ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՍԱՐՈՒՇԵՆՈՒՄ |
24.06.2016 12:42 |
Հայրենասիրության միևնույն աղբյուրից սնված հայ քաջարի մարտիկներն ազատագրեցին Արցախը` իրենք մնալով հավերժության գրկում: Նրանցից ամեն մեկը մի կենդանի լեգենդ է, առասպել, արիության մարմնացում ու հայ զինվորի իսկական տիպար: Այդ լեգենդներից մեկն էլ Արցախյան ազատամարտի նահատակ, §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Վարդան Բորիսի Իսրայելյանն էր, ում ծննդյան 45-ամյակին էր նվիրված հուշ-ցերեկույթը, որը հունիսի 10-ին կազմակերպվեց Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ասկերանի Ն զորամասի ԱՀՏԱԳ տեղակալ Արա Քամալյանը, ԱԱՄ-ի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, հերոսի մարտական ընկերներ, զինծառայողներ, հարազատներ, համագյուղացիներ: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Սարուշենի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրին` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը: Համայնքի դահլիճի պատերը, կարծես նեղվում էին մարդկանց առատությունից: Բեմում տեղադրված մեծադիր նկարից բարետես, խելացի ու թախծոտ աչքերով օրվա հերոսը ողջունում էր հյուրերին: Չէ որ իր ծննդյան օրն էին եկել նշելու…Իսկ հյուրերը մոտենում էին, նայում նրա աչքերի մեջ, մտովի ողջունում և հավանաբար ամեն մեկն իր սրտի խոսքն էր մրմնջում… Հնչեց Արցախի պետական օրհներգը: Ներկաները հոտնկայս հարգեցին հայրենիքի համար բոլոր ժամանակներում զոհված քաջորդիների հիշատակը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Սարուշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Գասպարյանը. -Վարդան Իսրայելյանն այն անհատներից էր, ում համար առանց հայրենասիրության հայրենիք գոյություն ունենալ չի կարող: Նա այն քաջազուն տղաներից էր, ովքեր Արցախյան գոյապայքարի օրերին ինքնաբուխ մղումով նետվեցին պայքարի թոհուբոհի մեջ: Մեր երանավետ խաղաղությունը ձեռք բերվեց շնորհիվ Վարդանի նման բյուրեղյա մաքրության տեր և հայրենասեր տղաների: Վարդանը չհասցրեց ճաշակել իր նորաստեղծ ընտանիքի քաղցրությունը, դարձավ հայրենյաց պաշտպան և հավերժացավ`իր պատգամն ավանդելով սերունդներին… Խոնարհվում եմ ձեր շիրիմների, ձեզ ծնող հերոսածին մայրերի առջև… Փա~ռք ու պատիվ բոլոր զոհվածներին… Անհուն կարոտ ու թախիծ կար հերոսի հորեղբոր աղջկա`Նարիա Իսրայելյանի սրտի խոսքում. -Այսօր եղբայրս կդառնար 45 տարեկան, սակայն նա բոլորիս հիշողության մեջ մնաց հավերժ 26-ամյա մի երիտասարդ, ով այնքա¯ն շատ էր սիրում կյանքը: Հիրավի, նա պետք է ապրեր, ստեղծեր, արարեր, իր օջախը շենացներ, ծնողներին սփոփեր, որդու քայլերով ուրախանար ու նրան հայրական դաստիարակություն տար, որը, անշուշտ կլիներ իսկական հային վայել հայրենասիրությամբ լցված ու այս սուրբ հողին անմնացորդ նվիրվելու գաղափարներով տոգորված դաս: Ով կմտածեր, որ այսօր քո մասին ես պիտի անցյալով խոսեմ: Ով կմտածեր, որ քո հանդեպ ճակատագիրն այդքան դաժան ու անարդար կլիներ: Վարդան Իսրայելյանը ծնվել է 1971 թվականի հունիսի 10-ին Սարուշեն գյուղում: Բերկրանք էր ապրում հորեղբորս ընտանիքը, արու զավակ էր ծնվել: Ունեցավ անհոգ ու երջանիկ մանկություն, բոլորը սիրում էին նրան: Մանկուց շատ խելացի ու հմուտ երեխա էր, սիրած խաղալիքը գիրքն էր: Երբ հաճախեց դպրոց, միանգամից դարձավ բոլորի սիրելին: Նա շատ ընդունակ, պարտաճանաչ և հմուտ երեխա էր` միշտ պատրաստակամ ընկերներին օգնելու: Մեծ սիրով էր մասնակցում դպրոցական միջոցառումներին, օլիմպիադաներին և միշտ էլ զբաղեցնում էր մրցանակային տեղեր: Հոգու խորքում սիրում էր ռազմական գործը և պատահական չէ, որ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ցանկացել է ուսումը շարունակել Սուվորովի անվան ռազմական ուսումնարանում: Մեկ միավորի պատճառով նրան չի հաջողվել ընդունվել և նա վերադարձել է գյուղ և դպրոցն ավարտել գերազանց գնահատականներով: Այնուհետև ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի §Հաշվապահական հաշվառում¦ բաժինը: 5-րդ կուրսում էր, երբ պոռթկաց Արցախյան շարժումը և նա կիսատ թողնելով ուսումը` հայրենիքի կանչով շտապեց Արցախ և անմիջապես ամրագրվեց գոյապայքարին: Կռվեց և անմահացավ` չվայելելով կյանքի բարիքները և նորաստեղծ ընտանիքի ջերմությունը: Այսօր որդիդ քո մասնագիտությունն է ընտրել, եղբայրներդ կիսատ թողած գործդ են շարունակում, իսկ ծնողներդ իրենց սփոփանքը գտնում են մինուճար որդուդ` Վահեի մեջ: Ննջիր խաղաղությամբ եղբայր իմ, այսօր մի սերունդ է մեծանում, ով երբեք չի թողնի, որ թշնամին պղծի այս սուրբ հողը, որը շաղախված է նաև քո արյամբ… Վարդան Իսրայելյանի մարտական ընկեր Կարմեն Ավետիսյանն իր հուշերը կիսեց ներկաների հետ. -Վարդանը մի երիտասարդ էր, ով խաղաղության պայմաններում շատ անելիքներ ուներ անելու և կաներ… Սակայն հայրենիքի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից, և պատահական չէ, որ խոհեմ, գրագետ և նվիրված երիտասարդն ընտրեց երկրի պաշտպանության գործը: Նա լավագույն մեր տղաներից էր, ում համար հայրենիքի շահը կարևորագույնն էր: Վարդանն իր բոլոր պարտականությունները կատարում էր լիարժեք նվիրումով, անվարան: Ընկերասեր էր, բարի և խիզախ: Համոզված եմ, որ նրա անունը հավետ կհնչի բոլորիս շութերին: Մյուս մարտական ընկերը`Կառլեն Մայիլյանը, ով վերջին տարիներին Վարդանի հետ էր ծառայում ու անմիջապես շփվում` նշեց.§Մեծ ափսոսանք եմ զգում, որ անցյալ ժամանակով եմ խոսում Վարդանի մասին: Երբ մոտիկից ծանոթացա նրա հետ, միանգամից հասկացա, որ պատիվ ունեմ ծառայելու և զիվորական կացարան կիսելու կիրթ, խելամիտ և ընդգծված տակտով մի երիտասարդի հետ: Ուներ հումորի մեծ զգացում, սակայն ամեն մի խոսքը տեղին էր ասում և միշտ էլ աչքի էր ընկնում իր օրինակելի վարքագծով: Սիրում էր խոսել մանկահասակ որդու մասին և մեծ երազանքներ ուներ նրա հետ կապված: Ցավոք, այդ չարաբաստիկ օրը, խախտեց երիտասարդ, կյանքի նկատմամբ մեծ ակնկալիքներով լցված Վարդանի բոլոր իղձերը: Նա թողնելով երիտասարդ կնոջը, որդուն, ծնողներին` իր անունը սրբագրեց և հավերժացրեց հիշատակը… Այսօր, մենք պետք է գիտակցենք, որ ոչինչ ավարտված չէ, քանի որ ունենք ընդգծված թշնամի, իսկ նա նենգ է և ուխտադրուժ: Պետք է հավատանք, որ հաղթանակը միշտ մերն է լինելու, չէ որ ավելի լավ ու կատարելագործված սերունդ է մեծանում` Վարդանների սերունդ: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այս հրաշալի միջոցառման կազմակերպիչներին, բոլոր մարտական ընկերներին ու Վարդանին հիշողներին: Հուզիչ էին Վարդանի ուսուցչուհիներ Ռայա Մուսայելյանի և Արմենուհի Աղաջանյանի հուշերը սիրելի աշակերտի մասին: Կենսուրախ, աշխատասեր և նպատակասլաց տղա էր Վարդան Իսրայելյանը: Մեծերի նկատմամբ հարգալից էր, իսկ փոքրերի հանդեպ` ուշադիր: Դասերին ներկայանում էր միշտ պատրաստ` երբևէ պատճառաբանություն չուներ անպատրաստ լինելու: Գրավոր աշխատանքների ժամանակ միշտապես շտապում էր, չէ որ ընկերներին օգնել էր պետք: Նա դպրոցի հպարտությունն էր և վայելում էր բոլորի սերն ու հարգանքը, իսկ §Ուսման առաջավորները¦ պատվո տախտակին իր խելամիտ հայացքով տարիներ շարունակ զբաղեցնում էր գերազանցիկների պատվավոր տեղը: Հիրավի, նա պետք է գիտության մարդ դառնար, սակայն գրիչը փոխարինեց զենքով և ազգի ազատության էստաֆետը պատվով և հայ զորականին վայել արժանապատվությամբ փոխանցեց հաջորդ սերնդին: Սրտառուչ էր, երբ բեմահարթակ բարձրացավ հերոսի մինուճար որդին` Վահե Իսրայելյանը: Երիտասարդ, ով ասես հոր կրկնօրինակը լիներ. նույն խելամիտ աչքերը, նույն հաստատակամ պահվածքը: Երախտագիտության և հպարտության զգացումներով լցված իր խոսքում նա նշեց. -Ընդամենը երկու տարեկան էի, բայց ինչ, հրաժեշտ-անջատում-չմեկնաբանված վիշտ…Հարված գեղեցիկ ընտանիքիս, մորս սրտին, մանկահասակ հոգուս, հարազատներիս ,և ի վերջո` բոլորին…Ով գիտե, ինչեր կակնկալեի մարդկային բարձր արժեքներով օժտված հայրենասեր հորիցս: Անգնահատելի է սխրանքը քո, դու զոհվեցիր մեզ փրկելու համար: Փառքդ լույսով թող պսակվի: Ես խոստանում եմ լինել քո արժանի հետնորդը և միշտ բարձր պահել քո վեհ անունը, հա°յր իմ… Հերոսի հոր` Բորիս Իսրայելյանի ելույթը հպարտությամբ էր լցված: Նա գիտեր, որ իր զորավարի անուն կրող Վարդան որդին յուրահատուկ ունակություններ ուներ: Նրա մոտ ընդգծված էր հայրենասիրությունը, քաջությունը: Նա վճռական էր և ազատության մարտիկի անաղարտ գաղափարներով տոգորված: §Հպարտ եմ, որ հերոս որդու հայր եմ և իմ երկու տղաները շարունակում են իրենց եղբոր անավարտ գործը` ծառայելով ԼՂՀ ՊԲ-ի շարքերում: Շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման կազմակերպիչներին` որդուս հիշատակը հարգելու և նրան ևս մեկ անգամ հիշելու համար¦,- ավելացրեց հերոսի հայրը: Հանդիսավոր միջոցառումն ուղղորդվում էր զինվորների երգ ու ասմունքով, որոնք միտված էին մեծարելու և գնահատելու հերոս Վարդանին: Իսկ դպրոցականների ելույթը, որ լեցուն էր վճռականությամբ ու բարձր ոգով, խանդավառության ալիքներ բարձրացրեց դահլիճում: Ասել է, թե արժանի սերունդ է դաստիարակվում: Աշակերտները մեծարեցին նաև Վարդանի մորը` Թամարա մայրիկին, թեև գիտեին, որ ոչինչ չի կարող փարատել հերոսածին մոր մորմոքված սիրտը… Միջացառման վերջում ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը ներկայացրեց ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Վարդան Իսրայելյանի ծննդյան 45-ամյակի առթիվ և հուշանվեր հանձնեց նրա որդուն: Հիրավի, օրվա խորհուրդն անգնահատելի էր: Մենք մասնակիցը եղանք ևս մի հայրենասիրական դասի, որը կազմակերպվել էր ակնհայտ բարձր մակարդակով: Միջոցառման կազմակերպիչը` Նարինե Աղաջանյանը, ով նաև հերոսի կինն էր, ջանք ու եռանդ չէր խնայել այն հավուր պատշաճի ներկայացնելու համար: Համոզված ենք, այդ օրը սարուշենցիները վերհիշեցին անցյալը, գնահատեցին ներկան և ապագայի հանդեպ լցվեցին մեծ հավատով… Շնորհավո°ր տարեդարձդ, Վարդան Իսրայելյան… Փա¯ռք ու պատիվ բոլոր զոհված տղաներին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |