ԱՍԿԵՐԱՆԸ ՄԵԶ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑ, ՍԱԿԱՅՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԸ ՄԵԶ Է ՍՊԱՍՈՒՄ
14.04.2016 10:29

  Վերջին իրադարձությունների ծանր ու լարված օրերին Մարտակերտից, Մատաղիսից և Թալիշից տարահանված մի խումբ ընտանիքներ իրենց ապաստանը գտան Ասկերան քաղաքում:

Ապրիլի 13-ին հանդիպեցի այդ ընտանիքներից մի քանիսի հետ: Ստեփան  Շահումյան փողոցում վարձով բնակվող Զավեն Հարությունյանն ու Մարետտա Ստեփանյանն իրենց 2 սենյականոց առանձնատանը հանգրվան են տվել Մարտակերտից տարահանված 2 ընտանիքի: Երբ մտա նրանց տուն, անմիջապես ուշադրությունս գրավեց բազմանդամ դարձած այս ընտանիքի համերաշխությունն ու անմիջականությունը: Լավատեսությամբ լցված Ստելլա Ստեփանյանը և Ժաննա Խաչատրյանը համոզված էին, որ մի քանի օր հետո իրենց փոքրիկների հետ վերադառնալու են

հարազատ Մարտակերտ: Իսկ իմ այն հարցին, թե ինչպես ընդունեցին իրենց Ասկերանում, պատասխանեցին`անչափ  ջերմ ու բարյացակամ: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին Ասկերանի շրջվարչակազմից ու քաղաքապետարանից: Նրանց տրամադրվել է օգնություն` պարենամթերքի տեսքով: Ինչ խոսք, այդ օգնությանը գումարվել է նաև ասկերանցիների հոգատար վերաբերմունքը:

Երբ ես զրուցում էի մեծերի հետ, փոքրիկները հետաքրքրությամբ էին հետևում մեր զրույցին: Եվ ես տեսա, թե ինչպիսի կրակներ վառվեցին նրանց աչքերում, երբ լսեցին, որ շուտով վերադառնալու են  իրենց օջախները…

Իհարկե, ասկերանցիները գիտեն, թե ինչ է նշանակում ապաստանել ուրիշի հարկի տակ, դեռևս մեր հիշողություններից չեն ջնջվել անցյալի դառը հուշերը, սակայն մենք լիահույս ենք, որ պատմությունը չի կրկնվի, և ոչ մի ասկերանցի չի լքի իր հարազատ օջախը:

Այսօր մեր քաղաքում ժամանակավորապես բնակվում է Մարտակերտի շրջանից տարահանված 20 մարդ: Նրանցից յուրաքանչյուրի ճակատագիրը չի վրիպում տեղի իշխանությունների ուշադրությունից: Բոլորն էլ ստացել են պարենային և բարոյահոգեբանական օգնություն:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter