ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
19.04.2016 12:53

  Ապրիլի 16-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ։ Խորհրդակցության հիմնական թեման քառօրյա պատերազմն ու նրա հետևանքներն էին։ Ս. Գրիգորյանը հորդորեց խորհրդակցության մասնակիցներին աշխատավայրերում տանել բացատրական աշխատանքներ՝ զերծ մնալ ավելորդ ու աննպատակ խոսակցության թեմաներ քննարկելուց, որոնք կարող են հասարակության մեջ պառակտություն և խուճապ առաջացնել։ Նա նաև նշեց, որ շրջանում պետք է շարունակվեն գարնանացանի աշխատանքները։

-Անկախ ամեն ինչից, պետք է առանց որևէ հարցում թերանալու մեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված խնդիրը կատարի։ Ու կատարի պատասխանատվության մեծ զգացումով։ Այս օրերին առավել ևս պետք է գործենք համախմբված ու մեկ միասնական նպատակի շուրջ՝ մեր նպաստը բերելով Արցախ աշխարհին, մեր փառապանծ բանակին։ Ամուր բանակ ունենալու համար հարկավոր է ամուր թիկունք, որը կապահովի ու կկերակրի զինվորին և նրա ընտանիքը,- ասաց Ս. Գրիգորյանը։

Ասկերանում կյանքն ընթանում է բնականոն հունով։ Գործում են պետական ու հասարակական նշանակության բոլոր կառույցները։ Փաստորեն քառօրյա պատերազմից հետո կարծես թե մեզ մոտ առավելագույնս արժևորվեց խաղաղ ու անվտանգ երկնքի տակ ապրելու կարիքն ու նշանակությունը։ Իսկ մեր ազգի համախմբվածությունն ու մեկ նպատակի շուրջ բռունցքվելը ոչ մեկիս անտարբեր չթողեց։ Թերևս խոսքերն ավելորդ են նկարագրելու բոլորիս հպարտությունը միայն այն բանի համար, որ մենք ՀԱՅ ենք ու Հայրենիքին սատարելու, օգտակար լինելու համընդհանուր ձգտումն առավելագույնս դրսևորվեց, երբ վտանգվեց Հայրենիքի սահմանների անդորրը։ Մնում է պահել, փայփայել այս օրերին ձեռք բերած մեր համախմբվածությունն ու միասնականությունը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter