ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
02.06.2016 10:25

Հիրավի, առանց արվեստի կյանքն այսօր լրիվ այլ երանգներ կունենար: Արվեստը մեզ կատարյալի ձգտելու ուժ, հույս և սեր է հաղորդում, նրա միջոցով մենք դառնում ենք անկեղծ և բարի, երազող և լավատես: Հենց արվեստի միջոցով ենք գտնում ինքներս մեզ ու ջերմությամբ լցվում դիմացինի հանդեպ:

Մայիսի 25-ին Ասկերանի արվեստի դպրոցում կայացավ 2015-2016թթ. ուսումնական տարվա հաշվետու համերգը, որը դպրոցի կոլեկտիվը սիրով նվիրեց Արցախի հաղթանակած ժողովրդին ու հայոց սահմաններն անսասան պահող քաջ տղաներին: Հայ ժողովուրդը վերստին ապացուցեց, որ միասնական է ու խիզախ և ինքն է այս հողի տերն ու տնօրինողը: Մեր անկոտրուն տղաների շնորհիվ այսօր Արցախում շարունակվում է կյանքը հոսել բնականոն հունով: Յուրաքանչյուրը նվիրումով է կատարում իրեն վերապահված գործը, որն էլ գումարվում է մեր բազում հաղթանակներին, և արդյունքը դարձնում ավելի ամբողջական:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի գլխավոր մասնագետ Գալյա Ավանեսյանը, նույն բաժնի առաջատար մասնագետ Էլվիրա Դավթյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ դասատու Մարինե Աբրահամյանը:

Այսօր արվեստի դպրոցում գործում են դաշնամուրի, քանոնի, վոկալի, ջութակի, ակորդեոնի, դհոլի, շվիի, դուդուկի, կլառնետի, թատերարվեստի, պարարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ կիրառման արվեստի, գոբելենի, հագուստի դիզայնի և մոդելավորման, խեցեգործության բաժինները:

Իհարկե, դժվար էր մեկ ժամում ներկայացնել այն ամենը, ինչ յուրացրել էին դպրոցի սաները, սակայն մենք ականատեսը եղանք փոքրիկ մի հատվածի և համոզվեցինք, որ այս կրթօջախում արվում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի դպրոցի անունը մնա բարձր մակարդակի վրա:

Մինչ միջոցառման սկսվելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Տոնական համերգը բացեց դպրոցի երգչախումբը: Փոքրերի և մեծերի ելույթները, որոնք լեցուն էին ուրախ ելևէջներով, միանգամայն հաճելի տրամադրություն հաղորդեցին հանդիսատեսին: Սաները նվագեցին քանոնի, դաշնամուրի, ակորդեոնի, ջութակի վրա: Նրանց կատարումները  նուրբ և անմիջական էին, ասես շոյում էին մարդու սրտի լարերը, իսկ դհոլահարներն իրենց խրոխտ զարկերով մեծ ուժ և վստահություն էին ներշնչում: Վոկալի և պարարվեստի բաժինների մասնակիցներն իրենց ելույթներով ուրախություն պարգևեցին ներկաներին: Ակնհայտ էր, որ սաներից յուրաքանչյուրը հանդես էր գալիս սրտի խորքից բխող անկեղծությամբ:

Հանկարծ մեր առջև բացվեց զավեշտական մի տեսարան: Թատերախմբի սաները, ովքեր ասես իսկական դերասաններ լինեին, հանդես եկան <<Հմայականց շենումը>> բեմականացմամբ: Երեխաներն իրենց հանդերձներով, պահվածքով ու դեմքի արտահայտություններով կարողացան տիրող աշխուժությունն ավելի մեծացնել:

Հարկ է նշել, որ տոնական համերգին մասնակցում էին նաև Ավետարանոցի, Խնապատի, Նորագյուղի մասնաճյուղերի սաները, որոնք հանդես էին գալիս ոչ պակաս ակտիվությամբ`հաշվետու համերգը դարձնելով գեղեցիկ ու կատարյալ:

Տոնական համերգի վերջնակետը դրեց Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան քոլեջի աղջիկների հիանալի կատարումը, որը նրանք նվիրեցին Ասկերանի հոգևոր հովիվ, երջանկահիշատակ տեր Էմանուել քահանա Վարդանյանին:

Արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և շնորհավորելով շրջանավարտներին օրվա առթիվ` նշեց.

-Ոչ մի այլ միջոց չի կարող ավելի լավ և արդյունավետ խրախուսել կրթությունը և լուսավորությունը, քան գեղեցիկ արվեստը: Մենք` դասատուներս պատրաստ ենք մեր սաների մեջ սերմանել լավն ու գեղեցիկը, բարին ու կատարյալը: Այս տարիների ընթացքում մեր դպրոցի սաները մասնակցելով տարբեր մրցույթների, փառատոնների ու միջոցառումների, կարողացել են բարձր պահել դպրոցի ու դասատուների անունը:

Սիրելի’ շրջանավարտներ, ձեզ մաղթում եմ խաղաղ և անամպ երկինք, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: Շարունակեք հավատարիմ մնալ հայկական արվեստին և գեղեցկացրեք ձեր շրջապատը միայն անբիծ և մաքուր վարքագծով:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն իր ապրումները կիսեց ներկաների հետ,-<<Ականատեսը եղանք մի գեղեցիկ համերգի: Երեխաները մեզ հիացմունք և հույզեր պարգևեցին, մենք կարողացանք մի պահ կտրվել առօրյա կյանքից և ընկնել արվեստի զարմանահրաշ աշխարհը: Այսօր մենք պետք է հասկանանք մի բան. կյանքը եռում է Արցախ աշխարհում, թուրքը չկարողացավ կոտրել մեզ ու հասնել իր նենգ նպատակին: Այսօրվա միջոցառումը խոսուն վկան է, որ այստեղ ուսուցիչը դասավանդում է, իսկ աշակերտը` սովորում: Մեր երեխաները պետք է փայլեն գիտության մեջ, հանդես գան մեծ բեմերում ու հասնեն նորանոր բարձունքների: Միայն այդպես կարող ենք բարձր պահել Արցախի ու հայի պատիվը>>:

Ծնողների անունից երախտիքի խոսք ասաց Ռուզաննա Գաբրիելյանը: Նա շնորհակալություն հայտնեց տնօրեն Անահիտ Բադալյանին և բոլոր դասատուներին իրենց երեխաների հանդեպ ուշադիր և հետևողական վերաբերմունք դրսևորելու համար:

Միջոցառման վերջում դպրոցի մի խումբ դասատուներ պարգևատրվեցին պատվոգրերով: Պատվոգրեր ու գովասանագրեր ստացան նաև գերազանց սովորող և արտակարգ ընդունակություններ ունեցող մի շարք սաներ:

Դպրոցի տնօրենը 15 շրջանավարտներին  հանձնեց ավարտական վկայականներ ու նվերներ: Կարմիր վկայական ստացավ Նորագյուղի մասնաճյուղի քանոնի բաժնի շրջանավարտ Քրիստինե Գաբրիելյանը:

Փաստենք, որ այսօր Ասկերանի արվեստի դպրոցն իր պարապմունքներն անց է կացնում շենքային վատ պայմաններում, սակայն դա չի խանգարում, որպեսզի դասատուներն իրենց գործը կատարեն անմնացորդ նվիրումով ու սիրով: Հուսանք, որ շուտով կլուծվեն դպրոցին հուզող բոլոր խնդիրները և մենք կշարունակենք վայելել այս կոլեկտիվի հրաշալի համերգները…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter