ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ ԱՍԿԵՐԱՆԻ ԷԴՄՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
11.03.2016 10:28

    Ամեն մի ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պիտի տա…                                              Վազգեն Սարգսյան

Կարճատև, բայց սխրանքներով լի կյանք ապրեց մեր ժողովրդի արժանավոր զավակ Վազգեն Սարգսյանը: Հայոց նոր անկախության կերտողներից մեկն էր նա, ում անցած աննահանջ ուղին խտացնում է §Արցախյան¦ կոչված հերոսական տասնամյակի բոցաշունչ ոգին, նորոգված հույսն ու հավատը:

Մեր հոգու մտապատկերում այսօր հառնում է հայրենյաց պաշտպան շնորհազարդ հայորդու պարզ և խրորտ կերպարը`շիտակ, համարձակ հայացքը վստահորեն հառած հայոց գալիքին: Շիտակ, քանզի գիտեր ով է ինքը և ինչ է ուզում, համարձակ, քանզի աներկյուղ սիրում էր իր երկիրն ու ժողովրդին…

Մարտի 5-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում` նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակին: Այն կազմակերպել է պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը:

Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ:

Բացման խոսքով հանդես եկավ փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը.

-Վազգեն Սարգսյանը պաշտպանելով հայրենիքի սահմանները` մահառիթ բազում մարտերից վերադարձավ իր քաջերի հետ, կոփվեց որպես հրամանատար և երբ հրամայական դարձավ Ազգային բանակի կազմավորումը, իր լայն ուսերին հանձնառությամբ վերցրեց հիմնաքարերը դնողի դժվարին պարտականությունը ևս: Նրա հարթ բազկով կազմավորվեց և հասակ առավ հայոց բանակը` հանուն հայրենի եզերքներում խաղաղության ապահովման:

Իրեն հատուկ վարակիչ անմիջականությամբ Վազգեն Սարգսյանը գիտեր համախմբել, գործի մղել, անհնարինը հնարավոր դարձնելու մղումով արարել ու արարման առաջնորդել: Հայրենիքի հանդեպ նույն պատասխանատվությամբ գործելու կամքով ու վճռականությամբ նա ստանձեց Հայաստանի վարչապետի պարտականությունը` իրեն բևեռելով բարեփոխումներ ակնկալող բյուրավոր հայորդիների հույսերը: Նա նվիրական փափագ ուներ. կերտել օրինակարգ հասարակությամբ կայուն, շեն ու բարգավաճ Հայրենիք, տեսնել իր ժողովրդի միասնությամբ ամուր ու երջանիկ կյանքը…

Այնուհետև ելույթ ունեցան դպրոցականները: Նրանք ներկայացրեցին հերոսի անցած ուղին, հետաքրքիր դրվագներ պատմեցին նրա կյանքից:

Վազգեն Սարգսյանը սրտում կրելով վաղվա զորեղ Հայաստանի տեսլականը`իր ստեղծագործ ոգուն ներհյուսեց իր ողջ կյանքն ու հոգին: Հայացքը հառած Մասյաց լուսեղ գագաթներին` խիզախ հայորդին կերտեց մի ողջ ազգի կենսագրություն, իր հոգու թաքուն ծալքերում բոցավառելով` Հայաստանը միասնական և հզոր տեսնելու հավատը:

Ներկա սերունդը քաջ գիտեր, որ արծիվները չեն պարտվում, կաղնիները կանգնած են մեռնում, իսկ ֆիզիկական մահը գաղափարի, գաղափարախոսի, հերոսի վերջը չէ, այլ մի նոր սկիզբ, ուր նա ապրում և ապրելու է առավել լեցուն և հնչեղ մի կյանքով, որն է` անմահությունը հոգու:

Աշակերտները ներկայացրեցին նաև հերոսի մոր և հարազատների հուշերը քաջ հայորդու մասին, որոնք լի էին հայրենասիրությամբ, հավատով ու մեծ նպատակներով: Իսկ սպարապետի խոսքերն արտասանեցին մի առանձին հպարտությամբ, չէ որ այդ խոսքերով դաստիարակվում ու կշարունակվեն դաստիարակվել բազում սերունդներ:

Դպրոցականներն այս օրվան մի յուրահատուկ պատասխանատվությամբ ու շուքով էին նախապատրաստվել. նրանք հանդիսատեսին ներկայացան նոր երգերի կատարումներով, ինչը մեծ ոգևորություն և հույզեր հաղորդեց ներկաներին:

Հիրավի, մենք մասնակիցը եղանք հայրենասիրական մի իսկական դասի: Վերհիշելով ու գնահատելով  մեր հերոսներին` մատաղ սերնդի մեջ ավելի ամրացավ սերն ու հպարտությունը նրանց նկատմամբ: Ամեն մի աշակերտ հստակ գիտակցեց, որ ինքն է լինելու հայ քաջորդու արժանի հետնորդը  և հոգու խորքում պարտավորվեց լինել օրինակելի, կարգապահ ու խելացի: Չէ որ հենց ինքն է մեր հերոսների արյան գնով ստեղծված այս չքնաղ երկրի հույսն ու ապագան…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter