ԹՈՂ ՄԻՇՏ ԾԱՂԿԻ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃԻ ՆԵՐՔԻՆ ՍԶՆԵՔԸ |
16.03.2016 17:18 |
Երբ մարտի 15-ին ինձ առիթ ընձեռնվեց լինել մեր շրջանի Ներքին Սզնեք գյուղում, ես չկարողացա անտարբեր մնալ ու չկիսել իմ մտքերը մեր ընթերցողների հետ: Հնամենի այս գյուղը, որ ընկղմված է յասամանների ու վարդերի մեջ, որ շրջապատված է կուսական ու հանելուկային անտառներով, աշխարհի մի գողտրիկ անկյուն է ասես, որը գերող ու ձգողական մեծ ուժ ունի: Այստեղ բնությունն այնքա~ն չքնաղագեղ է ու փթթուն, աղբյուրներն այնքա~ն սառնորակ ու զուլալ: Գյուղն իր ավանդույթներն ու օրենքներն ունի: Ժողովուրդը միասնական է, բարի ու աշխատասեր: Նրանց համար սրբատեղի դարձած Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհված սզնեքցիների պատվին կառուցած հուշահամալիրն աչք է շոյում իր բարեկարգ ու կոկիկ տեսքով: Այստեղ պարբերաբար անց են կացվում շաբաթօրյակներ, որին մասնակցում են մեծ, թե փոքր: Հիրավի, սզնեքցին բարձր է գնահատում իր հերոսներին: Փոքրիկ առանձնազրույց ունեցա համայնքի ղեկավար Էդուարդ Մուսայելյանի հետ: Ինչպես միշտ նա ապագայի հանդեպ լավատեսությամբ ու մեծ հույսով էր լցված: Համայնքի աշխատակազմի քարտուղար Մարինե Մարգարյանի հետ իրար լրացնելով`նրանք պատմում էին գյուղի մասին: Նրանց ամեն խոսքում հպարտություն և հավատ կար: Հոգ չէ, որ գյուղը դեռևս գազաֆիկացված չէ, չկա ակումբի շենք, իսկ հանդիսությունների տունը կիսակառույց է... Հույսը մեծ է, կլուծվեն նաև այդ խնդիրները և ամեն ինչ հունի մեջ կընկնի: Համայնքի ղեկավարը նշեց, որ երկրի վարչապետ Արա Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սատարելու հանդիսությունների տան շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Նա երախտագիտությամբ ավելացրեց, որ գյուղը մշտապես գտնվում է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուշադրության կենտրոնում: Նրա աջակցությամբ լուծվել են մի շարք բնակարանների տանիքների վերանորոգման խնդիրները, ինչպես նաև նրա միջնորդությամբ 2016 թվականին գյուղում 5 անչափահաս երեխա ունեցող մեկ ընտանիքի համար կկառուցվի նոր բնակարան: Այսօր դպրոցում սովորում է ընդամենը 13 աշակերտ, որոնցից մեկը` 9-րդ դասարանցի Կարեն Մարտիրոսյանը, մասնակցելով շրջանային և հանրապետական օլիմպիադաների հայ գրականություն առարկայից, զբաղեցրել է առաջին տեղը և կմասնակցի Երևան քաղաքում կազմակերպված օլիմպիադային: Միթե սզնեքցին չպետք է հպարտ լինի, որ Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի անունը կհնչվի Մայր Հայաստանում: 2015թ. գյուղում արձանագրվել է հինգ ծնունդ, ինչի մասին մեծ ոգևորությամբ արտահայտվեց համայքնի ղեկավարը: Ասել է թե, բացառվում է դպրոցը փակվելու մոտալուտ վտանգը: Ներկա դրությամբ գյուղում կա նախադպրոցական տարիքի 13 երեխա: Համայնքի ղեկավարը մի առանձին ակնածանքով և ուրախությամբ խոսեց նաև արմատներով սզնեքցի, ռուսաստանաբնակ Վալերի Անդրեյի Ասծատրյանի մասին: Մի անգամ այցելելով հարազատ գյուղ`նա որոշում է կայացնում իր հայրական տան հիմքի վրա կառուցել նոր տուն: Որոշում է և այն ի կատար ածում: Ինչ խոսք, տան շինարարությունը նոր շունչ և կենդանություն տվեց ժողովրդին: Մարդիկ գալիս նայում ու հիանում էին շինարարական աշխատանքներով: Չէ որ մի նոր ծուխ է ավելանում գյուղում: Սակայն Վալերի Ասծատրյանը չի բավարարվում սոսկ տուն կառուցելով և հաճախակի այստեղ ապրելով: Մեծ սիրտ ու հոգի ունեցող այս մարդն սկսում է նաև բարեգործական աշխատանքներ իրականացնել և իր ողջ ուշադրությունը սևեռում դպրոցի հիմնախնդիրների վրա: Երբ հերթական անգամ գալիս է գյուղ, ամենառաջինը երեխաներն են ուրախանում: Նրանք գիտեն, որ բարի պապիկը կուրախացնի իրենց իր նվերներով: Բարեգութ մարդը դպրոցին նվիրել է դաշնամուր, սպորտային ապրանքներ, իսկ բոլոր աշակերտներին`սպորտային հագուստներ: Գերազանց սովորող և օլիմպիադաներին մասնակցած աշակերտներին խրախուսում է դրամական պարգևներով, ինչից ավելի են ոգևորվում երեխաները: Վերջերս էլ խոստացել է դպրոցին նվիրել պատճենահանման սարք, որի կարիքը շատ է զգացվում: Վերջին ժամանակներում հաճախակի էի մասնակցում Սզնեքում կազմակերպվող մի շարք միջոցառումների և անձամբ էի նկատում Վալերի Ասծատրյանի մեծ նվիրվածությունն ու կապվածությունը գյուղին: Ասում են, որ նա ապրում է գյուղի դարդ ու ցավերով, ուրախությամբ ու հաջողություններով: Համայնքի փողոցային լուսավորման էներգախնայող նոր լապտերներ նվիրաբերելով գյուղին`նա հավանաբար նոր սկիզբ դրեց իր բազում բարեգործություններին, ինչի մեջ համոզված են բոլոր համագյուղացիները: Իրոք, ամեն անգամ այցելելով Ներքին Սզնեք գյուղ մեծ բավականություն եմ ստանում և առանձնահատուկ զգացմունքներով լցվում: Տեսնում եմ մարդկանց պարզ, ըմբռնող ու երախտապարտ դեմքերը ու հասկանում, որ այստեղ իշխում է միայն համերաշխությունն ու բարությունը: Այստեղ մարդիկ պարզապես ապրում են անցյալի վառ հիշողություններով, իսկ գալիքի հանդեպ տածում են մեծագույն հավատ: Եվ որ ամենակարևորն է` գյուղում ուսում է ստանում ու դաստիարակվում հայեցի ոգով տոգորված և պատվախնդրությամբ լցված մատաղ սերունդ: Թող իրականան բոլոր այն նպատակները, որ ունի Սզնեք գյուղը: Թող ստվարանա Վալերի Ասծատրյանի նման բարեգործ մարդկանց խումբը` ի շահ հայրենի փոքրիկ գյուղի բարգավաճման ու ծաղկման… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |