ՄԵՆՔ ԾՆՎԵԼ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
06.04.2016 20:10

   Այսօր Ասկերանի §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանն Աղդամի հենակետերից մեկում հանդիպեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին և խնդրեց պատասխանել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը և այս օրերի պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցերի։ Գեներալը սկբզում լսեց բոլոր հարցերը և տվեց ընդհանրական պատասխան։

-Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմվի ադրբեջանցիների իրական դեմքի մասին հենց սկզբից նշենք, որ 1988-ի փետրվարի 22-ին Խորհրդային Ադրբեջանը պատերազմ սկսեց իր իսկ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի դեմ։ Կարճ ասած պետությունը պատերազմ սկսեց իր կազմի մեջ մտնող ժողովրդի դեմ։ Արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքը թշնամիների կողմից սրերով ընդունվեց։ Մեզ պարտադրված պատերազմում 1991-94թթ. ամբողջ աշխարհն ականատես եղավ ու համոզվեց, որ զորեղ է հայ զինվորի բազկի ուժը և անպարտելի է նրա ոգին։ 1994թ. թշնամին իր իսկ պետությունը կործանումից փրկելու համար զինադադար խնդրեց զինադադարի պայմանագիր կնքել։ Ես որպես 4-րդ պաշտպանական շրջանի հրամանատար զինադադարի բոլոր կետերը պաշտպանել եմ։ Ադրբեջանը, սակայն բազմաթիվ անգամներ խախտել է իր իսկ խնդրանքով կնքված զինադադարը։ Թշնամին չունենալով համապատասխան թիկունք, զորք, զենք ու զինամթերք այսկերպ փորձում էր ժամանակ

շահել։ 1994թ. մայիսի 12-ին կնքված զինադադարի փաստաթուղթը երբեևիցէ խոչընդոտ չի հանդիսացել թշնամիների՝ ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի կանոնների խախտման համար։ Մինչև 1992թ. մայիսի 12-ի հադադարի պայմանագիրը հարձակվողական և պաշտպանողական բնույթի պատերազմ էր և հիմա կապ չունի, թե ով էր նախահարձակ եղել կամ պարտադրել պատերազմը։ Թող միջազգային հանրությունն ուսումնասիրի, անցկացնի հետաքննություն, համապատասխան գնահատական տա և համարժեք պատասխանատվության ենթարկի նախահարձակ կողմին։ 94-ի զինադադարի միջնորդը բոլորիս էլ հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնությունն է, որը հետագայում հաշվեկշիռը չի պահել հակամարտող կողմերի միջև։ Այսինքն, չպետք է թույլ տար կողմերից մեկին վերազինվել այլ երկների և իր իսկ կողմից, ի դեպ, այն էլ միակողմանի։ Իսկ ինչպես հայտնի է պատից կախված հրացանն էլ ժամանակ առ ժամանակ կրակում է։ Ինչ վերաբերում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվան, ապա հակառակորդը նախահարձակ լինելով սահմանագծի ողջ երկայնքով Մարտակերտի և Հադրութի ուղղություններով ուզում էր շեղել մեր ուշադրությունն ու ճեղքել պաշտպանությունն Ասկերանի ուղղությամբ։ Հենց առաջին րոպեներից ես այստեղ էի, որտեղ գտնվում ենք հիմա և զորամասի հրամանատարության հետ՝ հենվելով նախկինում ունեցած փորձիս, վերախմբավորումներ կատարելով կարողացել ենք նախահարձակ թշնամուն դիմակայել։ Թշնամին, փաստորեն, ցանկանում էր մեր ուշադրությունը շեղել  և շրջանցելով Աղդամը՝ Ուղտասարով խորանալ հայկական տարածքների մեջ։ Սակայն մեր փորձառու զինվորականների և մարտական բարձր ոգի դրսևորած զինվորների հետ կարողացանք անառիկ պահել մեր սահմանը և առանց կորուստների ետ շպրտել թշնամուն՝ պատճառնելով վերջիններիս ծանր կորուստներ։ Մեր կողմից ունեցանք ընդամենը երկու՝ այն աստիճանի թեթև վիրավոր, որոնք նույնիսկ դիրքերից չեն հեռացել։ Սա խոսում է այն մասին, որ մեր զորքը շատ կազմակերպված է  և փառքով է կատարում իր առջև դրված խնդիրը։

Մենք անդրադարձ կատարեցինք 1990-ականների պաշտպանվողական և հարձակվողական մարտերին, որոնք 1994թ. մայիսին արդեն վերածվել էին դիրքային հակամարտության, որը շարունակվում է արդեն 22 տարի և որն ավելի վտանգավոր է։ Այդ ընթացքում թշնամին բազմաթիվ փորձեր է կատարել. դիվերսիոն-հետախուզական խմբեր են մտել, զինվել են նոր զինտեխնիկայով, այդ թվում նաև հարձակվողական բնույթի։ Այս մի քանի օրերի ընթացքում թշնամին տարբեր տիպի զենք է կիրառել՝ թուրքական արտադրության՝ §Գրադ¦ կայանքի ավելի շարժունակ տեսակից ընդհուպ մինչև §Սմերչ¦ կայանքի օգտագործումը, ինչն արգելված է։ Մենք կրկին անգամ համոզվեցինք, որ բացառվում է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմ։ Ասեմ ավելին լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանն աշխարհի քարտեզից ջնջվելու է, որի կազմալուծման գործընթացն արդեն իսկ սկսված է։ Նրա միակ փրկությունն այն է, որ նրա իշխանությունները ՃԱՆԱՉԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ԿՆՔԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, որովհետև այս տարածքները չի պատկանում և երբևիցէ չի պատկանել Ադրբեջանին։ Մինչև 1918թթ-20թթ. գոյություն ուներ մուսավաթական, մուսուլմանական հետո խորհրդային Ադրբեջան և այդ կարճ ժամանակահատվածում Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մաս թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ։ Իսկ անցյալ դարի 20-ականներին զուտ ղեկավարման համակարգով Ադրբեջանին կցեցին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի անբարո հայտարարություններին՝ տարածքային ամբողջականության մասին, ես խորհուրդ կտայի նրանց լավ ուսումնասիրել, թե ինչ է ներկայացնում իրենից այս տարածքը։ Ես համոզված եմ, որ իմ նախապապերը ծնվել է այս տարածքում՝ Վարագա պատմական գյուղում, որտեղից և 1800-ականներին նրանք տեղափոխվել են այժմյան Քյաթուկ գյուղը։

Ես բացառում եմ, որ ռազմական ճանապարհով Արցախում որևէ հարց կլուծվի, քանզի Ադրբեջանը գործ ունի մի ազգի հետ, որի համար նույնիսկ մեկ րոպեն շատ է միավորվելու, համախմբվելու համար, և ամբողջ աշխահը տեսավ, թե ինչպես մեկ մարդու պես աշխարհի հայերի ոտքի ելան։ Զավեշտալի ու ծիծաղելի է թշնամու նման անտրամաբանական հայտարարությունը, որ նման ազգին կարելի է սպանել։ Այս պահին մեր պահեստազորը մեր կողքին է և բոլորն էլ կամավոր հիմունքներով են եկել թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից։ Այսօր իմ կողքին մարդիկ կան, որոնք Ռուսաստանի Դաշնությունից են եկել։ Նրանք նախկին 4-րդ պաշտպանական շրջանի զինծառայողներն են, ովքեր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հրետակոծությունից ուղիղ մեկ ժամ անց զանգել են ինձ և հետաքրքրվել, թե ինչ է այստեղ կատարվում։ 24 ժամ անց նրանք արդեն իմ կողքին էին։ Հայ ազգը ամենահզոր, ամենամիասնական ու ամենաուժեղ ազգն է, որը վտանգի ժամանակ ավելի ամրակուռ է դառնում՝ անկախ քաղաքական հայացքներից։

Իսկ թե ինչո՞ւ է Ադրբեջանը նման ոտնձգության դիմել, համոզված եմ, որ դա առանց Թուրքիայի թողտվության ու թույլտվության չի եղել։ Ու թե ինչ պայմանավորվածության կգան եվրոպաներն ու ամերիկաները՝ չեմ կարող ասել։ Միակ համոզմունքս այն է, որ այստեղ որոշողը սահմանին կանգնած հայ զինվորն է, իսկ իմ տեղն այստեղ է, իմ զորամասի ու զինվորների կողքին, ու ինձ բախտ է վիճակվել նրանց հրամանատարը լինելու։ Ես բոլորից էլ շնորհակալ եմ, քանի որ նրանք երբեք ինձ հուսախաբ չեն արել՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու սոցիալական վիճակից հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ մեկ մարդու պես կանգնել են կողքիս։ Այսօր այստեղ մարդ կա, որի երկու եղբայրներն Արցախյան ազատամարտում զոհվել են և նրա ծնողը նրան հետ չի պահել։ Այսինքն՝ մեր ժողովուրդը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին զոհողությունների գնալ։ Անվտանգության  տեսանկյունից մենք պետք է ունենանք ռազմավարական այնպիսի ծրագիր, որը թույլ կտա կարճ ժամանակում Հայաստանի և Արցախի պետական սահմաններում տեխնիկական այնպիսի վերազինումներ կատարել, որպեսզի հայ զինվորի արյուն չթափվի։ Ու ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը նույնիսկ իր հացի վերջին պատառը կդնի այդ խնդիրը լուծելու համար։ Թող կրկնություն չլինի, սակայն բացառվում է, որ այս տարածքում պատերազմը խորանա կամ որևէ պարտություն կրենք։ Մենք ծնվել ենք հաղթելու համար և հաղթելու ենք։


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter