Արցախյան առաջին ազատամարտի տարիներին բազմաթիվ քաջորդիներ Հայրենիքի ազատությունն ու անկախությունը վեր դասեցին սեփական կյանքից ու անվտանգությունից և անցնելով բազում զրկանքների միջով այսօր էլ շարունակում են իրենց նպաստը բերել Հայրենիքին։ Ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները դեռևս շատ երկար կմնան մեր հիշողություններում, որպես հայի ամրակուռ ոգու դրսևորում, մեր միասնականության ու միաբանության յուրօրինակ մարտակոչ ու տասնյակ սրբացած նորօրյա հերոսների թարմ շիրմաքարար, որոնք հետայսու սրբատեղի են…
Ապրիլյան իրադարձություններն անկարող էին անտարբեր թողնել
նախկին բազմաթիվ ազատամարտիկների, ովքեր բնակվելով Հայրենիքից դուրս մշտապես ապրում են նրա հոգսերով։ Ապրիլի առաջին օրերին ամբողջ հայության հանգիստը խախտված էր։ Յուրաքանչյուր ոք իր օգնությունն ու աջակցությունն էր ցուցաբերում վտանգված Հայրենիքին։ Այդ օրերին Արցախում, հայրենի Խնապատում էր Հրայր Հովսեփյանը, որտեղ բացեց առաջին բժշկական օգնության կետ՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով։ Այն նույն տեղում, որտեղ նախորդ ազատամարտի տարիներին գիշեր-ցերեկ իր ծառայությունն էր մատուցել վիրավոր ազատամարտիկներին։ Այդ տարիներին նա Երևանի բժշկական ինստիտուտի ուսանող էր և թողնելով ուսումը՝ համալրել էր իր համագյուղացի պաշտպանների շարքերը։ Նա անվեհեր մարտիկ էր, անհարժեշտության դեպքում՝ բժիշկ։
Ի դեպ ապրիլ ամիսն առանձնահատուկ նշանակություն ունի Հրայրի համար, քանզի հենց ապրիլին էր նա վիրավորվել, երբ հերթական անգամ վիրավոր զինվորին էր մարտադաշտից հանում։ Դա 1994 թվականի ապրիլի 19-նն էր, ահեղ մարտեր էին ընթանում Աղդամի շրջանի Գյուլուջա գյուղի ազատագրման համար, շատ էին վիրավորները, իսկ կրած խայտառակ պարտությունից գազազած ոսոխն անընդհատ հրետակոծում, գնդակոծում էր տարածքը։ Ստացած ծանր մարմնական վնասվածքի բուժման համար նրան տեղափոխեցին Երևան, այնտեղից՝ Մովսկվա, որտեղ բազմաթիվ բշժկական միջամտությունների (4 վիրահատություն) ենթարկվելուց հետո ապաքինվեց և կրկին շարք վերադարձավ ու շարունակեց իր նպաստը բերել Հայրենիքին։
Նորից ապրիլ է՝ ապրելու ապրիլ, սակայն կրկին ձեռնոց է նետել թշնամին։ Այժմ կրկին անհանգիստ են Արցախի սահմանները, թնշամին նույն դավադիրն ու քողարկվածն է մնացել, սակայն ավելի է առնականացել հայ զինվորի ու հայի ազատատենչ ոգին ու վճռականությունը, վտանգի պահին միայն հայերիս բնորոշ աննախադեպ միաբանությունը։ Այսօր սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր գերազանցապես է սերտել հայրենասիրության դասը և քաջ գիտկացում ու համոզված է՝ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում հայտնի խոսքերի ճշմարտացիության մեջ։
Հայրենիքի համար օրհասական այս օրերին Հրայր Հովսեփյանն ընկերների՝ Սուրեն Մանուկյանի, Արթուր Ավետյանի և Սերոբ Այվազյանի հետ միասին 9 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժողությամբ նվիրատվություն կատարեցին Արցախի պաշտպանության բանակին։ Մասնավորապես՝ ՈւԱԶ մակնիշի շտապ օգնության մեքենա (1 հատ), ավտոմեքենա ՌԵՆՈ (1 հատ), դեղորայք, բժշկական պարագաներ, սնունդ, ծխախոտ, ռազմական տեխնիկային անհրաժեշտ տարբեր տիպի մարտկոցներ, խմելու ջրի տարաներ (20լ՝ 60 հատ), ռադիոկապի սարքավորումներ, GPS՝ 1 հատ, գլխարկներ լույսով՝ 15 հատ, հեռադիտակ՝ 4 հատ։
-Մենք պատրաստ ենք ցանկացած պահի կանգնել առաջնագծում դիրքերն անսասան պահող քաջ զինվորների կողքին։ Փաստորեն, 94-ին հավատալով սատկող գազանի աղերսանքին կիսատ թողեցինք թշնամուն վերջնականապես ջախջախելու գործը։ Այսօրվա սերունդը մեր կիսատ թողած գործն իր տրամաբանական ավարտին է հասցնելու,- համոզմունք հայտնեց Հրայրը, ավելացնելով, որ սահմանին կանգնած զինվորները լիիրիավ տիրապետում են իրավիճակին, իսկ թիկունքը որևէ հարցում, լինի դա քաղաքական, թե սոցիալական, իրավունք չունի թերանալու։
Այժմ արցախյան ազատամարտը նոր՝ վերջնական փուլ է թևակոխել ու անկասկած մեր տղաներն այս անգամ ևս փառքով են պսակում ու կպսակեն իրենց անունն ու պատիվը հայոց նորօրյա պատմության փառավոր էջերում։ Եվ սա լինելու է ամբողջ հայության միահամուռ ուժերով կերտած հաղթանակը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |