ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ...
24.06.2016 14:10

   Հունիսի 12-ը արցախյան ազատամարտի տարեգրության մեջ սևով է գրված, իսկ ասկերանցիների համար այն բազում քաջորդիների անմար հիշատակի խնկարկման ու խոնարհումի օր է, որն արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ անխախատ է պահվում։

1992 և 1993 թվականների այդ օրը զոհվեցին Հայաստանի ազգային և Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար Յուրի Պողոսյանը և Արցախյան ազատամարտի նվիրյալ հրամանատար, Հայաստանի ազգային և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը։ Այո՛, անդառնալի կառուստներ շատ ունեցանք այդ օրերին։

Հունիսի 12-ի վաղ առավոտյան Ասկերանի ԱԱՄ տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանի գլխավորությամբ արցախյան ազատամարտի մի խումբ վետերաններ հարգանքի

տուրք մատուցեցին զոհված ընկերների հիշատակին՝ թարմ ծաղիկներ տեղադրելով Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակի առջև, ապա ուղղվեցին դեպի Ասկերանի մատույցներ՝ այդ օրերին ծավալված ռազմական գործողությունների վայր, որտեղ ևս հուշարձան է կանգնեցված։ Հուշարձանը թարմ ծաղիկներով ամփոփվեց։

1992թ. հունիսի 12-ին Ասկերանի գնդի տղաները Արտուր Հարությունյանի հրամանատարությամբ արհամարհելով ամեն տեսակի խոչընդոտները՝ մահվանն ընդառաջ գնացին ու շատերը հերոսացան։ Թշնամին մեծ ուժերով ու ռազմական տեխնիկայով գրոհ ձեռնարկեց Ասկերանի ու հարակից բնակավայրերի ուղղությամբ։ Սակավաթիվ ուժերով մեր տղաներին հաջողվեց հետ մղել թշնամուն Ասկերանի մատույցներից ու ընդմիշտ անառիկ պահել Ասկերանը։  Հենց այդ օրը թշնամին հասկացավ, որ հնարավոր չէ հային հաղթել և ուժի միջոցով մեզ հետ խոսելն անհնարին է։ Ողբերգական օր լինելուց բացի, կարծում եմ, հունիսի 12-ը նաև հաղթանակի օր է, որով հպարտանալ կարող ենք բոլորս։

Հիշողությունները դեռևս շատ թարմ են յուրաքանչյուրի մոտ, իսկ ապրիլյան պատերազմից հետո կրկին համոզվեցին, որ կիստ են թողել (իհարկե ոչ իրենցից կախված) սկսած գործը, որը հերոսաբար շարունակում է այսօրվա սերունդը։ Իրենց հիշողություններով ներկաների հետ կիսվեցին ԼՂՀ ԱԻՎ պետ Արտուր Հարությունյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, արցախյան շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանը։ Նրանց բոլորի համոզմունքը մեկն է, նորանկախ հանրապետությունում հասակ է առել մի նոր՝ հայրենասեր սերունդը, որը պատվով է կատարվում իր վեհ առաքելությունը՝ Հայրենիքի պաշտպանությունը։

Ներկաները ծաղիկներ դրեցին Տանկ հուշահամալիրի պատվանդանին՝ հարգանքի տուրք մատուցելով և խոնարհվելով տանկի հավերժացած անձնակազմի անմար հիշատակի առջև։

Խոնարհում և խնկարկում բոլոր զոհվածների հիշատակի առաջ, փառք ու պատիվ մեր հերոս տղաներին, հավերժ փառք հանուն Հայրենիքի ազատության նահատակվածներին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter