ՇԵՆԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ ՄԻԱՀԱՄՈՒՌ ՈՒԺԵՐՈՎ |
02.06.2016 10:48 |
Մայիսի 30-ին Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն։ Մանկապարտեզը կառուցվել է §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական հանձնախմբի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, Տորոնտոյի տեղական հանձնախմբի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բարերարներ, կառավարության անդամներ, հյուրեր, իվանյանցիներ։ Իվանյացիները համայնքի նորընծա բարեկամներին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Արցախում արդեն ավանդույթ է դարձել բոլոր միջոցառումները սկսել նախ հարգանքի և խոնարհումի տուրք մատուցելով արցախյան և ապրիլյան ազատամարտերում զոհված մեր քաջարի մարտիկների հիշատակի առաջ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի զավակների անմար հիշատակը։ Ապա հյուրերին ողջունեց Իվանյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գուրգեն Ղուլյանը՝ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը հայտարարելով բացված։ Հնչեցին հայկական երկու հանրապետությունների օրհներգերը, որի ելևէջների ներքո անկախ պետությունում ծնված իվանյանցի մանուկների ձեռքերում հպարտորեն փողփողում էին եռագույնները։ Երեխաներից յուրաքանչյուրն այսօր արդեն քաջ գիտակցում է անկախ երկրում իրենց ապրելու իրավունքի և հանուն դրան պայքարի ելնելու մասին։ Օրն իսկապես տոնական էր իվանյանցիների համար, քանզի իրականանում է նրանց նվիրական երազանքներից մեկը։ Նախակրթարան ունենալն այսօր ժամանակի հրամայական է, քանզի առանց դրան անհնարին կլինի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը։ Իսկ նման՝ ժամանակի շնչով ու արդի չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ հաճախելը մեծ երջանկություն է ոչ միայն երեխաների այլև նրանց ծնողների համար։ -Քանի որ նախադպրոցական կրթությունը շարունակական կրթության առաջին օղակն է, կարծում ենք, որ մեր երեխաներն անցնելով այդ օղակով կզարգանա նրանց աշխարհայացքը, կձևավորվեն որոշակի կարողություններ և նրանք դպրոց կհաճախեն արդեն տեղեկացված շրջապատի, բնության, կյանքի մասին։ Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ մենք անպարտելի ենք մեր հերոս տղաների անկոտրում ոգով, ազգի միասնությամբ ու համախմբվածությամբ։ Ամեն անգամ, երբ թշնամին փորձում է ընկճել մեր դիմադրությունը, մենք ավելի ենք բռունցքվում և արժանի հակահարված տալիս։ Այսօրը համախմբման ու միասնականության ևս մեկ օրինակ է ու միայն այսպես՝ ազգովի դեպի ապագան կքայլենք ու մեր արժանի տեղը կհաստատանք աշխարհում,- ասաց Գ. Ղուլյանը՝ համայնքի բնակիչների անունից երախտագիտություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր ձեռնարկել են այս հայրենանվեր գործը։ Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ողջունելով §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրինությանը, Տորոնտոյի տեղական հանձնախմբի անդամներին և ներկաներին ասաց, որ միայն այս կերպ՝ մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ և դպրոցներ կառուցելով մենք կհավերժացնենք մեր հերոս զավակների, հայրենիքի քաջ նվիրյալների հիշատակը։ -Համոզված եմ, որ այս մանկապարտեզում դաստարակվելու են մեր ապագա հերոսները, քանզի այս մանուկների գերակշիռ մասը հասակ է առնում զինվորականների ընտանիքներում ու այսօր գիտակցաբար ու հպարտորեն են ծածանում են մեր պետության խորհրդանիշ եռագույնը։ Ա. Հարությունյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Տորոնտոյի տեղական հանձնախմբի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին, ում հաճախակի այցելություններով ու վերահսկողությամբ է կառուցվել մանկապարտեզի հոյակերտ շենքը, իսկ համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։ -Մենք կարևորում ենք Իվանյանում նման թափով շինարարական աշխատանքների իրականացումը, քանզի այս համայնքը հիմնականում բաղկացած է սպայական ընտանիքներից, հայրենիքի քաջ պաշտպաններից, ովքեր մեր ազգի պարծանքն են, հայրենակիցներ, ովքեր ծնում են մեր ապագա հերոսներին և մարդիկ, ովքեր կերտում են մեր ազգի հերոսական պատմությունը։ Մենք միշտ կանգնած ենք լինելու ձեր կողքին ու սատարելու ենք ամեն հարցում։ Իսկ ծրագրեր՝ կապված Իվանյանի համայնքի հետ, դեռևս շատ կան։ Համոզված եղեք, որ մեր միասնության արդյունքում շատ ու շատ նպատակների ենք միասին հասնելու։ Իսկ այն ժպիտը, որ այսօր տեսա մեր մանուկների դեմքերին ամենաուրախալին է ինձ համար ու ամենամեծ ձեռքբերումը,- ասաց Ա. Հարությունյանը։ -Հայ ազգի դարավոր պատմության մեջ մենք բազմիցս ենք ապացուցել աշխարհին մեր ապրելու իրավունքը, ինչը մենք կատարել ենք պատվով ու փառքով։ Ազատ ու անկախ Արցախն ասածիս վառ ապացույցն է։ Իսկ ապրիլյան պատերազմը հայ ժողովրդի ամրակուռ ոգու դրսևորում էր, մեր միասնականության ու միաբանության յուրօրինակ դաս։ Ապրիլյան պատերազմական օրերին ամբողջ աշխարհը համոզվեց մեր արդար պահանջի մեջ, ինչն էլ մեր հաղթանակի գրավականը հանդիսացավ։ Այսօր կարծես թե մեր հարևանները վերջապես սկսել են հասկանալ, որ հայ ազգի հետ անհնարին է զենքով ու կռվով հարցեր լուծել։ Քանզի մեր զենքը մեր ժողովուրդն է, ով դիմակայում է ժամանակի բոլոր դժվարություններին, զինվորներն ու սպաները՝ ովքեր պատրաստ են իրենց կյանքը տալ, սակայն պաշտպանել սրբացած հայրենի հողը,- շնորհակալություն հայտնելով Արցախի կառավարությանը հիմնադրամի ծրագրերին աջակցելու և համաֆինանսավորելու համար ասաց հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը՝ ավելացնելով, որ միահամուռ ուժերով Արցախում դեռևս բազում ծրագրեր են կյանքի կոչվելու։ Ներկաների հետ սրտի խոսքով կիսվեց Տորոնտոյի տեղական հանձնախմբի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, - Այսօր Տորոնտոն մի պարտականություն ևս կատարեց և այս գեղեցիկ շենքը մեր առաջին նվերն է Իվանյանի համայնքին, և ինչպես ասվեց համայնքային կենտրոնը կլինի երկրորդ նվերը ու սա դեռ վերջը չէ, քանզի ձեր արածը մենք ոչնչով չենք կարող փոխարինել։ Այս գեղեցիկ, ժպտերես երեխաներին տեսնելով ես երանի եմ տալիս նրանց, քանզի հաճախելու են արդի պահանջներին համապատասխան մանկապարտեզ, ինչպիսին նույնիսկ Կանադայում չկա։ Կուզենային փոքրիկ կախարդական փայտիկ ունենայի, որի օգնությամբ ես 3-4 տարեկան իվանյանցի դառնայի ու հաճախեի այս մանկապարտեզը։ Մեծ ուրախությամբ այն ձեզ ենք նվիրում և ասում, որ մենք՝ որպես սյուռփքահայ, ունենք միայն երկու պարտավորություն՝ կամ սփյուռքահայը պիտի մտնի խրամատ ու պաշտպանի այս հողերը, կամ այս հողերը պաշտպանողներին, սպաներին, սահմանին կանգնած զինվորներին պիտի սատարի ամեն ինչով, իսկ գյուղերում և քաղաքներում դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, հիվանդանոցներ կառուցի ու ջրագծեր անցկացնի՝ ապահովելով արցախցուն ապրելու ու երկիր շենացնելու արժանավայել կյանքով։ Չկա այլ տարբերակ կամ պիտի հողերդ պաշտպանես կամ էլ հողերը պաշտպանողին սատարես և թև ու թիկունք դառնաս, -շնորհավորելով մանկապարտեզի հոյեկարտ շենք ունենալու կապակցությամբ ասաց Մ. Մկրտիչյանը՝ բարի վալեյում ցանկանալով իվանյանցիներին։ Իվանյանի համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը շնորհակալություն հայտնելով ԼՂՀ կառավարությանն ու բարերարներին համայնքում բարեգործական ծրագրերով հանդես գալու համար §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին և Տորոնտոյի տեղական հանձնախմբի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին հանձնեց Իվանյանի համայնքի պատվավոր քաղաքացիների վկայականներ։ Ի նշան երախտագիտության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը խորհրդանշական նկար հանձնեց բարերար Մկրտիչ Մկրտիչյանին՝ մանկապարտեզի լուսանկարով և ՇԵՆԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ ՄԻԱՀԱՄՈՒՌ ՈՒԺԵՐՈՎ մակագրությամբ։ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Մկրտիչ Մկրտիչյանին և Բորիս Ղահրամանյանին։ Մ. Մկրտիչյանին ուղեկցում էին Նարեն և Ալեքսը, ովքեր մոտ ապագայում այս մանկապարտեզի սանիկներն են լինելու։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Ստեփանակերտ քաղաքի սուրբ Հակոբ եկեղեցու հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը կատարեց մանկապարտեզի շենքի օրհնության արարողակարգ։ Այսօր առավել քան երբեև Արցախում անհարժեշտ են նման բարեգործական ծրագրեր իրականացնելը։ Այսկերպ մեր բարերարներից մատաղ սերունդը հայրենասիրության յուրօրինակ դաս է առնում։ Իսկ ապահովելով մեր մանուկների անհոգ ու երջանկ մանկությունը, համոզված ենք, որ նրանք կմեծանան ամուր թելերով կապված իրենց ծննդավայրին ու հայրենի հող ու ջրին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |