ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏՔ. ՍԱ Է ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ
13.05.2016 21:18

   Նաիրա Գրիգորիի Գրիգորյան, կին - ազատամարտիկ, ով անցնելով արցախյան ազատամարտի բոլոր փորձություններով, այսօր ղեկավարում է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության Իջևանի կառույցը։ Բնավորությամբ քչախոս է, նրա փոխարեն խոսում են նրա կատարած վեհ ու ազգապահպան գործերը։ Արցախյան ազատամարտի տարիներին  Նաիրան օգնում էր տղաներին, ինչով կարողանում էր, նաև՝ զենքը ձեռքին կռվում։ Ամուսինը՝ Աշոտ Քոչարյանը §Հաղարծին¦ ջոկատի հրամանատարն էր, ազատամարտի հուսալի հենասյուներից մեկը։ Մարտական գործողություներից մեկի ժամանակ ծանր վիրավորվել էր։ Այժմ հաշմանդամ է։ Նման տղաների անձնվիրաբար ծառայությամբ  ու նվիրվածությամբ է նաև հետզհետե մոտեցվել այդքան

սպասված խաղաղությունը։ Թվում էր, պատերազմն ավարտվել է և ինքն էլ կանցնի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի։ Սակայն նա ծառայության անցավ զինված ուժերում, շարունակելով իր նպաստը բերել կազմավորված հայոց հաղթական բանակին ու հայ ժողովրդին։ Այժմ էլ Ն. Գրիգորյանը  ծառայում է ՀՀ զինված ուժերում։  Տղաներին տվել է հայ մեծանուն հրամանատարների անուններ՝ Վարդան և Սմբատ։ Ընտանիքում տղաները դաստիրարակվել են Նժդեհյան գաղափարախոսությամբ՝ նախ նրանք Հայրենիքի զավակներն են, ապա նոր մարդկության։ Թերևս զավակների երակներով ի ծնե հոսում է մորական պապի՝ Գեորգիևյան երեք ոսկե խաչերի ասպետ Թորոս Դավթյանի արյունը։ Ասել է թե՝ հայրենասիրությունն այս ընտանիքում ժառանգական է՝ պապերից մինչև թոռներ։  Իսկ Հայրենիքի պաշտպանությունը՝ էստաֆետային։ Այժմ կրտսեր որդին՝ Սմբատն է իր զինվորական ծառայությունն անցկացնում Արցախի Ն զորմասերից մեկում՝ տանկիստ է, իսկական նվիրյալ զինվոր, ով իր ապագան տեսնում է միայն զինվորականի համազգեստով, որը կրելը մեծ պատիվ է համարում։ Մայրն էլ անթաքույց հպարտանում է որդու ընտրությամբ։

Ապրիլյան պատերազմը նորից տակնուվրա արեց հայ ժողովրդի սրտի վերքերը։ Հազարավոր նահատակների արյան գնով ձեռք բերված այդքան փխրուն խաղաղությունը կրկին վտանգվեց։ Ապրիլյան իրադարձություններից հետո տիկին Նաիրան ավագ որդու՝ Վարդանի հետ երկրորդ անգամ է Արցախում լինում։ Նպատակը նույնն է՝ լինել դիրքերում, կանգնել սահմանապահ տղաների կողքին ։ Այս անգամ նա սննդի և ծխախոտի հետ նաև անվադողեր էր բերել, ինչը շատ անհրաժեշտ էր հետակետերի պաշտպանվածությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Դիրքերում նրան ամենուրեք ուրախությամբ ու մեծ ոգևորությամբ էին դիմավորում, ու ինչպես տիկին Նաիրան է ասում՝ նրանց գոտեպնդելու, ոգևորելու փոխարեն ինքը դիրքապահ զինվորներից ուժ ու եռանդ ստացավ ու դիրքերից հեռացավ այն մեծ վստահությամբ, որ մենք ունեն առյուծասիրտ ու հայրենապաշտ սերունդ՝ անկախ պետության զավակներ, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են սեփական մարմնով պատնեշել Հայրենիքի սահմանները։ Դիրքերում Ղարաբաղի պատերազմի վետերանների միության Իջևանի կառյուցի ղեկավարը նաև գովասանագրեր հանձնեց զինվորներին՝ մարտական բարձր ոգու ու տոկունության համար։ Դիրքերից մեկի հրամանատարը պարգևատրման ներկայացրեց նաև Նաիրայի որդուն՝ Սմբատին, սակայն մայրը նախընտրեց պարգևատրել մեկ այլ զինվորի, համոզված լինելով, որ որդին  ներողամիտ կգտնվի մոր նման §սառնասրտությունից¦։ Մայրական աղոթքը միշտ նրա շուրթերին է, քանզի վստահ է, որ մայրական աղոթքն այն հզոր զենքն է, որը պաշտպանում է զավակներին ամենաանհաղթահարելի թվացող իրադրություններում: Իսկ դիրքերում կանգնած բոլոր տղաները նրա զավակներն են…

Ամանորին Տավուշի սահմանի հետակետերի զինվորներին ծանորացներ էր ուղարկել համոզված լինելով, որ որդուն էլ բաժին կհասնի մեկ այլ զինվորի մոր ձեռքերով պատրաստված ծանրոցը։

Ինչպես տեղեկացրեց Նաիրա Գրիգորյանը, ապրիլյան առաջին օրերից ՀՀ Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանի գլխավորությամբ մի խումբ կամավորականներ շտապեցին Արցախ և այժմ էլ գտնվում են դիրքերում։

-Դիրքերում պետք է համոզված լինեն, որ թիկունքն ամուր է։ Ես քուն ու դադար կորցրել էի, մինչև չհավաքագրեցի այն ամենն, ինչ անհրաժեշտ է սահմանապահ զինվորին։  Տեղին եմ համարում նշել, որ մեր ազատամարտիկ վետերաններից Ալվարդ Նիկողոսյանն ու Հայկ Հարությունյանը  Ասկերանի պաշտպանական շրջանի և մի շարք այլ մարտական  հենակետերի ապահովում են հականեխիչ նյութերով և ծխախոտով։ Ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց ու բոլոր այն նվիրյալներին, ովքեր Հայրենիքի համար դժվարին օրերին մի մարդու պես ոտքի են ելել,- ասում է տիկին Նաիրան։

Ասկերանի մատույցներում տիկին Նաիրան հանդիպեց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գիրոգորյանին, ով տեղեկանալով, որ Իջևանի վետերանների միության ղեկավարը Ասկերանի պաշտպանական շրջանի հենակետերից է վերադառնում հրավիրեց իր աշխատասենյակ։ Վարչակազմի ղեկավարը  շնորհակալություն հայտնեց տիկին Նաիրային հայրենասիրական նման ձեռնարկի համար, միաժամանակ նշելով, որ մեր համախմբվածության և սահմանում կանգնած զինվորների ոգու տոկունության շնորհիվ մենք անպայման կհասնենք վերջնական հաղթանակի։

Մանավանդ այս օրերին, կարծում եմ, բոլորս համոզվեցինք, որ միասնության մեջ է մեր ուժը, իսկ միասնությունը՝ հավատքի։ Միասնություն և հավատք՝ սա է մեր հաղթանակի գրավականը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter