ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ |
24.06.2016 12:12 |
Արցախյան պատերազմը պայթեց, ինչպես բոթաբեր կայծակը վճիտ երկնքում` անպատեհ, դաժան ու չարաղետ: Ու ռազմի դաշտում ծնվեցին բոլոր ժամանակների դյուցազունները, և հաղթանակի աստվածուհին իր դափնիները նվիրեց հայ ազգին, քանզի նա իր լինելիության ու ոտնահարված իրավունքների պաշտպանության համար էր զենք վերցրել: Եկել էր պահը, պիտի ժայթքեր հայի ոգին: Եվ պոռթկումը պիտի կերպարանք առներ ազգընտիր տղաների հառնումով` ընդդեմ նենգ ոսոխի, որը կրկին տենչում էր իր ծարավը հագեցնել նոր եղեռնով: Հիրավի, այդպես էլ կլիներ, եթե հայը ոտքի չկանգներ և չբռունցքվեր… Ալեքսանդր Հայկի Շամիրյան: Ծնվել է 1966 թվականի հունիսի 9-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի դպրոցում, այնուհետև զորակոչվել խորհրդային բանակի շարքերը` ծառայելով Արխանգելսկ քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Զորացրվել է 1986 թվականին և ընդունվել Կինեշմա քաղաքի տնտեսագիտական տեխնիկումի ֆինանսների բաժինը: Ավարտելով այն` որպես տեսուչ աշխատանքի է անցել Ասկերանի շրջֆինբաժնում: 1988 թվականին բռնկվեց արցախյան ազգային-ազատագրական պայքարը, որին անվարան միացավ նաև Ալեքսանդրը: Խոհեմ երիտասարդը հասկացել էր, որ միայն զենքի միջոցով կարելի է լուծել այս հարցը: Նա իր ընկերների հետ պաշտպանում էր հարազատ գյուղի տարածքները, որը շատ մոտ էր թշնամական որջի վերածված Աղդամին: Խրամորթցիները կարողանում էին դիմակայել հակառակորդի կողմից ձեռնարկվող բոլոր դիվերսիոն գործողություններին: Հենց հայրենի օջախի մատույցներից սկսվեց Ալեքսանդրի մարտական ուղին: Նա դարձավ Ասկերանի ջոկատի, այնուհետև 4-րդ պաշտպանական շրջանի քաջ մարտիկներից մեկը: Նա մասնակցեց Խրամորթի, Փառուխի, Խնապատի, Խոջալուի և Նախիջևանիկի ենթաշրջանի գյուղերի ազատագրման համար մղված մարտերին: Հաճախ էր Ալեքսանդրը հարազատների և ընկերների հետ կիսում իր մտքերը: Նա նշում էր, որ Ասկերանը որպես պատմական ամրոց պետք է անառիկ ու անձեռնմխելի մնա, թուրքը երբեք չպետք է ոտք դնի այնտեղ: Նա հուսադրում էր հարազատներին ու ասում, որ չպետք է վհատվել, այլ մտածել միայն հաղթանակի համար: Համոզված էր, հայն անպայման հաղթելու է: Ծանր ու դժվար օրեր էին: Մինչև ատամները զինված թշնամին օրեցօր ուժեղացնում էր գրոհները հարազատ Խրամորթի ուղղությամբ: Խաղաղ բնակչությունը ստիպված էր հեռանալ հայրենի բնօրրանից: Մղվում էին անհավասար մարտեր և այլևս հնարավոր չէր կազմակերպել գյուղի պաշտպանությունը: 1992 թվականի հունվարին Խրամորթն ընկավ: Թուրք գազանը հիմնովին ավերեց և այրեց գյուղը: Շուրջ մեկուկես տարի այն մնաց գերության մեջ: Դժվար է նկարագրել այն ապրումները, ցավը, որ զգում էին խրամորթցիները` ապաստանելով տարբեր բնակավայրերում: Յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում էր գյուղի ազատագրմանը, իսկ այն տեղի ունեցավ 1993 թվականի հունիսի 26-ին, երբ վերջնականապես ազատագրվեց Խրամորթը: Հարազատ գյուղի ազատագրմանը մասնակցում էր նաև Սաշիկը (ի դեպ, նրան այդպես մտերմիկ էին կոչում բոլոր ճանաչողները): Չափազանց մեծ էր նրա ուրախությունն ու ոգևորությունը, երբ հարազատ բնակավայրը վերստին ազատագրվեց: Նա համոզված էր, որ անպայման կվերադառնա գյուղ և կրկին կշենացնի հայրական օջախը, որը լրիվությամբ ավերվել ու թալանվել էր թշնամու կողմից: Խրամորթի ազատագրումից հետո թուրք գազանն ավելի էր կատաղել և չէր ուզում հանձնվել: Մարտեր էին ընթանում Աղդամի ուղղությամբ: Թշնամին նետվել էր Ասկերանի վրա` ցանկանալով ճեղքել հայ ազատամարտիկների պաշտպանական գիծը: Եվ հենց այստեղ էլ նա ստացավ արժանի հակահարված և ոչնչացվեց: Բացվում էր դեպի Աղդամ տանող երանելի ճանապարհը…Սակայն այդ օրը ճակատագրական եղավ մի շարք քաջ հայորդիների համար, որոնք առյուծի նման էին մարտնչում և հաղթանակ երազում: Ավա¯ղ…Նրանք չտեսան, թե ինչպես հայ զինվորը տիրացավ Աղդամին: Նրանք զոհվեցին ու հավերժացան…Այդ հերոս տղաների թվում էր նաև տակավին երիտասարդ Ալեքսանդր Շամիրյանը: Նա ընդամենը 27 տարեկան էր: Այնքա¯ն անելիքներ, այնքա¯ն երազանքներ ուներ նա: Հիրավի, նա պիտի վերադառնար ու տեր կանգներ երիտասարդ կնոջն ու երկու որդիներին, ովքեր սրտի այնպիսի թրթիռով էին սպասում նրան: Իսկ մա՞յրը… Մտածե՞լ եք երբևէ, թե ի՞նչ ճառագայթներ են պետք որդեկորույս մայրերի հոգին թափանցելու համար: Եթե թափանցեք, այնտեղ կտեսնեք, սոսկ ծխացող մորմոք, անդառնալի ցավ… Փա¯ռք ձեզ, հերոսածին մայրեր… Հայկ և Լենա Շամիրյանները, որքան էլ դժվար, ցավը խեղդեցին իրենց կոտրված սրտերում: Ալեքսանդրի փոքրիկներին ոտքի կանգնեցնել է պետք, իսկ երիտասարդ հարսը`Գայանեն իրենց սփոփանքի և օգնության կարիքն էր զգում: Համերաշխ այս օջախն ավելի միասնացավ ու ամրացավ: Մանկահասակ Հայկի և Հարութի խնամքն անվարան ստանձնեցին ողջ ընտանիքով: Հերոս եղբոր քույրերը`Անուշը և Անահիտն ապրում էին եղբորորդիների կյանքով, նրանց դաստիարակությամբ: Նրանք իրենց ողջ սերն ու ջերմությունը տալիս էին փոքրիկներին, իսկ հարսի համար դարձել էին նվիրված քույրեր: Սաշիկի եղբայրը` Միքայելը, հանձն առավ եղբոր ընտանիքին ընդմիշտ օգնելու և ոտքի կանգնեցնելու սուրբ պարտականությունը, և նվիրումն անմնացորդ էր… Գլորվեցին տարիները… Այսօր Շամիրյանների ընտանիքը նույն միասնական և կազմակերպված ընտանիքն է և մեծ հարգանք է վայելում շրջանում: Օջախի ավանդույթները չեն փոխվել: Այստեղ մեծանում է կրտսեր Ալեքսանդր Հայկի Շամիրյանըª Սաշիկի թոռը, շրջապատված ամբողջ գերդաստանի ջերմ սիրով ու հոգատարությամբ։ Ընտանիքի անդամների նպատակը մեկն է` բարձր պահել Ալեքսանդր Շամիրյանի անունն ու պատիվը: Քո զավակներն արդեն իրենց սեփական ընտանքիներն ունեն: Շնորհիվ քո հարազատների, նրանք հաղթահարել են կյանքի բոլոր դժվարությունները: Քո կինն իր անբասիր վարքագծով ու պահվածքով մեծ հարգանք է վայելում ու բարձր պահում քո անունը, իսկ ծնողներդ իրենց մխիթարանքը գտնում են թոռների ու ծոռների մեջ… Հիրավի, Ալեքսանդրը գիտեր, որ հայոց աշխարհում անպայման խաղաղություն է լինելու, իսկ հարազատ Խրամորթը` միշտ կանգուն ու հպարտ: Նա հպարտ է լինելու իր հերոսածին զավակներով, իր 33 հերոս արծիվներով, որոնց թվին ավելացավ 34-րդը` ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված §Մարտական խաչ¦ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Օնիկ Գրիգորյանը: Այո°, Խրամորթը շարունակում է հերոսածին մնալ… Այսօր Ալեքսանդր Շամիրյանը կդառնար 50 տարեկան: Խաժ աչքերով, գեղեցկադեմ ու ժպտերես երիտասարդ, ով այդպես էլ կմնա բոլորիս հիշողության մեջ: Շնորհավո°ր 50-ամյա տարելիցդ Ալեքսանդր Շամիրյան: Թո°ղ աշխարհում խաղաղություն լինի, թո°ղ քո հարազատների աչքերում փայլատակեն միայն ուրախության արցունքները: Թո°ղ միշտ ծլի ու ծաղկի Արցախ աշխարհը, և հերոսների ծնունդները նշենք միայն նրանց ներկայությամբ… Փա¯ռք քեզ և քո նման հերոս տղաներին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |