ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ |
16.04.2016 10:00 |
Արցախյան ազատամարտը նոր փուլ է թևակոխել։ 1988-ին թշնամու սանձազերծած պատերազմի մարտահրավերն արժանապատվորեն ընդունվեց հայերի կողմից։ Չնայած զենք ու զինամթերքի պակասին՝ հայը հաղթանակեց ու առաջին անգամ պատմության մեջ վերադարձրեց հայապատկան տարածքների թեկուզ մի փոքր մասը։ Հայրենիքը բացարձակ արժեք է, որը ձեռք է բերվում միայն ու միայն զոհողությունների գնով։ Հայրենիքն ու հայրենասիրությունը լոկ բառեր չէին անհավասար ճակատամարտ մղող ֆիդայինների համար, այլ գաղափարներ, հանուն որի արժեր ապրել ու զոհվել։ Բազմաթիվ հայորդիներ կյանքի գնով կատարեցին Հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքն այն քաջ գիտակցմամբ, որ թշնամուն մեկնընդմիշտ վտարել են Հայրենիքի սահմաններից անդին։ 1994-ի հրադադարից հետո սակայն պարբերաբար խախտվում էր սահմանապահ զինվորի անդորրը, նորից զինվորներ էին զոհվում ու սուրբ արյուն էր հոսում արյունով գծված սահմանին։ Այս օրերին կրկին ոտքի է ելել ամբողջ հայությունը, կրկին պատրաստ սատարելու արցախահայությանը։ Անկախ Արցախ աշխարհում ծնվել ու հասակ է առել մի սերունդ, ով այսօր սահմանին իր կամքն է թելադրում դավադիր թշնամուն։ Քաջ գիտակցելով նախնիներից ժառանգած ազատության և անկախությանը գինը նրանք վստահորեն են իրականացնում իրենց վեհ առաքելությունը։ Իսկ հարկ եղած դեպքում նաև իրենց հայրերի ու եղբայրների կատարած սխրագործություններին նորերն ավելացնում։ Օրինակներ՝ ինչքան ասեք։ Նորագյուղցի Ինգա Մարտիրոսյանի հիշողություններն ու ապրումներն արցախյան ազատամարտի դժվարին ու ահասարսուռ տարիներից դեռևս թարմ են։ Սկիզբ առած պատերազմը զրկել էր նրան լիարժեք վայելելու եղբայրական սիրո քաղցրությունը։ Նրա երկու եղբայրները՝ Համլետն ու Մհերը իրենց մատաղ կյանքն են զոհաբերել հանուն Արցախի հարատևության, քրոջ և ծնողների անվտանգության ու համայն հայության ազատ ու խաղաղ կյանքով ապրելու իրավունքի։ Մայրն էլ չդիմանալով որդիների կորստյան ցավին անժամանակ հեռացավ կյանքից, ընդմիշտ միանալու հավերժության ճանապարհը բռնած սիրասուն զավակներին։ Ապրիլյան իրադարձությունները նորից ճակատագրեր խեղաթյուրեցին, կրկին հայոց մայրեր սգացին իրենց որդիների կորուստը, մանուկներ որբացան, անհուն ցավը նորից նորոգվեց բոլորիս սրտերում։ Վտանգվեց այնքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը։ Մի՞թե զուր էին այնքան զոհողությունները։ Սակայն ո՛չ։ Այսօր հայ զինվորը նույնքան քաջարի է և նույնքան հայրենապաշտ, ու ամենակարևորը՝ ունի պատասխանատվության վեհ զգացում Հայրենիքի հանդեպ, իսկ նախնիների հիշատակի առջև նաև հոգու մեծ պարտք։ Ինգան վաղուց ամուսնացել ու բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Եղբայրների արյան գնով ձեռք բերված անկախության համար մարտնչող տղաներին որևէ կերպ օգնելու, սատարելու համար նա հարազատների միջոցով գումար (ԱՄՆ 1000 դոլար) ուղարկեց սահմանում կանգնած զինվորների ու կամավորների համար անհրաժեշտ պարագաներ գնելու։ Եվ այսօր դրանք տեղ հասան, հասան սահմանապահներին, ովքեր առավել քան գիտակցում են, որ իրենց թիկունքում ամրակուռ ազգ ունեն բռունցքված, ինչն ավելի է ոգևորում նրանց սխրագործելու համար։ Ինգայի բնորոշմամբ սահմանին կրկին իր եղբայրներն են, հարազատները, ու նա այլ կերպ վարվել չէր կարող։ Ու այդ քայլով նա հոգու պարտք չի կատարում այլև հոգատար քրոջ անկեղծ ու ջերմ սիրո, բարի կամքի դրսևորում է իրականացնում իր հարազատ եղբայրների ու ժողովրդի հանդեպ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՄԱՍԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |