ՄԵՆՔ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆՔ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ
28.04.2016 14:29

Ապրիլյան հայտնի իրադարձությունները համախմբել են համայն հայությանը։ Հազարավոր հայեր իրենց ֆինասական և բարոյա-հոգեբանական օգնությունն են ցուցաբերում արցախցիներին։ Ապրիլի 26-ին Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի, Ադլերի, Խոստայի և Լազարևսկի շրջանների հայ համայնքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին §ՈՒԱԶ¦ մակնիշի մարդատար և շտապօգնության 16 ավտոմեքենա է նվիրաբերվել:

Սոչիի հայկական համայնքի ներկայացուցիչ Սամվել Զաքարյանը մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում ավտոմեքենաները հանձնել է Արցախի կառավարությանը։ Այդ մեքենաներից մեկն էլ Սոչիի հայ համայնքը նվիրել է Ասկերանի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանում տեղի

ունեցած հանդիպման ժամանակ Սամվել Զաքարյանը նշել է, որ շատ արագ են որոշել, որ անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել հայրենակիցներին: Սոչիի հայկական համայնքը շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերեց, ու ինչպես նշեց Ս. Զաքարյանն այս ամենը դեռևս նախնական օգնությունն է Արցախին:

- Մենք միշտ հետևողական ենք լինելու: Այստեղ գտնվելով կպարզենք, թե ինչի կարիք է առավելապես զգացվում, որպեսզի կարողանանք համապատասխան ու տեղին օգնություն ցուցաբերենք, իսկ անհրաժեշտության դեպքում մեր համայնքի բազմաթիվ երիտասարդներ պատրաստ են կանգնելու մեր զինվորների կողքին:

Ս. Զաքարյանը նաև կոչով է հանդես եկել աշխարհի տարբեր ծեգերում ծվարած հայրենակիցներին՝ հետևեն Արցախին օգնության ձեռք մեկնածների օրինակին և մեր համախմբվածությամբ արժանի հակահարված տանք նենգ թշնամուն:

-Սոչիի հայության կողմից մեր խոնարհումը ենք բերում բոլոր այն մայրերին, ովքեր զավակներ են կորցրել, և կիսում նրանց անդառնալի կորստյան վիշտը: Այդ ցավը բոլորինս է, և մեր սրտերում այն կմնա որպես չսպիացող վերք: Մենք պատրաստ ենք անելու ամեն ինչ, որպեսզի մեր հերոս նահատակների փրկած Հայրենիքը մնա անսասան, հզոր ու հաղթանակած,-ասել է Ս. Զաքարյանը:

Ի նշան երախտագիտության Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը Սոչիի հայկական համայնքին շնորհակալագիր է հանձնել՝ ապրիլյան հայտնի իրադարձությունների ժամանակ Ասկերանի քաղաքապետարանին ՈՒԱԶ մակնիշի մեքենա նվիրաբերելու համար։ Ս. Աղաջանյանը միաժամանակ նշել է, որ նման աջակցություններն էլ ավելի են ոգևորում ազատամարտիկներին՝ հավելյալ ուժ ու կորով ներարկում։

-Մենք ենք այս հողերի լիիրավ տերը, դա ապացուցված է մեր դարավոր պատմությամբ ու մեր նախիների արյունն է շաղախված արցախյան սրբացած հողին և մենք բարոյական իրավունք չունենք այս ճակատագրական օրերին որևէ հարցում թերանալու,- ասել է Ս. Աղաջանյանը։

Նշենք, որ այս օրերին մեր բազմաթիվ հայրենակիցներ բնակվելով արտերկրում ապրում են հայրենիքի ցավով և նրանց ցուցաբերած օգնությունները կարևոր դեր են կատարում մեր բանակի մարտունակության բարձրացման համար, ինչպես նաև նպաստում են մեր ազգի միասնությանն ու միաբանությանը։

Իսկ օրինակները բազմաթիվ են, այսպես օրինակ՝ ծննդով խնապատցի, երևանաբնակ բարերար Բարսեղ Բեգլարյանն Արցախին փոխանցել է 15 մլն դրամ, իսկ Պաշտպանության բանակին նվիրել 8մլն դրամ արժողությամբ էլեկտրագեներատոր (14 հատ), ինչպես նաև GPS նորագույն սարքեր և հզոր կապի միջոցներ՝ հրետանավորների համար։ Բացի դրանից Բ. Բեգլարյանն Արցախին նաև օգնություն է տրամադրել բենզինի և դիզվառելիքի տեսքով։

Արմատներով Նորագյուղցի Ռուսաստանի Դաշնությունում ապրող Արարատ Մարգարյանն իր որդիներ Դավիթի և Կարենի հետ Արցախի Պաշտպանության բանակի համար ուղարկել են 284000 ռուբլի արժողությամբ գիշերային տեսանելիության սարք։

Հայրենիքին սպառնացող վտանգը համախմբել է նրա նվիրվյալ զավակներին, ովքեր օգնություն են հասցրել Արցախին, ինչով կարողացել են։ Ծննդով խրամորթցի երևանաբնակ Միքայել Շամիրյանը Պաշտպանության բանակին օգնություն է տրամադրել սննդի տեսքով (500 կգ-ից ավելի մակարոնեղեն և պահածո), ինչպես նաև պատրաստակամություն հայտնել օգնել այն ամենով, ինչի կարիքն այսօր առավելապես զգացվում է։ Թերևս վտանգված Հայրենիքի համար սա առաջին օգնություն չէր, որ ցուցաբերեց Միքայելը։ Արցախյան ազատամարտի տարիներին Միքայել Շամիրյանը Բաթումում տեղակայված ռուսական բանակի փոխգնդապետ էր, և մեծ քանակությամբ ալյուր և դիզվառելիք էր օգնության կարգով տրամադրել արցախյան բանակին։ Իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ծննդով խրամորթից Մայա Խաչատրյանը գումար է ուղարկել հարազատներին՝ դիրքապահ տղաների համար սննդամթերք և առաջին անհրաժշտության պարագաներ գնելու համար։

Ծննդով ասկերանցի երևանաբնակ Հարութ Շամիրյանը սեփական կաշվի վրա էր զգացել պատերազմի բոլոր դառնություններն ու զրկանքները։ Երկու տարեկան դեռ չկար, երբ նրա հայրը՝ Ալեքսանդր Շամիրյանը զոհվեց Աղդամի մատույցներում։ Այժմ թշնամին կրկին ոտնձգություններ էր փորձում անել այդ նույն դիրքերի վրա, որտեղ նրա հոր ու բազում քաջորդիների սուրբ արյունն է թափված։ Հարութը սահմանապահ զինվորներին ծխախոտ էր ուղարկել, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ցանկացած պահի կանգնել մեր դիրքապահ զինվորների կողքին ու պաշտպանել հոր կյանքի գնով ձեռք բերված Հայրենիքի ազատությունն ու անկախությունը։

Արմատներով սարդարաշենցի ռուսաստանաբնակ Արտուր Պետրոսյանը տիկնոջ՝ Անիի հետ ապրիլյան իրադարձությունների առաջին իսկ օրերից Արցախում էր։ Նրանց անդրանիկ զավակը՝ Միքայելն իր պարտադիր զինվորական ծառայությունն է անցկացնում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում։ Շուրջ մեկ ամիս այստեղ մնալով նրանք Արցախից հեռացան այն մեծ համոզմունքով, որ մեր տղաները վստահորեն վերահսկում են սահմանի անդորրը։ Լինելով առաջնագծում Արտուրը ուժերը ներածին չափով սննդամթերք և ծխախոտ էր տարել տղաներին՝ մեկ անգամ ևս արժևորել ու կարևորել յուրաքանչյուր զինվորի կատարած սխրանքը։ Հրաժեշտից առաջ Արտուրը խոստովանեց, որ մեծ պլաններ ունի հայրենի Սարդարաշեն գյուղի հետ կապված, որտեղ նախատեսում է արտադրության որևէ ճյուղ բացել, աշխատատեղեր ստեղծել, ինչը գյուղացիների համար եկամուտի աղբյուր կհանդիսանա և կնպաստի գյուղաբնակների արտահոսքի կանխմանը։

Օգնության ձեռք մեկնողների թիվը շատ-շատ է, որոնց մենք կանդրադառնանք պարբերաբար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ Վալերի Պետրոսյանի


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter