ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ |
01.03.2016 09:34 |
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Նիստին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ, քարտուղարներ։ Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988-ի փետրվարի 26-29-ը սումգայիթյան ջարդերին զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակը։ Ապա Փառուխի համայնքի ղեկավար Արտո Միքայելյանը համայնքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և տեղական ինքնակառավարման մարմիններում երկարամյա անբասիր գործունեության համար պարգևատրվեց շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրով, Ս. Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ հարգելի պատճառներով Արմո Միքայելյանն ազատվում է համայնքի ղեկավարի պաշտոնից։ Համայնքում նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ով կգործի մինչև ՏԻՄ ընտրություններ։ Շրջանի գյուղատնտեսության բնագավառում արձանագրած հաջողությունների համար Յուրի Արամյանին, Արշավիր Գալստյանին և Հենրիխ Խաչատրյանին շնորհվեց գյուղատնտեսության նախարարության Ոսկե մեդալ, որոնք հանձնեց Սերգեյ Գրիգորյանը։ Ապա մեդալակիրները կիսվեցին սրտի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով նման պատվի արժանացնելու,ինչպես նաև տարիների վաստակն արժանվույնս գնահատելու համար։ Նրանք նաև որոշակի խորհուրդներ տվեցին գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Անցնելով նիստի օրակարգային հարցերի քննարկմանը, ներկաները լսեցին վարչակազմի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Մինասյանի տեղեկանքը՝ վերադաս մարմիններից ստացած և ընդունած սեփական որոշումների ու գրությունների կատարման վերահսկողության վիճակի մասին։ Շրջվարչակազմի աշխատակազմի գործունեության կարևոր գործառույթներից մեկն էլ վերադաս մարմիններից ստացված և ընդունած սեփական որոշումների ու գրությունների կատարման, կատարման-վերահսկողության իրականացում է, այդ աշխատանքն օրենքով սահմանված կարգով ընթացքավորումը։ Հաշվետու ժամանակաշրջանում վարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստերում և շրջվարչակազմի ղեկավարի կողմից ընդունվել է 128 որոշում և 34 կարգադրություն։ Իսկ վերադաս մարմիններից ստացված 102 որոշումներից և 658 գրություններից կատարման վերահսկողության տակ է վերցվել 37-ը, իսկ շրջվարչակազմի ղեկավարի 128 որոշումներից՝ 12-ը։ Ինչպես նշեց Ս. Մինասյանը, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները, համայնքների ղեկավարները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ հանձնարարված գործի հանդեպ պատասխանատվության բարձրացման և գործավարությունը ժամանակի պահանջներին համապատասխան վերակառուցելու ուղղությամբ։ Օրակարգի հաջորդ՝ Աստղաշենի և Հիլիսի համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման, դրանց նպատակային օգտագործման իրավիճակի մասին տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։ Համաձայն Ասկերանի շրջանի հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունների նշված համայնքների վարչական տարածքներում գրանցված են համապատասխանաբար 1249.3հա և 345.4հա գյուղատնտեսական նշանակության հողեր։ Համայնքների բնակիչներին սեփականության իրավունքով օգտագործման են տրամադրված համապատասխանաբար 231.1հա և 88.6հա, ինչպես նաև Աստղաշենից հարևան Խնձրիստանի և Պատարայի համայնքների բնակիչներին հատկացված է 110.2հա և 218.5 հա, իսկ Հիլիսի համայնքից Խնձրիստանի համայնքին՝ 13.5հա վարելահող։ Ինչպես նշեց, Ա. Ղուլյանը համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման ուղղությամբ որոշակի խնդիրներ կան։ Բնակչությանը սեփականության իրավունքով տրամադրված վարելահողերի 30-40 տոկոսը պարբերաբար չեն մշակվում։ Վարելահողերի մի մասը և խոտհարքերը փաստացի օգտագործվում են որպես արոտավայրեր, իսկ օգտագործվող խոտհարքերի նկատմամբ վարձակալության պայմանագրեր չեն կնքվել։ Արդյունքում առանձին հողատեսքեր, փաստորեն, կորցրել են իրենց գործառնական նշանակությունը։ Նշված համայնքների ղեկավարների հետ քննարկվել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հաշվառման և դրանց նպատակային օգտագործման իրավիճակը, ինչպես նաև տրվել ցուցումներ՝ առկա թերությունները վերացնելու ուղղությամբ։ Շրջանի կրթական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-դպրոց-հասարակություն կապի ամրապնդման դրվածքի մասին տեղեկանք ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը։ Բանակ-դպրոց-հասարակություն կապը պետական ռազմավարության կարևոր ուղղություններից մեկն է, և այդ գաղափարին խորը գիտակցումով են վերաբերվում շրջանի հանրակրթական հաստատությունները։ Իսկ շրջանի տարածքում տեղակայված զորամասեր տոն և հիշատակի օրերին այցելելն ու տոնական ծրագրերով հանդես գալն արդեն բարի ավանդույթ է դարձել։ Հենց ուսումնական տարվա սկզբին շրջանի բոլոր կրթական հաստատությունները և կգցագրված զորամասերը կազմում և հաստատման են ներկայացնում ռազմահայրենասիրական դաստիրարակությանն ուղղված միջոցառումների պլան-ժամանակացույցերը, որոնցով և առաջնորդվում են։ Ինչպես նշեց Շ. Աղաբաբյանը, ռազմահայրենասիրական դաստիարակության ոչ պակաս կարևոր միջոցառումների շարքին է դասվում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթների կազմակերպումը։ Ընթացիկ ուսումնականում նման միջոցառումներ են կազմակերպվել Նորագյուղի, Խնածախի, Սզնեքի, Խնձրիստանի, Սարդարաշենի և Պատարայի միջնակարգ դպրոցումներում։ Նիստում վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասադրության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը ներկայացրեց տեղեկանք 2015թ. կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին։ Բաժնի առաքելությունն է պահպանել, զարգացնել և տարածել մշակութային արժեքները, աշխուժացնել մշակութային կյանքը, վերականգնել հայկական ազգային ավանդույթներն ու սովորությունները՝ մատաղ սերնդի շրջանում քարոզչություն տանել ազգային գաղափարախոսության ուղղությամբ։ Հաշվետու ժամանակաշրջանում շրջանի մշակութային օջախներում կազմակերպվել են Տրնդեզի, Հայրենյաց պաշտպանի, Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին, Կանանց միամսյակին, Ժենգյալով հացի փառատոնին, Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, մայիսյան եռատոնին, ԼՂՀ անկախության հռչակման օրվան, Բերքի տոնին և զինակոչին նվիրված միջոցառումները։ Իսկ Ասկերանի §Բերդ¦ համույթը հաճախ է համերգային ծրագրերով շրջանի տարածքում տեղակայված զորամասերում հանդես գալիս։ Շրջանի մշակույթի բաժինն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև հանրապետական մշակութային մրցություններին և մրցանակային առաջնակարգ տեղեր զբաղեցրել։ Բաժնի մշտական ուշադրության կենտրոնում է երիտասադրության հետ տարվող աշխատանքները։ 2015 թվականին կազմակերպվել են ինտերելկտուալ խաղեր, էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմական տեսարժան վայրեր, ազգային-ավանդական խաղեր, կլոր սեղաններ։ Շրջանի երիտասարդները մասնակցել են նաև հանրապետությունում կազմակերպված մշակութային տարբեր միջոցառումների։ Այսքանով հանդերձ շրջանի մշակութային օջախներում խնդիրներ կան կապված շենքային անբավարար պայմանների, տեխնիկական հագեցվածության և այլ հիմնախնդիրների հետ։ -Բաժնի և մշակութային օջախների աշխատողներից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ մշակույթը նյութական և հոգևոր արժեքների ամբողջություն է, որը ստեղծվել է մարդկության պատմության ողջ ընթացքում, իսկ այս մի փոքրիկ ժամանակահատվածի համար պատասխանատուն մեզանից յուրաքանչյուրÝ է,- ասաց Ռ. Մկրտչյանը։ Նիստի մասնակիցները լսեցին նաև §Արցախէներգո¦ ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Աբրահամյանի տեղեկատվությունը՝ 2015 թվականին կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին։ Նիստում քննարկվեցին այÉ հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Վերջում շրջվարչակազմի ղեկավարը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |