ԱԿՈՒՄԲԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
11.03.2016 10:17 |
Մարտի 2-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը հրավիրել էր շրջանի ակումբավարների խորհրդակցություն: Ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը, գյուղական ակումբների ակումբավարներ: 2015 թվականի կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ Ռ. Մկրտչյանը: Հաշվետու ժամանակաշրջանում շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը բազմաբնույթ միջոցառումների և համերգների կազմակերպմամբ իրականացրել է շրջանի բնակչության մշակութային սպասարկումը, ինչպես նաև կանոնակարգել երիտասարդության հետ տարվող աշխատանքները: Վերջին ժամանակներս մեծ աշխուժություն է նկատվում շրջանի մշակութային կյանքում, տեղաշարժն ակնառու է կազմակերպված միջոցառումների առումով: Տարվա ընթացքում բաժինը համակարգել և վերահսկել է համայնքային մշակույթի օջախների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը, օժանդակել և աջակցել է շրջանում ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը: Տարին եղել է բազմաբովանդակ միջոցառումներով հագեցած: Հարկ է նշել, որ ոլորտի ստորաբաժանումների հետ պատվով է կատարվել կառավարության, նախարարության և շրջվարչակազմի կողմից տրված հանձնարարականները: 2015 թվականին շրջանում կազմակերպվել են Տրնդեզին, Հայրենյաց պաշտպանի օրվան, Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին, Կանանց միամսյակին, Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, Մայիսյան եռատոնին, ԼՂՀ անկախության հռչակման օրվան, գրադարանավարի մասնագիտական տոնին, <<Ժենգյալով հաց>> փառատոնին, <<Բերքի տոնին>>, զինակոչին և Ամանորին նվիրված միջոցառումները: Բաժնի ուշադրության կենտրոնում է նաև բանակ-հասարակություն կապը, կա սերտ համագործակցություն պաշտպանության բանակի զորամասերի հետ: Բաժնի աջակցությամբ <<Բերդ>> համույթը համերգային ծրագրերով բազմիցս հանդես է եկել տարբեր զորամասերում: Հաջողություններ և ձեռքբերումներ են գրանցվել նաև հանրապետական մշակութային մրցույթներում: Մասնակցություն են ունեցել <<Ազգային նվագարանների>> մրցույթին, <<Թթի փառատոնին>>, <<Գինու փառատոնին>>, <<Մշակութային խաչմերուկ>> մրցույթին և տարբեր անվանակարգերով զբաղեցրել մրցանակային տեղեր: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև երիտասարդության հետ տարվող աշխատանքներին: Շրջանի երիտասարդության հետ կազմակերպվել են տարբեր բնույթի միջոցառումներ` ինտելեկտուալ խաղեր, էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմական տեսարժան վայրեր, ազգային-ավանդական խաղեր, <<Իմ սիրած գիրքը>>, <<Առողջ ապրելակերպ>> և <<Հոգևոր անվտանգություն>> թեմաներով քննարկումներ: Շրջանի երիտասարդությունը մասնակցել է նաև հանրապետությունում կազմակերպված <<Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղին, <<Շուշիի ազատագրումը>> հայրենասիրական դաս-երիտասարդական արշավին, <<Ընտանեկան ճամբար-2015>> միջոցառմանը: Կատարած աշխատանքները ներկայացնելուց հետո, բաժնի վարիչն անդրադարձավ նաև մշակույթի օջախների աշխատանքային գործունեությանը և հետագա ծրագրերի իրականացմանը: Նա նշեց, որ չպետք է սահմանափակվել եղածով, այլ պետք է թարմացնել ծրագրերը, հարստացնել նյութատեխնիկական բազան ու ավելի ամրապնդել համագործակցությունն այլ կառույցների հետ, ինչի դեպքում աշխատանքներն ավելի արդյունավետ կկազմակերպվեն: Պետք է հստակ գիտակցել, որ գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացումը պայմանավորված է մշակույթի տների աշխատանքային գործունեությամբ: Մշակույթի օջախներն այն լուսավոր կետերն են, որոնք պետք է համայնքի բնակչությանը ներգրավեն երկրի մշակութային կյանքին, աշխատանքներ տանեն երիտասարդության համախմբման և նրանց ազատ ժամանցի նպատակային կազմակերպման համար: Արդի գիտական նորամուծությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում անհնար է աշխատանքները կազմակերպել նախկին մեթոդներով, քանի որ փոխվել են և’ ժամանակները, և’ մարդկանց հետաքրքրություններն ու պահանջմունքները: Անհրաժեշտ է փոխել աշխատանքի ոճն ու բովանդակությունը և գործին մոտենալ նորովի, ըմբռնումով, պատասխանատվության մեծ զգացումով: Մշակույթի բնագավառի աշխատողները պարտավոր են ամենայն լրջությամբ քարոզչական և դաստիարակչական գործունեություն ծավալել առավելապես երիտասարդության շրջանում և նրանց ներգրավել կազմակերպվող բոլոր միջոցառումներին: Ռուզաննա Մկրտչյանը կանգ առնելով նաև 2016 թվականի միջոցառումների վրա`հավելեց, որ ակնկալում է ավելի ակտիվ և պատշաճ մակարդակով մասնակցություն, իսկ բաժինը միշտ էլ պատրաստակամ է աջակցելու ամեն մի հարցում: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը շնորհակալություն հայտնելով բաժնի վարիչին մանրամասն հաշվետվության համար` միաժամանակ նշեց. -Իրոք, 2015 թվականը հագեցած էր մշակութային բազում միջոցառումներով: Կարելի է փաստել, որ բաժինը պատվով է կատարել բոլոր իր աշխատանքները և դրանում մեծ է բաժնի վարիչի դերը և պատասխանատվության զգացումը: Վկա ենք նրա կայուն համագործակցությանը գյուղական մշակույթի օջախների ու մյուս կառույցների հետ: Միայն համատեղ ուժերով և մեծ ցանկության դեպքում կարելի է հասնել դրական արդյունքների, ինչն էլ այսօր արձանագրվել է մշակույթի բաժնում: Կցանկանայի շեշտել նաև, որ անհրաժեշտ է նորամուծություններ մտցնել մշակութային կյանքում և այն պետք է ակնկալել ակումբավարներից: Տեղերից բարձրացված ցանկացած առաջարկություն կքննարկվի և համապատասխան լուծում կստանա շրջվարչակազմի և բաժնի աջակցությամբ: Մենք պատրաստ ենք բոլոր հնարավորություններն ու ջանքերն ուղղել շրջանում մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու, պահպանելու և սերունդներին հայկական հարուստ մշակութային արժեքները փոխանցելու գործում : Վերջում ակումբավարներին հուզող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Ինչ խոսք, Ասկերանի շրջանում օրեցօր զարգանում և ակտիվանում է մշակութային կյանքը, որի խոսուն վկան են բազմաթիվ այն միջոցառումները, որ բարձր մակարդակով կազմակերպվում են շրջանում: Համոզված ենք, որ 2016 թվականին բաժնի կողմից կարձանագրվեն նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |