բարերարներ Արթուր Հարությունյանի, Արարատ Խաչատրյանի և §Բարի երթ¦ ՍՊ ընկերության կողմից տրամադրված դրամական պարգևները հանձնեց խաղին մասնակցած բոլոր թիմերին։ Ս. Աղաջանյանը նաև տեղեկացրեց, որ Ասկերանի ավագանու որոշմամբ շրջվարչակազմի հարակից հրապարակն անվանակոչվել է Փետրվարի 22-ի հրապարակ։ Որպես տոն օրվա տրամաբանական ավարտ հնչեց §Զինվորի երդումը¦ երգը, որը երեխաները կատարեցին մարտական բարձր ոգով՝ երդվելով միշտ տեր կանգնել պապերից ժառանգած հաղթանակներին և հարկ եղած դեպքում կրկնել նրանց սխրագործությունները։ Դահլիճը հոտնկայս ծափահարում էր։ Կայացած միջոցառումն իր մեջ բազում խորհուրդներ ուներ և կարծում ենք ներկայիս սերունդը փոքր-ինչ չափով իր հիշողություններում ամրագրեց փետրվարյան խորհուրդներն ու Շարժման իրական ակունքները։ Չէ որ մատաղ սերնդից է կախված մեր երկրի ապագան, ով, համոզված ենք, նորովի կկառուցի, կարարի, կստեղծագործի ու կդառնա Արցախի ու Հայաստանի հավերժության ուղին կերտողներից մեկը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |