ԹՇՆԱՄԻՆ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՉԻ ՔԱՂԵԼ
05.04.2016 11:44

  Երեկ մենք կրկին ազատամարտիկների և կամավորականների տեղակայման վայրում էինք։ Այստեղ չեն դադարում կամավորական ջոկատների հոսքերը։ Վերջիններիս միակ անհանգստությունն այն էր, որ մարտական դիրքեր մեկնելու հրահանգն ուշանում է, իսկ նրանք առաջնագիծ գնալու վճռականությամբ են երկար ճանապարհ կտրել հասել Արցախ։

Աշխարհի բոլոր հայերն այսօր մի բռունցք են դարձել։ Մտահոգությունը մեկն է. Թշնամին կրած պարտությունից դասեր չի քաղել։Աշխարհի տարբեր ծայերերից Արցախ են ժամանում  հայրենիքի քաջ նվիրյալներ, որոնց համոզմունքը մեկն է՝ 1994-ին կիսատ թողած գործը հաղթական ավարտի հասցնել։ Այսօր վաղ առավոտյան խմբագրություն եկավ Արցախյան ազատամարտի քաջարի

մարտիկ Սամվել Աղաջանյանը, ով գիշերն էր վերադարձել ՌԴ Պյատիգորսկ քաղաքից։ Ինչպես նրանից տեղեկացանք, Հյուսիսային Կովկասի հայերը Հայրենիքին սպառնացող վտանգի լուրն առնելուն պես մեկ միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ մեկնել Արցախ, կանգնել հայրենիքի սահմանների անառիկությունն ու պաշտպանությունը խիզախորեն պաշտպանող ժամկետային զինծառայողների կողքին, թև ու թիկունք լինել նրանց։ Եվ ահա նրանց մի խումբն այստեղ է՝ պատրաստ մեկնելու առաջնագիծ։  Ռազմի դաշտում թրծված, հաղթանակի բերկրանք տեսած նրանց աչքերից կայծեր են թռչում։ Նպատակը մեկն է՝ վերջնական հակահարված տալ նախահարձակ թշնամուն և վերջնական հաղթանակի դրոշը ծածանել Բաքվում։

Այսօր նույնպես Ասկերանում կյանքն ընթանում է իր բնականոն հունով։ Քաղաքում աշխատում են բոլոր պետական կառույցները, հիմնարկ-ձեռնարկությունները, բանկերը, խանութներն ու սննդի օբյեկտները։ Բնակիչների մոտ բացակայում է խուճապը։ Ասկերանցիները զբաղված են առօրյա հոգսերով ու գործերով։

                                                                                                                                                          Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter