ԱՌԱ՛Ջ ՏՂԱՆԵՐ, ԵՍ ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ |
06.04.2016 18:23 |
Մենք կրկին առաջնագիծ մեկնելու պատրաստ ազատամարտիկների տեղակայման վայրում էինք։ Հավաքակայանում ազատամարտիկների մարտական ոգին միշտ բարձր է, համոզմունքը կրկին նույնը՝ թշնամու ոտնձգությանը ներում չկա. Մենք ծնվել են հաղթելու համար ու եթե պետք լինի Հայրենիքի համար մեր կյանքն էլ կտանք։ Ստանալով անհրաժշետ զենք ու հագուստ ազատամարտիկները մեկնում են առաջնագիծ, իսկ հավաքատեղիում առաջնագիծ մեկնելու իրենց հերթին սպասողները մեկ անգամ ևս քննարկում են տեղի ունեցած վերջին դեպքերը, վերհիշում նախորդ ազատամարտից հերոսական, ինչու չէ նաև զվարճալի դրվագներ։ Շարունակվում են համալրվել նրանց շարքերն անընդհատ ժամանող կամավորականներով։ Հերթական խումբը Գյումրիից է։ -Աշխարհի ամբողջ հայերը պատրաստ են Արցախի թիկունքին կանգնել։ Ես մեր հայության ցավը տանեմ, որ այս ճակատագրական պահին մի մարդու նման ոտքի են ելել, թև ու թիկունք դարձել մեր հերոսական բանակին։ Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք… Հայե՛ր, ես ձեր ցավը տանեմ, առա՛ջ տղաներ…,- առաջնագիծ մեկնելուց առաջ ասաց գյումրեցի կամավորական Յուրա Աթոյանը։ Իսկ բոլորիս քաջածանոթ ասկերանցի վարսավիր Հրաչիկն էլ հավաքատեղի է ներկայացել իր մասնագիտական զենքով, ու ինչպես ինքը կասեր հերթով գեղեցկացնում ու ավելի առնական տեսք է տալիս մեր քաջամարտիկներին, միաժամանակ բարձր տրամադրություն հաղորդելով նրանց։ Այսպես էր նաև նախորդ ազատամարտի տարիներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |