ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆՆ Է՝ ՃԱՆԱՉՈՒՄ, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄ
25.04.2016 12:39

  Աշխարհում չկա առավել սարսափազդու, սահմռկեցուցիչ, տխրահռչակ ու դատապարտելի երևույթ, քան մարդկության հանդեպ իրականացված բնաջնջումներն ու կոտորածը։ Այսօր աշխարհում համախմբված են ցեղասպանությունների ենթարկված ազգերը, նպատակ ունենալով իրենց արդար ձայնը հասցնել  աշխարհի գերտերություններին՝ ցեղասպանությունները կանխարգելելու, արդարության, դատապարտման և փոխհատուցման պահանջով։ Քանզի, եթե աշխարհը ժամանակին դատապարտեր Հայոց ցեղասպանությունը տեղի չէին ունենա Հոլոքոստը, Ռուանդայի ու այլ ցեղասպանություններ։

Ապրիլի 24-ին ամբողջ հայերի պահանջատիրական ձայնին իրենց ձայնը

միացրեցին նաև ասկերանցիները։ Ասկերանի արցախյան ազատամարտի, Մեծ հայրենական պատերազմի և Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում տեղի ունեցավ պահանջատիրական միտինգ։ Ներկաները շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ տեղադրեցին Մեծ եղեռնի հուշարձան-խաչքարին՝ իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, շրջանի ուժային կառույցների և հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ,  քաղաքապետարանի անձնակազմը՝ քաղաքապետ Սամվել Աղաջանյանի գլխավորությամբ, ասկերանցիներ։ Պահանջատիրական միտինգին մասնակցում էին նաև Երկրապահ կամավորականներ Վայոց ձորի մարզից, ովքեր Հայրենիքին սպառնացող վտանգի առաջին իսկ օրը շտապել էին Արցախ։ 

Հուշահամալիրի տարածքում հավաքվածների մեջ թերևս գերակշռում էին կանայք, ովքեր իրենց ամուսիններին, զավակներին ու եղբայրներին առաջնագիծ էին ճանապարհել՝ պահելու, պահպանելու թանկագին խաղաղությունը, ազատությունն ու անկախությունը։ Դավադիր թշնամին նույնն է մնացել, նույնն է նաև նրա ձեռագիրը՝ բարբարոս ու նենգ, զուրկ քաղաքակրթության որևէ տարրից։ Այս վերջին քառօրյա պատերազմում թշնամին կրկին աշխարհին ցույց տվեց իր բարբարոս ու վայրագ տեսակը՝ կատարելով հերոսաբար մատնչած ու զոհված հայ զինվորների անդամահատումներ, ինչը քաղաքական ու ռազմական բոլոր նորմերի խախատումներ են։ Ու ցավալին այն է, որ այս ֆոնի վրա ապրիլի 25-27-ը Բաքվում անցկացվելու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումը …

Միտինգի ժամանակ հայոց ցեղասպանությունը դատապարտող և միաժամանակ համախմբման ու միասնության կոչով հանդես եկան ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Էդմոն Բարսեղյանի անվան Ասկերանի միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Գայանե Հայրիյանը, 11-րդ դասարանի աշակերտ Աշոտ Գաբրիելյանը, Ասկերանի ՊԵ թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը։

Միտինգի մասնակիցներին ողջունեց ու Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչ Սևակ Ղազարյանը, նշելով, որ այս օրերին բազմաթիվ Երկրապահներ գտնվում են առաջնագծում՝ սատարելով սահմանի անդորրը քաջաբար վերահսկող զինվորներին։ Մեր պահանջը նույնն է մնացել՝ ճանաչում և հատուցում, իսկ մեր զինվորներն ու մենք կլուծենք մեր պապերի վրեժը։

Թերևս սփոփիչ է, որ Հայոց մեծ եղեռնի նահատակներն անցյալ տարի սրբադասվեցին ու Հայ եկեղեցու խորաններից և ազգիս սրբազան բեմերից ամեն տարի Ապրիլի 24-ին կհնչի նվիրական §Սրբոցն Կոմիտասայ Վարդապետին եւ աւելի քան մէկուկէս միլիոն Նահատակացն ազգիս Հայոց¦ հիշատակությունը:

Մահվան ճիրաններից մազապուրծ հայ ժողովրդի հայրենազուրկ դարձած զավակները չփոշիացրին իրենց հավատը, չթերացան կյանքի նկատմամբ իրենց սիրո մեջ, ընդհակառակը` առավել ևս հզորացան վերապրելու իրենց կամքի և անմեռ հույսի մեջ: Դա է թերևս պատճառներից մեկը, որ ապրիլյան քառօրյա պատերազմում հայ զինվորներն աննկարագրելի սխրագործություններ էին գործում, անվեհեր ու անկոտրում էր նրանց մարտական ոգին, քանզի նրանց առաջնորդում էր դատապարտված նախնիների արյան կանչն ու պահանջատիրական ու հատուցման ոգին։

Մեր ազգի համախմբվածությունն ու միասնությունն այս վերջին օրերին հպարտության հետ մեկտեղ նաև հստակ համոզմունք է ամրագրել մեր հոգիներում, որ եթե աշխարհում նույնիսկ մեկ հայ մնա, Հայոց եղեռնը նա չի մոռանա, նա չի մոռանա մեր սուրբ սարը Մասիս, ծովից-ծով հողերը մեր պապերի։

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter