Ասկերանի զորամասը նշեց իր տարեկան տոնը
08.02.2012 00:25

Վերջերս Ասկերանի զորամասը մեծ հանդիսավորությամբ նշեց իր տարեկան տոնը: Միջոցառմանը ներկա էին Ասկերանի ԱԱՄ նախագահ Ս. Աղաջանյանը,  շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ս. Առուշանյանը, ՊԲ նախարարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը, ՊԲ հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան սպաներ, Արցախյան պատերազմի վետերաններ, հյուրեր: Հանդիսավոր հանրահավաքում զորամասի անցած մարտական փառավոր ուղին ներկայացրեց զորամասի հրամանատար Աշոտ Աղաջանյանի ԱՀՏԱ գծով տեղակալ Կ. Աբրահամյանը: Նա մասնավորապես նշեց.

- Ասկերանի պաշտպանական շրջանն անցել է մարտական փառավոր ուղի: Մեր ստորաբաժանումներն Արցախի դարպասը պաշտպանելուց բացի ակտիվորեն մասնակցել են Շուշիի ազատագրմանը, Լաչինի մայրուղու բացմանը, Կուբաթլուի, Քարվաճառի, Մարտակերտի, Հորադիզի եւ այլ մարտերի: Մարտնչելով Քարագլխի, Աղդամի եւ մյուս բնակավայրերի մատույցներում` շատ թանկ գնով հասանք այսօրվա մեր պաշտպանական դիրքերը` ազատագրելով նաեւ այսօր արդեն ուխտատեղի դարձած Տիգրանակերտը: Մեր հրամանատարությունը մեզնից ակնկալում է միայն մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ, եւ զինվորական կարգապահությանը` գիտակցական վերաբերմունք, քանզի խաղաղության հուսալի երաշխիքը մեր բարեխիղճ ծառայությունն է:

Ասկերանի գնդի անցած հերոսական ուղու մասին դեռեւս շատ կխոսվի ու կգրվի: Շատերն անցան այս դժվարին ճանապարհով, իսկ լավագույնները` մարտիրոսվեցին: Այսօր մեր հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում կառուցվում են արցախյան ազատամարտում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներ, կանգնեցվում` հուշատախտակներ: Ասկերանի զորամասն անմասն չի մնացել նման ձեռնարկումից: Զորամասի կենտրոնում կառուցվել է մի հոյակերտ հուշահամալիր, որը հավերժացնում է Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների անմար հիշատակը: Հանդիսավոր միջոցառման ժամանակ թարմ ծաղիկներով եւ ծաղկեպսակներով ամփոփվեց 350 հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:

Ասկերանի պաշտպանական շրջանն արցախյան տարեգրության մեջ իր արժանի տեղն ունի: Այդ է թերեւս վկայում այն, որ զորամասի 18 զինվոր արժանացել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի եւ 94 զինվոր ՙՄարտական խաչ՚ երկրորդ աստիճանի շքանշանների: Իսկ զորամասը միշտ ղեկավարել են հմուտ եւ բանիմաց հրամանատարներ` Վիտալի Միքայելի Բալասանյանը, Իվան Էռնեստի Մեհրաբյանը, Արշավիր Սուրենի Ղարամյանը, Իշխան Գեորգիի Մաթեւոսյանը, Մովսես Հրանտի Հակոբյանը, Վարդան Էմիլի Բալայանը, Վարդան Մարտունի Ավետիսյանը, Բորիս Արկադիի Դավիդովը, Արթուր Յուրիի Հարությունյանը, Ալեքսանդր Սերգեյի Գրիգորյանը:

Ասվածներիս վառ վկայություններից մեկն էլ այն է, որ զորամասը 2010թ. ձմեռային փուլի արդյունքներով լավագույնն է ճանաչվել: Իսկ դա կարեւոր ձեռքբերում է, չէ որ զորամասը պահպանում եւ պաշտպանում է Արցախի կարեւորագույն բնագծերից մեկը, ինչի գիտակցումը էլ ավելի է բարձրացնում զինանձնակազմի պատասխանատվության զգացումը:

Շնորհավորելով անձնակազմին անցած ուսումնական փուլում լավագույն զորամաս ճանաչվելու կապակցությամբ` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ Ա. Ղահրամանյանը հույս հայտնեց, որ ամառային ուսումնական փուլում եւս զորամասը պատվով կկատարի իր առջեւ դրված խնդիրները:

Ելույթներ ունեցան շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, շարժման ակտիվիստ Ս. Առուշանյանը, լավագույն ճանաչված հրաձգային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հ. Մարտիրոսյանը, զորամասի սերժանտական խորհրդի նախագահ, կրտսեր սերժանտ Ա. Իխտիարյանը, ազատամարտիկ-վետերան Վ. Գաբրիելյանը:

Ապա հրապարակվեց ԼՂՀ պաշտպանության բանակի եւ զորամասի հրամանատարների հրամանները` մի շարք զինծառայողներին խրախուսելու եւ վետերան-ազատամարտիկներին պարգեւատրելու մասին:

Տոնական օրն ավարտվեց անձնակազմի հանդիսավոր երթով:

Նման միջոցառումները ԼՂՀ Անկախության հռչակման 20-ամյակի նախօրյակին ապացույցն են Հայի անկոտրում եւ հաստատուն կամքի: Քանզի ունեցած նվաճումները կրկնապատկելով միայն կարող ենք համարվել մեր հերոսների արժանի հետնորդները:

Շնորհավո’ր տարելիցդ, եւ թո’ղ քո բոլոր մարտերն այսուհետ միայն ուսումնական լինեն:

ՙԲերդ՚

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter