ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴՍ ԱՊՐԻ ԵՐՋԱՆԻԿ, ԱՆՀՈԳ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽ |
14.03.2016 17:26 |
Իրավմամբ, ճիշտ է ասված, որ մարդ իր ապրած կյանքով, արած ու թողածով է իրեն լիարժեք մարդ զգում: Երբ հետ է նայում իր անցյալին, կշռադատում ամեն մի քայլ ու արարք և հեռու անցյալում գտնում այն ամենը, ինչի համար այսօր կարող է հպարտորեն բարձրացնել գլուխն ու քայլել բաց ճակատով ու մաքուր խղճով։ §Այո՛, ճանապարհս ուղիղ գնացի, դաստիարակեցի չորս զավակներիս, իմ համեստ ներդրումն ունեցա հարազատ գյուղիս կայացման գործում և մինչև կյանքիս վերջին օրը կշարունակեմ պաշտել հայրենիքիս հողն ու ջուրը, հարազատ Խնապատիս ամեն մի անկյունը¦,-այսպես է մտածում 90-ամյա Թարխան Արտեմի Ասրյանը: Վերջերս է լրացել նրա 90-րդ տարեդարձը և կյանքում ամեն ինչ տեսած ծերունին այսօր երջանիկ է: Ինչպես ինքն է ասում. §Ամեն առավոտ արթնանալ ու շնչել այս մաքրամաքուր օդը, վայելել կախարդական ու զարմանալի այս բնությունը, միթե բավական չէ երջանիկ լինելու համար¦: Ծնվել է 1926 թվականի փետրվարի 5-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Ավարտելով գյուղական դպրոցի 7-րդ դասարանը` կիսատ է թողնում ուսումը և բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգալու համար աշխատանքի է անցնում կոլտնտեսությունում: 1944 թվականին զորակոչվում է Սովետական բանակի շարքերը և վեց ամիս Դաղստանի Բույնակսկ քաղաքում ծառայելուց հետո, տեղափոխվում Բաքու` նավթահանքերում աշխատելու համար: Այս ընթացքում նա անցնում է տրակտորիստների դասընթացներ և ձեռք բերում տրակտորիստի մասնագիտություն: Չնայած Բաքվում էր, սակայն մտքերով ծնողների հետ էր: Ավագ եղբայրը` Ռուբենը ռազմաճակատում էր, հորն օգնող ձեռք չկար, քույրերն ու եղբայրները դեռ շատ էին փոքր: Անընդհատ մտածում էր, թե ինչպես են ապրում, ոնց են դիմանում դժվարություններին ու կարիքին: 1947թ. վերադառնում է գյուղ և անմիջապես աշխատանքի անցնում Ստեփանակերտի մեքենա-տրակտորային կայանում: Աշխատում է նախ որպես տրակտորիստ ու կոմբայնավար, իսկ հետագայում` կայանի պետ: 1958 թվականին, կայանի լուծարումից հետո աշխատանքի է անցնում Խնապատում, որպես մեխանիզատոր, ապա դառնում նույն բրիգադի բրիգադավար: 1960 թվականին մասնակցել է հանրա-պետական մասշտաբով կազմակերպված մեխանիզատորների հավաքին: Մինչ հավաքի սկսվելը, նրան կանչել են ու հայտնել, որ օրինակելի աշխատանքի համար կստանա մեծարժեք նվեր` մոտոցիկլ: Սակայն հավաքից հետո նվերն ստացավ Խոջալուից եկած ադրբեջանցի ավտովարորդ, իսկ իրեն տվեցին պատվոգիր, ժամացույց և 120 ռուբլի: Աշխատանքին զուգահեռ նա հեռակա կարգով սովորել և ավարտել է Ստեփանակերտի մեխանիզացիայի տեխնիկումը: Թարխան Ասրյանը միշտ էլ աշխատել է անմանցորդ նվիրումով: 1963թ. Ամարասի դաշտերում ցորենի բերքահավաքի ժամանակ հանկարծակի բռնկված հրդեհի պատճառով ստանում է ծանր այրվածքներ և չորս ամիս շարունակ պառկում հիվանդանոցում: Երկարատև բուժումից հետո անմիջապես վերադառնում է աշխատանքի: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, արժանացել է §Վաստակավոր մեխանիզատոր¦-ի կոչմանը, §Աշխատանքի վետերան¦ մեդալի: 1986 թվականից թոշակառու է, սակայն թոշակի անցնելուց հետո երկար տարիներ շարունակել է աշխատել: Ասում են, բնավորությամբ անհանգիստ մարդ է Թարխան պապիկը: Հայրենի հող ու ջրի հետ ներդաշնակ, նա բարիք է արարում, ծառ տնկում, հող մշակում: Տարիքը հաշվի չի առնում և ամբողջ օրն անց է կացնում այգում: Գյուղից երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող §Հարթ¦ տեղամասում թթայգի է մշակում և միշտ զարմանում, թե ինչպես կարելի է անգործ ու ծույլ լինել, երբ շրջապատված ես այսպիսի չքնաղ բնությամբ, բերք ու բարիքով: Նա անչափ նվիրված է հայրենի բնաշխարհին: Գիտի հարազատ գյուղի շրջակա տարածքների անվանումները, տեղանքի առանձնահատկություններն ու գաղտնիքները: Սիրում է շրջել անտառի կախարդական բնության մեջ և ամեն անգամ ավելի ու ավելի է բացահայտում նրա աննկարագրելի հմայքները: Անտառը, այգին նրա տարերքն են: Ասես, Թարխան պապիկը հոգնել չգիտի: Նա հոգնում է, երբ չի աշխատում: Հաճախ է դժգոհում վատ եղանակներից: Ախր, ինչպես անգործ նստել տանն ու սպասել գարնան գալուն…Հաճախ կարոտով հիշում է անցյալը, երբ երիտասարդ էր և աշխատելու էներգիայով լցված: Մի առանձին ջերմությամբ ու ակնածանքով է խոսում կոլտնտեսային աշխատանքների հմուտ գիտակ և կազմակերպիչ, շատ բարի մի անձնավորության` Ավետիս Գալստյանի մասին, ով շատ մեծ ներդրում ունեցավ Խնապատի կոլտնտեսության տնտեսական բարձր ցուցանիշներ ·ñ³Ýó»Éáõ գործում: Մտաբերում է և նույն պատասխանատվությունն ու աշխատասիրությունը ցանկանում երիտասարդ սերունդներին… Այսօր Թարխան Ասրյանը շրջապատված է զավակների, թոռների ու ծոռների սիրով, չնայած մենակ է ապրում իր տանը: §Երբեք չեմ մտածել հայրենի օջախս լքելու և զավակներիս մոտ տեղափոխվելու մասին, չնայած նրանց բազմաթիվ խնդրանքներին ու հորդորներին: Չէ որ այստեղ են անցել իմ ուրախ և տխուր օրերը, այստեղ են ծնվել իմ զավակները, որոնք այսօր իմ հպարտությունն են և հույսը: Հարազատ գյուղիս ամենափոքր մասնիկն անգամ չեմ փոխի ոչնչի հետ: Ամեն օր Աստծուց և խնապատցիներիս համար սրբատեղի Մեծ Նանից խնդրում եմ խաղաղություն Արցախ աշխարհի համար: Թող ոչ մի մանուկ պատերազմ չտեսնի, թող ժողովուրդս ապրի երջանիկ, անհոգ ու համերաշխ: Հարազատ Խնապատս շեն մնա և օրեցօր լցվի նորածին մանուկներով¦,-ասում է հոբելյարն ու նրա դեմքին հայտնվում է ծերունական անմեղ ու բարի մի ժպիտ: Հիրավի, մեծ բավականություն և գորովանք ես ստանում, երբ զրուցում ես ավագ սերունդների հետ: Չէ որ նրանք են մեր ժողովրդի պատմությունն ու անցյալը: Իսկ երբ այդ անցյալը մաքուր է ու ազնիվ, ապա ավելի է ահագնանում հպարտությունդ ու սերդ ազգիդ հանդեպ… Այո՛, նրանք են այն ամուր հիմքը մեր երկրի, որի պահպանման առաքելությունը երիտասարդ ու գալիք սերունդների վրա է… Համոզված ենք, որ 90-ամյա Թարխան Ասրյանի հետ կհանդիպենք նրա 100-ամյա տարելիցին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |