ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋՆԵՐՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
02.06.2016 10:27

   Մայիսի 27-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց §Վերջին զանգի¦ միջոցառում: Վերջին զանգ, որը նման չէր մնացած միջոցառումներին: Ապրիլյան քառօրյա պատերազմը հարցական դարձրեց. կլինի վերջին զանգ, թե ոչ…

Անշուշտ, այն եղավ, սակայն համեստ ու տարբերվող իր  հանդիսավորությամբ, քանի որ այն համընկավ հայ ժողովրդի համար կյանքի և մահու պայքարի, մեր լինելիության, մեր սերնդի փայլուն սխրանքների ու հայրենասիրության դրսևորումների հետ: Այն կայացավ մեր քաջ զինվորի արիության ու ոգու և հայ ժողովրդի անմնացորդ նվիրումի ու համախմբման շնորհիվ:

Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, հյուրեր:

Դպրոցի 14 շրջանավարտներ հրաժեշտ էին տալիս հարազատ կրթօջախին և պատրաստվում էին մտնել նոր կյանք, որը նրանց համար պայքար և ինքնահաստատում էր լինելու:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը.

-Եթե մինչև հիմա մեր մեջ, գեթ մի վայրկյան  երկմտանք է եղել, թե ինչպիսին կլինի մեր ապագան, ապա այսօր կարող ենք վստահ ասել. մենք կունենանք փայլուն ու լուսավոր ապագա, քանի որ ունենք հիանալի սերունդ`լցված հայրենասիրությամբ ու ապագայի նկատմամբ վեհ գաղափարներով: Վստահ ենք, նա լինելու է այսօրվա զինվորի արժանի հերթափոխը:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում և թուրք հրոսակների ապրիլյան զինված հարձակումը հետ շպրտելու ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայ քաջորդիների հիշատակը:

Այնուհետև, բոլորը ծափողջույներով ու մեծ ոգևորությամբ դիմավորեցին ապրիլյան պատերազմի մասնակից ու շքանշանակիր զինվորներ Հրայր Մուրադյանին, Բախշի Նագդալյանին և Վազգեն Մելքոնյանին, ովքեր հպարտությամբ բարձրացան բեմահարթակ և ողջունեցին ներկաներին: Մենք պատիվ ունեցանք տեսնելու այն հերոսներից երեքին, որոնց շնորհիվ այսօր շարունակում ենք հանգիստ ապրել ու արարել:

Փա~ռք բոլորին…

Շրջանավարտներին բարեմաղթանքի խոսք հղեց դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը.

-Անշուշտ, շրջանավարտների համար այս օրը հիշարժան է, որովհետև նրանք հրաժեշտ են տալիս մի օջախի, որի հետ են կապված նրանց մանկության լավագույն տարիները: Հենց այստեղ են ձևավորվել նրանց մարդկային լավագույն հատկանիշները: Այսօր մի նոր էջ է բացվում նրանց կենսագրության մեջ և դպրոցական վերջին զանգի ղողանջներն ուղեկցելու են կյանքի ամեն մի նոր փուլում`ազդարարելով հերթական շրջադարձի մասին: Տոն է նաև մանկավարժներիս համար, քանզի մեր տարիների ջանքերը պետք է սկսեն պտուղ տալ: Այդ պատասխանատվության զգացումով էլ ցանկանում եմ շնորհավորել մեր մանկավարժներին` հավատացած լինելով, որ նրանց նվիրյալ աշխատանքն իզուր չի անցնի և այս նոր սերունդն անպայման արդարացնելու է բոլորիս հույսերը: Ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ մենք ունենք հայրենիքի սահմաններն անառիկ պահելու պատրաստ սերունդ, և համոզված եմ, որ մեր շրջանավարտները ևս կլինեն արժանի հետնորդը մեր քաջորդիների:

Ես ցանկանում եմ ձեզ խաղաղ երկինք, ստեղծագործ առօրյա: Դառնաք լավ մարդիկ ու հմուտ մասնագետներ և մասնակցեք Արցախ աշխարհի բարգավաճմանը, չէ որ մեր երկրին լավ մասնագետներ են պետք: Թող կյանքի դռները լայնորեն բացվեն `վառելով միայն կանաչ լույս ձեր երազանքներին ընդառաջ:

Դպրոցական վերջին զանգի իրավունքը տրվեց շրջանավարտներ Հարութ Հարությունյանին, Լուսինե Գաբրիելյանին և առաջին դասարանի աշակերտ Կամո Բախշիյանին:

Շրջանավարտների սրտի խոսքը լեցուն էր սիրով ու երախտագիտությամբ: Նրանց ասմունքը, երգն ու պարերն անզուգական էին, իսկ նախապատրաստական դասարանի երեխաների հանդեսն ավելի կատարյալ էր դարձնում օրվա միջոցառումը:

Գիտության բանալին իրենց հանձնելու և ողջ էությամբ նվիրվելու համար դասվարներ Տանյա Հախնազարյանին ու Միրա Հայրապետյանին հայտնեցին հատուկ շնորհակալություն: Նրանք մեծարելով բոլոր ուսուցիչներին և դասղեկին`խոստացան երբեք չմոռանալ հարազատ դպրոցը, դառնալ լավ մարդ ու բարձր պահել կրթօջախի անունը: Շրջանավարտներն առանձնապես հուզված էին, որ իրենց վերջին զանգը համընկել էր մեր երկրի համար պատմական կարևոր այս ժամանակահատվածի հետ: Երջանիկ պահերն ու հպարտության զգացումներն միահյուսվել էին իրար հետ: Նրանք գիտակցում էին, որ զինվորների սխրագործություններն անմոռանալի հուշեր և կյանքի ուղեկիցներ կլինեն իրենց համար: Տղաները երդվում էին դպրոցն ավարտելուց հետո անմիջապես միանալ քաջ և անվախ զինվորներին`շարունակելով նրանց պես անառիկ պահել հայրենիքի սահմանները: Շրջանավարտները հպարտանում էին մեր հզոր Արցախով, հարազատ ժողովրդի միասնությամբ ու վճռականությամբ և համոզմունք հայտնում, որ աշխարհը կճանաչի Արցախի անկախությունը:

Ասում են, որ այս դասարանի աշակերտները շատ չարաճճի էին և հաճախ էր դպրոցի ուսուցչանոցում քննարկվում նրանց այս կամ այն արարքը, իսկ նրանց դասղեկ Ռուզաննա Հայրապետյանն ամեն անգամ լսում էր ուսուցիչների արված հանդիմանությունները, բայց միշտ էլ գտնում էր իր աշակերտներին արդարացնելու որևէ լուծում: Լավատես, բարեհամբույր, միշտ երեխաների կողքին` որպես երկրորդ մայր, ում կարելի էր տալ նաև հիանալի փաստաբանի որակավորում:

-Մարդկային կյանքը նման է գրքի, որի առաջին մասը` մանկությունը, դուք ավարտում եք այսօր: Թող նորը, որ բացվում է ձեզ համար, ուղղորդի դեպի անփորձանք ճանապարհ: Այդ նոր կյանքի շեմին կուզեի տալ իմ վերջին խորհուրդները: Աշխատեք լավ մարդ լինել, քանզի աշխարհը հիմա լավ մարդկանց կարիք շատ ունի: Դարձեք ձեր գործի հմուտ վարպետները և ինչ մասնագիտություն էլ ընտրեք, նվիրվեք սիրով ու պատասխանատվությամբ: Եղեք բարի, համբերատար և ուշադիր շրջապատի հանդեպ ու կարժանանաք նույն վերաբերմունքին: Համոզված եմ, արժանի կլինեք մեր հայրերին, եղբայրներին և մեզ ավանդած հայրենիքին,  պատվով ու սրբությամբ կպահեք մեր սուրբ հողը` միշտ բարձր պահելով հայի անունը:

Ձեզ ցանկանում եմ հաջողություններ, բարի և անփուշ ճանապարհ,-մաղթեց Ռուզաննա Հայրապետյանը:

Շրջանավարտները հիասքանչ ու բուրումնավետ վարդերով պատվեցին բոլոր ուսուցիչներին ու ծնողներին:

Ազդեցիկ էր Ն զորամասի ավագ լեյտենանտ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը: §Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ այսօր դպրոցներում դաստիարակվում է արժանի սերունդ: Բացահայտվեց հերոսների մի նոր աստղաբույլ, ովքեր շարունակողները դարձան Արցախյան պատերազմում հաղթանակներ նվաճած հերոսների գործի ու պատգամների: Նրանց վառ օրինակով են առաջնորդվել մերօրյա հերոսները, և նրանց կերպարները կլինեն մատաղ սերնդի կյանքի ուղեկիցները: Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք մեր ընկերների շնորհիվ ապահովել այսօրվա միջոցառումը: Հավաստիացնում եմ, որ այսուհետ ևս կանենք ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք ուսման ու մասնագիտացման համար խաղաղ պայմաններ¦:

Օրվա հերոսներին շնորհավորելու էին եկել նաև 10 տարի առաջ դպրոցն ավարտած և արդեն կյանքում իրենց տեղը գտած շրջանավարտները: Անչափ հաճելի էր լսել Սաթենիկ Տոնյանի մաղթանքի խոսքերը.

-Այսօր կրկին մեր դպրոցում ենք, բայց արդեն որպես կյանքի դասեր առած երիտասարդներ: Ինչքա~ն քաղցր ու անմոռանալի հուշեր մնացին այս կրթօջախի պատերի ներսում: Մենք այստեղ թողեցինք վարդագույն երազներով լեցուն մի ողջ մանկություն: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ուսուցիչներին, դասվարներ Մարելլա Ավանեսյանին, Տանյա Հախնազարյանին, Միրա Հայրապետյանին, Աիդա Գյանջումյանին  և դասղեկ Էլմիրա Հարությունյանին: Այսօր մեզ հետ չէ մեր սիրելի դասղեկը, չափազանց նուրբ ու զգայուն ընկեր Շիրոյանը, սակայն այն մեծ սերը, որ տածում ենք նրա հանդեպ, միշտ նրան ներկա կպահի մեր հուշերում: Դպրոցական տարիների մեր անմեղ հուշերում է նաև մեր համադասարանցի Առուշան Առուշանյանը, ում անունը հավետ կմնա մեզ հետ:

Սիրելի° շրջանավարտներ, այսօր մեծ տոն է ձեզ համար, դուք մտնում եք մեծ ու անծանոթ մի կյանք: Թող այդ ճանապարհը միշտ խաղաղ լինի, իսկ ձեր հայրենասիրական ոգին`տոկուն ու անվախ:

Խանդավառված շրջանավարտները խաղաղության աղավնիներ բաց թողեցին դեպի կապույտ երկինք, որոնց ճախրանքն ազատության ու անկախության հպարտ թռիչք և օրվա հերոսների իղձերի իրականացում էր ավետում:

Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը պատվոգրերով պարգևատրեց շրջանային և հանրապետական մրցույթներում կրթության, մշակութային և սպորտի բնագավառներում մրցանակային տեղեր զբաղեցրած մի խումբ աշակերտների, ինչպես նաև մի շարք ուսուցիչների:

Հիրավի, դպրոցական վերջին այս զանգը միանգամայն այլ խորհուրդ ունեցավ: Այն յուրօրինակ մի հայրենասիրական դաս էր, որին մասնակցեցին մեծ, թե փոքր: Անտարակույս, յուրաքանչյուր ոք իր սրտի խորքում աղոթեց, որ երբեք չկրկնվի պատերազմը, որ այս 14 երիտասարդների առջև բացվեն միայն լուսավոր ուղիներ և նրանք կարողանան դառնալ այս երկրի համար արժանավոր զավակներ:

Շնորհավո°ր ձեր տոնը, սիրելի° շրջանավարտներ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter