ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆԴ, ՀԱՅ ՄԱՆՈՒ°Կ… |
02.06.2016 10:10 |
Հավերժության մեր ճամփան Այբուբենն է Մեսրոպյան. Ուժ է տալիս մեր բազկին, Միասնություն`մեր ազգին… Մայիսի 19-ին և 21-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում առաջին §Ա¦ և §Բ¦ դասարանների 49 աշակերտներ հրաժեշտ տվեցին այբբենարանին: Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ: Փոքրիկներն անչափ ոգևորված էին, իսկ նրանց ծնողները`ոչ պակաս հուզված: Երեխաների հագուկապն այնքա~ն անթերի էր և այնքա~ն կոկիկ: Դահլիճը զարդարված էր սպիտակ, կապույտ և կարմիր փուչիկներով, գարնանային բուրումնավետ ծաղիկներով, իսկ հայերենի տառերն ամեն անկյունից զգացնել էին տալիս, որ իրենք են երանելի օրվա հերոսները: Տոնականորեն զարդարված դահլիճում փոքրիկներն իրենց նաև հպարտ էին զգում, չէ՞ որ այդ օրը նրանց համար իմաստալից օր է, նրանք արդեն տառաճանաչ ու գրաճանաչ են, գիտեն, թե ինչ է հայրենիքը, մայրենի լեզուն, երգն ու երաժշտությունը, հայրենի բնությունը: Երկու դասարաններն էլ փայլուն և արտահայտիչ արտասանեցին, երգեցին, պարեցին: Ոգևորված երեխաները ցանկանում էին համոզել, որ կարողանում են գեղեցիկ գրել, կարդալ: Նրանց կատարումները հանդիսատեսի մոտ բերկրանք էին առաջացնում: Ահավասիկ, այդ փոքրիկներն ապագայում կլինեն բժիշկներ, ուսուցիչներ, քարտաշներ, շինարարներ և հայ ազգին արժանի զավակներ: Ամենահաճելին այն էր, որ փոքրիկները հանդես էին գալիս մաքուր և գեղեցիկ հայերենով: Նրանք գիտեին, որ այսուհետ հայերենի ոսկեղենիկ տառերն ամեն մի գիրք կարդալիս հաճախակի են ժպտալու իրենց: Այբուբենի շուրջն ստեղծված փոքրիկ բեմականացումները, հումորային համարներն ավելի մեծ խանդավառություն և զավեշտ էին հաղորդում դահլիճին: Հյուրերը հիացած էին հաճելի մտահղացումներով ու փոքրիկների ակտիվությամբ, որոնց անարատ շուրթերից բխող ամեն մի բառը ապագայի հանդեպ հույս ու հավատ էր ներշնչում: Առանձնապես սրտառուչ էին երեխաների հայրենասիրական կատարումները: Նրանց մոտ արդեն իսկ արմատավորվում էր սերը հայրենիքի և ազգի հանդեպ: Ինչ խոսք, ակնհայտ էին դասվարներ Միրա Հայրապետյանի և Սուսաննա Պետրոսյանի ջանքերն ու անմնացորդ նվիրումը: Նրանց անխոնջ աշխատանքի շնորհիվ երեխաները կարողացան ներկայանալ հավուր պատշաճի և ցույց տալ այն ամենը, ինչ յուրացրել են այս ամիսների ընթացքում: Առաջին <<Ա>> դասարանի դասվար Միրա Հայրապետյանի ելույթը հուզեց միջոցառման մասնակիցներին. -Ամեն մի հայ օջախում ապրիլ ամիսը մտնում էր մեծ ուրախությամբ: Հայ տղամարդիկ պատրաստվում էին մտնել ծաղկեսրահ և իրենց սիրելի կանանց, մայրերի ու աղջիկների համար ծաղիկներ ընտրել, իսկ կանայք պատրաստվում էին հայակական ճոխ սեղաններով ուրախացնել իրենց տղամարդկանց: Սակայն ապրիլը, որ հայկական տարեգրության մեջ իր սև էջն ունի, վերստին կրկնվեց: Հայ տղամարդն այս անգամ ընտրեց ոչ թե ծաղիկները, այլ սառը և խոնավ խրամատը: Հայրենիքը վտանգի տակ էր: Ծանր օրեր ապրեցինք, սակայն հայ դպրոցը, հայ ուսուցիչը զինվորի նման մնաց կանգուն`հավատարիմ իր սաներին, զանգին, գրչին: Այսօր այդ աշխատանքի շնորհիվ մեր երեխաները հրաժեշտ տվեցին այբբենարանին, որը մեծ տոն է բոլորիս համար: Մենք տեսանք վաղվա այն սերնդին, ով պատրաստ է պաշտպանելու մայր հողը, դառնալու հմուտ մասնագետ և բարձր պահելու այս կրթօջախի պատիվը: Շնորհավոր ձեր նոր զենքը`հայոց այբուբենի շարքը: Սրտի խորքից էր բխում նաև Սուսաննա Պետրոսյանի խոսքը. -Հիրավի, հայոց ազգը միշտ անհաղթ ու անմահ է, քանզի ունի այսպիսի հրաշալի սերունդ, նվիրված ուսուցիչներ, սուրբ մայրեր ու հերոս հայրեր: Այո’, ես վստահ եմ, որ ձեզանով շատ եմ հպարտանալու: Այսօր դուք արդեն գրում եք պարզ ու գեղեցիկ, արտասանում ու երգում եք անկաշկանդ, իսկ առաջիկայում ձեզ սպասում են բազում անակնկալներ, որոնք կհաղթահարեք ուսուցիչների և ծնողների օգնությամբ: Իմացե’ք, որ պետք է զինվեք գիտելիքներով, քանի որ դա միակ զենքն է, որ ոչ ոք չի կարող խլել ձեզանից: Մեսրոպատառ այբուբենը թող աղոթք դառնա ձեզ համար… Ծնողների անունից երախտագիտության խոսք ասաց Ռուզաննա Աղաջանյանը. -Այսօր տոն է բոլորիս համար, քանզի մեր երեխաները սերտել են հայոց այբուբենը և զինվել գիտելիքների ամենակարևոր տարրերով: Պատմությունը մեզ հուշում է, որ հայոց այբուբենն ամենամահացու զենքն է թշնամու դեմ, իսկ որ մեր թշնամին նենգ է, մենք դա լավ գիտենք: Այսօր մեր բալիկների հայրերը գտնվում են առաջնագծում և պաշտպանում Արցախի սահմանները, իսկ մեր երեխաները սերտում են պաշտպանական զենքի առաջին նմուշը: Դեռ երկար և դժվարին ճանապարհ ունեն անցնելու մեր փոքրիկները: Մենք վստահ ենք, որ նրանք գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու հետ մեկտեղ, կդառնան նաև Արցախ աշխարհի պայծառ ապագան կերտողները: Նրանց դասվարներն անում են ամենի ինչ, որպեսզի երեխայի մոտ ամրապնդվի սերն ուսման, հայրենի բնության և հողի հանդեպ: Մենք`ծնողներս ընդունում և գնահատում ենք դասվարների բարի վերաբերմունքը, աշխատաոճը և համոզվում , որ նրանց շնորհիվ կդաստիարակվեն մեր երկրին արժանի սերունդներ: Դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը շնորհավորելով առաջին դասարանցիներին այս հիշարժան օրվա առթիվ`ցանկացավ, որպեսզի նրանց ուղին լինի միշտ պայծառ, իսկ քայլերը`խելամիտ և ազնիվ: Միջոցառման վերջում դպրոցի տնօրենն առաջին քայլերը խորհրդանշող վկայականներ հանձնեց երեխաներին: Իրավմամբ, դասվարներ Միրա Հայրապետյանի և Սուսաննա Պետրոսյանի շնորհիվ հայոց այբուբենի էջերը թերթած այս երեխաներն իրենց հանդեսով հավաստեցին, որ նրանք կլինեն հայ ազգին արժանավայել զավակներ ու կդառնան այն քաջ հայորդիները, որոնց մասին կերազեր յուրաքանչյուր հայ: Շնորհավո°ր այբուբենի տոնդ, հայ մանու°կ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |