ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԱՆՁՆՈՒՐԱՑ ՏՂԱՆԵՐԻՆ |
16.03.2016 15:38 |
Մարտի 15-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում վերստին մեծարման հուշ-ցերեկույթ էր: Թեև միջոցառումն ինքնին տխրության և կարոտի շունչ էր հաղորդում, սակայն սզնեքցիները մի յուրահատուկ հպարտությամբ էին համակվել: Այս համայնքում Արցախյան պատերազմում նահատակված սզնեքցիներին մեծարելը բարի ավանդույթ է դարձել, նրանց հիշատակը հարգելը`սուրբ պարտականություն և անդրդվելի խոստում: Միջոցառումը նվիրված էր քաջ ազատամարտիկ Սամվել Ավանեսյանի ծննդյան 55-ամյակին: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, հերոսի մարտական ընկերներ ու հարազատներ, սզնեքցիներ, Ն զորամասի զինվորներ: Ներկաները նախ ծաղիկներ դրեցին սզնեքցի զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը: Ապա հանդիսավոր միջոցառումը շարունակվեց Ներքին Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի զինղեկ Գարիկ Մարգարյանը: Նա շեշտելով Սամվել Ավանեսյանի անձնուրաց գործն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենիքին`նշեց, որ այսօրինակ միջոցառումները նշանակալից դեր ունեն մատաղ սերնդի համար: Հիշելով ու գնահատելով հերոս տղաների կատարածը`յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ այս հողը ձեռք է բերվել նրանց արյան գնով և պետք է այն պահել ամենայն սրբությամբ: Զեկույցով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանը. -Փառք ու պատիվ տալով հայ զինվորի բազկի զորությանը` որը հինգ տարիների ընթացքում կարողացավ անհնարինը դարձնել հնարավոր, միաժամանակ անհուն կսկիծով, ինչպես նաև պարծանքով ենք հիշում մեր բոլոր այն քաջորդիների անունները, ովքեր հերոսաբար ընկան Հայրենիքի ազատության և անկախության համար` դառնալով սուրբ նահատակներ: Նրանցից յուրաքանչյուրը սիրել է կյանքը մեզանից ոչ պակաս, սակայն նրանք ամենաթանկն անգամ չեն խնայել հանուն լուսավոր ապագայի: Մենք հիշում ենք նրանց անուն առ անուն, իսկ սերունդներին դաստիարակում նրանց հայրենասիրական վառ օրինակով: Մոռանալ նրանց նշանակում է մոռանալ մեր անցյալը, մեր պատմությունը, իսկ անցյալ չունեցող ազգն ապագա ունենալ չի կարող: Արցախի ազատագրական պայքարում մեծ ներդրում ունեցավ նաև մեր գյուղը: Մեր ազատամարտիկները մասնակցեցին բազմաթիվ մարտերի` Քարին տակի նշանավոր ճակատամարտից, Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքի բացումից, Աղդամի ազատագրումից, Մարտակերտի և Ասկերանի շրջանների պաշտպանությունից ու ազատագրումից մինչև Օմար: Ավա~ղ, 12 սզնեքցի տղաներ իրենց մատաղ կյանքը դրեցին Հայրենիքի ազատության ու անկախության զոհասեղանին, իսկ մեկ հոգի անհայտ կորավ: Սամվել Ժորայի Ավանեսյանը ծնվել է 1961 թվականի մարտի 15-ին Ստեփանակերտ քաղաքում: Սովորել է թիվ 3 միջնակարգ դպրոցում և իր բարեհամբույր խառնվածքի, ակտիվ բնավորության և ընկերասիրության շնորհիվ ուսուցիչների ու ընկերների սիրելին էր: Նա շատ էր սիրում հայրենի գյուղը և հաճախ էր դպրոցական արձակուրդներն անցկացնում այնտեղ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: 1979-80թթ. ծառայել է Գերմանիայում` Խորհրդային բանակի կապի զորքերում: Սամվելը վեց ամիս շարունակ մասնակցել է դեսանտայինների ընտրության համար անցկացվող զինավարժություններին, որոնք հետագայում նրա համար կարևոր նշանակություն ունեցան ազերիների դեմ մարտնչելիս: Բանակային ծառայությունն ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենիք և անմիջապես աշխատանքի անցավ: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Սամվելը չկարողացավ անմասն մնալ տեղի ունեցող իրադարձություններից: Նա այն առաջիններից էր, ով շուտ հասկացավ, որ անկախությունը ձեռք կբերվի սոսկ զինված պայքարով, այլ ոչ թե ցույցերի ու գործադուլների միջոցով: Իսկ դրա համար զենք ու զինամթերք էր հարկավոր և հայրենքի կամավոր պաշտպաններն սկսեցին դիմել վտանգավոր ու հանդուգն քայլերի: Սամվելը եկավ հայրենի գյուղ և այստեղ նրա նախաձեռնությամբ կազմավորվեց <<Սասուն>> կամավորական ջոկատը, որն սկսեց նետվել վտանգավոր տեղամասեր ու շրջաններ: Անվեհեր մարտիկն իր ջոկատի հետ առաջին մարտական մկրտությունն ստացավ 1992 թ. հունվարի 26-ին Քարին տակի հայտնի ճակատամարտում: Այդ արյունոտ օրը պետք է վճռվեր ոչ միայն Քարին տակի, այլև Շուշիի դեմ կանգնած մի շարք բնակավայրերի լինել-չլինելու հարցը: Այդ բանը լավ գիտակցելով` ջոկատի տղաները առաջիններից էին, որ օգնության հասան Քարին տակի պաշտպաններին, և թշնամին այստեղ սոսկալի ջարդ կրեց, որը երբեք չջնչվեց նրա հիշողությունից: Սամվելն իր տղաների հետ մասնակցեց Շուշիի ազատագրման, Լաչինի միջանցքի բացման ռազմագործողություններին: Խայտառակ պարտություններ կրելով`գազազած թշնամին 1992թ. հուլիսի 12-ին լայնածավալ հարձակում սկսեց Ասկերանի ուղղությամբ`գրավելով շրջանի մի շարք բնակավայրեր: Շարունակական մարտեր էին տեղի ունենում Քյաթուկի ենթաշրջանի գյուղերի պաշտպանության համար, որին անմիջական մասնակցություն էր ունենում նաև Սամվելի հրամանատարությամբ Սզնեքի միացյալ ջոկատը: 1992թ. հուլիսի 21-ը սևով գրվեց ջոկատի պատմության էջերում: Քյաթուկի բարձունքում թշնամու ականանետային կատաղի ռմբակոծության ժամանակ զոհվեց աննկուն հրամանատարը: Նա ապրեց կարճ, սակայն բովանդակալից կյանք, որն ամբողջովին նվիրեց Արցախին ու նրա ազատագրման վեհ գործին: Սամվել Ավանեսյանը հետմահու պարգևատրվել է <<Շուշիի ազատագրման համար>> և <<Մարտական ծառայությունների համար>> մեդալներով: Նա ամուսնացած էր, ունի 2 աղջիկ։ Նրա ընտանիքն այսօր ապրում է Հայաստանի Հանրապետությունում: Ուշագրավ էր համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանի սրտի խոսքը. -Սամվելն այն անհատականություններից էր, ով Արցախյան շարժման ալիքների մեջ մտնելով, նայելով հեռուն` կանգնեց ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման ակունքներում: Սկզբնական շրջանում առանց վախենալու ծավալում էր ընդհատակյա գործունեություն: Այնուհետև ստեղծեց ինքնապաշտպանական ջոկատ և իր ջոկատով տեղափոխվեց հայրենի գյուղ, որտեղ գործելն ավելի հեշտ էր: Նրա հրամանատարությամբ մենք մասնակցեցինք բազում մարտերի: Լավ ընկեր էր, բարի, հայրենասեր ու խիզախ: Նա բոլորիս հուշերում մնաց որպես կենդանի լեգենդ: Համոզված եմ, որ Սամվելի և բոլոր մեր տղաների հայրենասիրական ոգով են տոգորված մեր զինվորները և վստահորեն են պաշտպանում Հայրենիքի սահմանները: Համագյուղացի Շահեն Մարգարյանը հուզմունքով և կարոտով խոսեց Սամվելի մասին.-<<Սամվելին ճանաչում եմ դեռ փոքրուց: Նա իր հայրենի գյուղի սիրահարն էր և հաճախակի էր լինում այստեղ: Ընկերասեր էր, շռայլ, խելացի և աչքի էր ընկնում իր համարձակությամբ, ճիշտ և հստակ մտածողությամբ: Անչափ նվիրված էր իր հող ու ջրին, իսկ կնոջը, երեխաներին ու ծնողներին վերաբերվում էր մի առանձին ջերմությամբ: Այսօր բոլորս ցավով ենք հիշում, որ չարաբաստիկ հուլիսի 21-ին մեր ջոկատի համար դաժան օր էր: Տվեցինք 2 զոհ և 3 վիրավոր: Աշխարհում ոչինչ հավերժական չէ, և ամեն մի մարդ ունի իր ճանապարհը, սակայն Սամվելի ու իր բախտակիցների ուղին մեկն ` հավերժից մինչև հավերժություն>>: Սրտի խոսք ասաց նաև հերոսի եղբայրը`Արտուր Ավանեսյանը, ով նույնպես Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից էր և հաշմանդամ: Նա նշեց, որ այսօրվա միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ ոչինչ մոռացված չէ և քաջ տղաների անունները կհիշվեն դարեդար: Այս հանդիսավոր միջոցառման համար նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր սզնեքցիներին: Այնուհետև ներկաները վայելեցին դպրոցականների հանդեսը, որը լի էր հպարտությամբ, վճռականությամբ և մեծ խոստումով: Զինվորների երգն ու ասմունքը մի առանձին ոգևորություն հաղորդեց միջոցառման մասնակիցներին, իսկ շարքային Տարոն Վեքիլյանը բոլոր զինվորների անունից երդվեց սրբորեն պահպանել մեր հերոսների արյան գնով ազատագրված հայկական հողը և պատվով շարունակել նրանց կիսատ թողած գործը: Անշուշտ, օրվա միջոցառումն իր մեծ իմաստով ու բովանդակությամբ ընդգրկվեց Ներքին Սզնեքի պատմության լուսավոր էջերում: Այն կթերթեն գալիք սերունդները և կհպարտանան հայրենի գյուղի պանծալի տղաներով և նրանց անցած մաքուր ու խրոխտ ճանապարհով: Հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր զոհված տղաներին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |