ԹՈՂ ՏԵՐՆ ԻՐԱՊԵՍ ԿԵՆԴԱՆԻ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ |
29.03.2016 09:50 |
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. §Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ¦: Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: §Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը¦: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են §Քրիստոս Յարեաւ ի մեռելոց¦ ավետիսով, պատասխանում՝ §Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի¦: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ §Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի¦, և ինչպես իմաստուններն են ասում. §Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը¦: Արդեն բարի ավանդույթ է դարձել Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում Հարության տոնը նշելն ու Զատիկի նախօրեին շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժնի վարիչներին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը խորհրդանշող նվերներ հանձնելը։ Այս տարի ևս բացառություն չէր։ Կենտրոնի սաները՝ տնօրեն Մերի Գաբրիելյանի գլխավորությամբ իրենց ձեռքերով պատրաստված Զատկի տոնի խորհրդանիշներով հյուրընկալվեցին վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի աշխատասենյակում։ Ս. Գրիգորյանը երեխաներին նվերներ հանձնեց, իսկ Մ. Գաբրիելյանին նաև շնորհակալություն հայտնեց՝ ազգային ու ավանդական տոները մշտապես նշելու, երեխաների մոտ սերն առ Հայրենիքն ու ազգայինը մշտաբորբոք պահելու համար։ -Սուրբ Զատիկն ուրախության տոն է: Այն ամբողջ քրիստոնյա ժողովրդի տոնն է ու Քրիստոսի հարությունը պետք է ապրի յուրաքանչյուրիս սրտում՝ իր խղճի հետ միասին: Աղոթենք միմյանց համար, մեր Արցախ աշխարհի խաղաղության համար: Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ Զատիկը, բոլորիս տները ուրախությամբ, իսկ հոգիները թող լույսով լցվեն, մեր Տերն իրապես կենդանի լինի յուրաքանչյուրիս հոգիներում։ Աստված մեր ժողովրդին փրկիչ և պահապան,- ասաց Ս. Գրիգորյանը։ Շնորհավորանքի, երախտագիտության ու բարեմաղթանքի խոսք ասացին նաև վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյան, §Ուսումնական հաստատությունների տնօրինություն¦ ՊՈԱԿ տնօրեն Կառլեն Մայիլյանը։ Բարեմաղթանքները շատ էին ու բազմապիսի՝ մեր մանուկներին անհոգ ու խաղաղ մանկություն, մեր սահմաններին անառիկություն, Սուրբ Քրիստոսի հավատով, հույսով ու սիրով լցված միշտ անսասան կանգնենք մեր նախնիներից ժառանգած այս սուրբ հողում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |