ԱՐՑԱԽԸ ԲԱՑԱՌԻԿ ՈՒ ՀՐԱՇԱԼԻ ԵՐԿԻՐ Է
24.03.2016 14:43

 Արցախ աշխարհն իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ, հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով կարող է ամրապնդել իր դիրքերը տուրիզմի միջազգային շուկայում և ներկայանալ աշխարհին իր բազմադարյա մշակութով, գեղատեսլի վայրերով, աննման ու կուսական բնությամբ:

Թերևս զբոսաշրջությունը գյուղատնտեսության հետ միասին կարելի է համարել Արցախի տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը, որն ունի առանձնացված պետական քաղաքականություն՝ Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելուց բացի նաև զբոսաշրջիկներից ստացված եկամուտներ ապահովել, աշխատատեղեր ստեղծել:

Արցախում զբոսաշրջությունն ունի զարգացման բազմաթիվ նախադրյալներ ու տարեցտարի մեր երկիր այցելողների թիվն աճում է: Սակայն, կարծում ենք այս ոլորտին առնչվող խնդիրներ ու անելիքներ դեռևս ունենք։ Բանն այն է, որ որոշ երկրներում Կովկասն ու տեղաբնակներին համարում են լեռնային ու քաղաքակրթությունից հեռու մարդիկ։ Նույն կարծիքն էին հայտնել Վալենտին Խարչենկոյի մտերիմները, երբ նա հայտնել էր իր մտահղացման մասին՝ դեպի Կովկասյան պետություններ ճանապարհորդություն կատարելու մասին։ Վալենտինն իր ճանապարհորդության 50-րդ օրն հյուրընկալվել էր ՙԲերդ՚ թերթի խմբագրությունում։ Նա իր ճանապարհորդության մեկնարկը տվել է հունվարի 31-ին Ուկրաինայի Խարկով քաղաքից։ 20-ամյա երիտասարդի ճանապարհորդության մեկնելու հիմնական նպատակն ինքնահաստատումն է։ ՙԵս թեպետ Խարկովի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ուսանողն եմ, սակայն դեռևս չեմ կողմնորոշվել, թե ինչ պիտի տամ այս կյանքին ու ինչ ունեմ նրանից վերցնելու։ Կարծում եմ այս շրջագայության ընթացքում բազմաթիվ հարցերի պատասխաններ ինձ համար գտա, կատարեցի բացահայտումներ։ Կատարել եմ նաև նկարահանումներ, որոնք տեղ հասնելուն պես կտեղադրեմ համացանցում, կկիսվեմ իմ տպավորություններով առցանց՚։

Առայժմ նրա ճանապարհորդությունը դեռևս շարունակվում է, որը կտևի ևս մեկուկես ամիս։ Այս ընթացքում նա հեծանվով կտրել անցել է 3350կմ ճանապարհ։

Մեծ էին նրա տպավորություններն Արցախի ու Հայաստանի մասին, որոնք գերազանցել էին նրա սպասումները։  Ինչպես ճանապարհորդն էր ասում՝ նրա ճանապարհորդության նպատակը կովկասյան ազգերի ազգային կոլորիտին ծանոթանալն է ու այն աշխարհին ներկայացնելը։ Նա եղել է մեր հարևան պետություններում՝ Վրաստանում, Ադրբեջանում, շփվել հասարակ ժողովրդի հետ։ Նրա հավաստմամբ, ինքը քաղաքականությամբ չի հետաքրքրվում։ Խոսելով Ադրբեջանում շրջագայությունների մասին, Վալենտինն ասաց, որ հասարակ ժողովուրդը երբեք պատերազմ չի ցանկանում և ավելինª  դատապարտում են այն հրահրողներին։ ՙԿարծում եմ, եթե չեզոք գոտում հանդիպեն հայն ու ադրբեջանցին իրար հետ լեզու կգտնեն։ Այլ բան է, թե ինչ են մտածում նրանց ղեկավարները։ Ես գիտեմ, որ երբ Ադրբեջանում իմանան, որ ես Արցախ եմ նաև այցելել հաջորդ անգամ ինձ այնտեղ չեն ընդունի։ Իսկ Արցախում գիտեմ, որ նման խնդիրներ չեն ծագում։ Այստեղ հարգում են զբոսաշրջիկների կարծիքն ու ընտրությունը։ Դուք հրաշալի բնություն, երկիր և մարդիկ ունեք, ես հիացած եմ Գանձասարով, այն իսկապես որ մեծ գանձ է այս փոքրիկ, սակայն չնաշխարհիկ պետության համար։ Իմ շրջագայած բոլոր վայրերում միշտ էլ բավականին բարյացկամ մարդիկ են հանդիպել ու ես հակված եմ այն մտքին, որ լավ ու վատ մարդիկ կան բոլոր ազգերի մեջ՝ առանց խտրականության։ Դեպի Ասկերանի տարածք ուղերթի ժամանակ ես երիտասարդ տղաների հանդիպեցի։ Նրանցից մեկի անունը Մասիս էր, մյուսինը՝ Սեւան։ Ստացվում է մեկը բոլոր հայերի սուրբ լեռն ու պաշտամունքն է, և առհասարակ ամբողջ աշխարհին հայտնի բիբլիական լեռ՝ Մասիսը, մյուսն էլ հայերի կապուտաչյա Սեւանը։ Ա՛յ քեզ զուգադիպություն, սա խոսում է ձեր՝ հայերիդ հայրենասիրության մասին՚ - անկեղծ ասում է զրուցակիցս՝ ավելացնելով, որ Արցախում կլինի եւս մեկ օր, ապա կուղևորվի Երևան։ Այնտեղ նա անպայման կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն, այն համոզմամբ, որ յուրաքանչյուր իրեն հարգող քրիստոնյա ժամանելով Հայաստան առաջինը պետք է Ծիծեռնակաբերդ այցելի։

-Ես դատապարտում եմ բոլոր տեսակի պատերազմները, միջազգային կոնֆլիկտները։ Ազատ ու անկախ ապրելու իրավունք ունեն բոլորը և իմ ամենամեծ ցանկությունն է՝ խաղաղություն ամբողջ աշխարհին,- հրաժեշտից առաջ ասաց Վալենտինը։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter