ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՄԵՐ ՈՒԺԸ |
09.04.2016 15:39 |
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամին Ղարաբաղա-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով սկսեց օգտագործել իր ամբողջ սպառազինությունը։ Արցախում տիրող իրավիճակը սկսեցին լուսաբանել տարբեր հեռուստաալիքներ։ Փաստորեն Ադրբեջանը կրկին ուժային մեթոդներով է ցանկանում լուծել Արցախի հարցը, որը մենք արդեն լուծել ենք շատ վաղուց: Այդպես էր նաև 88-ին։ Սակայն ադրբեջանի տխմար ղեկավարությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ անզոր է իր ողջ զինանոցը, երբ բացակայում է Հայրենիքի հանդեպ սուրբ պարտականությունն ու սերը, հավատամքն ու քաջ նախնիների արյամբ սրբագործված հողի քաղցրությունը։ Մեր զինվորներն ամեն վայրկյան վտանգում են իրենց կյանքը հանուն մայր հողի, քանզի այդպիսին էին նրանց նախնիները։ Ու ամեն մի հայ զինվոր քաջ գիտակցում է, որ այս սուրբ հողի՝ Արցախ աշխարհի ազատությունն ու անկախությունը պաշտպանելը յուրաքանչյուր սերնդի սուրբ պարտքն է։ Մինչդեռ հակառակ պատկերն է տիրում թշնամու բանակում և բնակչության շրջանում։ Նրանց իշխանությունները գործի են դրել պատժիչ ջոկատներին, որոնք ոչնչացնում են մարտադաշտից փախուստի դիմող իրենց իսկ զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Դավադիր թշնամուն մեկ անգամ ևս հասկացնում ենք, որ մեզ ՀԱՅ են ասում, մենք մեկ ազգ ենք, մեկ հավատք և մեկ բռունցք։ Ու այդ բռուցքը հարկ եղած դեպքում շեշտակի հարված հասցնել գիտե։ Այս օրերին ոչ միայն կամավորական խմբերի հոսքն է գալիս դեպի Արցախ, այլ նաև մարդասիրական օգնության մեքենաների բազմաթիվ շարասյուններ։ Աշխարհի ցանկացած մասում ապրող յուրաքանչուր հայի համար Արցախին օգնելը հոգու պարտք է դարձել։ Մի առանձնակի հոգատարություն են դրսևորում դպրոցականները, անգամ մանկապարտեզների սանիկները։ Նրանք ծանրոցների հետ մեկտեղ նաև գոտեպնդող ու քաջալերող նամակներ են ուղարկում։ Այսինքն, մեծանում, հասակ է առնում հայրենասիրական վառ օրինակով դաստիարակվող սերունդ, որին վաղը վստահվելու է մեր Հայրենիքի պաշտպանության վեհ գործը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |