ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ
24.06.2016 14:19

   Հունիսի 20-ին Ասկերանի Ն զորամասում բանակ-դպրոց-հասարակություն կապի շրջանակներում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, ազատամարտի նահատակ Գրիգորի Մովսեսի Հայրիյանի 55-ամյա տարելիցին։ Միջոցառմանը ներկա էին զորամասի բարձրաստիճան սպաներ, ԼՂՀ ԱԻՎ պետ Արտուր Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Արցախյան շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանը, զոհված ազատամարտիկի հարազատները, զինվորներ, հյուրեր։ Ներկաները ծաղիկներ դրեցին Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով հանուն ազգի

ազատության ու անկախության նահատակվածների հիշատակը։

Հանդիսավոր միջոցառման սկզբն ազդարարվեց Արցախի Հանրապետության պետական օրհներգով։

Իրավ է, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և ընկնում դրա պակասից։ Արցախը, կարծում եմ, դրա պակասը չզգաց։ Ընդհակառակը, հայրենիքին սպառնացող վտանգը նորովի բացահատեց հայ ազգի նվիրյալներին։ Ազատամարտն առյուծասիրտ հերոսներ ծնեց, ովքեր արհամարհեցին ամեն տեսակի ահն ու մահը ու պատերազմի դաշտ նետվեցին՝ հանուն վտանգված հայրենիքի փրկության ու ազատության։ Այդ անձնաց շարքին է դասվում նաև Գրիգորի Հայրիյանը, մարտիկ, ով առաջնային պլան մղեց Հայրենիքի պաշտպանությունը՝ գիտակցաբար նետվելով ազատամարտի թոհուբոհի մեջ։ Ու հենց Գրիգորիի նման անհատների շնորհիվ հայ ազգը հաղթանակ տոնեց։ Մենք սիրում ենք մեր հայրենասեր հերոսներին, սիրում նրանց ճշմարիտ ու անկեղծ հայրենասիրության համար, մեծարում ու առասպելականացնում նրանց, որպես իսկական, ամենաիսկական հերոսների։

Գրիգորի Հայրիյանը ծնվել է 1961թ. հունիսի 20-ին Ստեփանակերտի շրջանի Վերժին Ղլիժբաղ գյուղում։ 1968թ.Հայրիյանների ընտանիքը տեղափոխվել է Ասկերան ավան, որտեղ նա հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում՝ Օրենբուրգում։ 1982թ. արտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ասկերանի շրջանային զինկոմիսարիատում որպես վարորդ։

Արցախյան շարժման ընդհատակյա փուլի մասնակիցներից էր։ Կամավորագրվել է ինքնապաշտպանական ջոկատներից մեկին, իսկ որոշ ժամանակ անց դարձել ջոկատի հրամանատար։ Հատկապես աչքի էր ընկել Խրամորթ, Նախիջևանիկ, Փիրջամալ, Սառնաղբյուր և այլ գյուղերի պաշտպանական մարտերում։

1992թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը մասնակցել է Խոջալուի ազատագրմանը։ Կատաղած ոսոխի մեծաքանակ ուժերն Աղդամից փորձում էին ներխուժել Ասկերան։ Գրիգորին հրաման է ստանում տեղափոխվել Ասկերանի մատույցներ և մասնակցել թշնամու հարձակումը կասեցնելուն։ Անհավասար մարտ էր ընթանում, կենաց ու մահու կռիվ։ Ջոկատի տղաները քաջ հրամանատարի քաջալերանքով լցված անվեհեր կռիվ էին տալիս։ Տղաներից շատերն ընկան քաջի մահով, իսկ Գրիգորին ծանր վիրավորվեց։ Գրեթե 20 օր բժիշկները պայքարեցին հերոս հրամանատարի կյանքը փրկելու համար, սակայն անկարող էին։ 1992թ. մարտի 13-ին ընդհատվեց Գրիգորի Հայրիյանի նրա երկրային կյանքը։

Նրա երեք զավակները հազարավոր իրենց բախտակիցների նման որբացան, ընդմիշտ կարոտ մնացին §հայրիկ¦ բառն արտասանելուն։ Գրիգորիի կինը՝ Ժաննան իր փխրուն ուսերին վերցրեց զավակների խնամքն ու դաստիարակությունը՝ անխոնջ ու անտրտունջ կրելով իր խաչը։ Այսօր նա կարող է հպարտանալ, որ հայրենիքի համար պիտանի զավակներ է դաստիարակել, որոնց երակներով հոսում է հայրենասեր հոր արյունը, ովքեր երդվել են միշտ բարձր պահել հերոս հոր անունն ու պատիվը։

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը և Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը ներկաների հետ կիսվեցին իրենց հիշողություններով, առանձին դրվագներ պատմելով Գրիգորիի մասին։

-Գրիգորիի ջոկատը միշտ պատվով է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները։ Քաջ հրամանատարին սիրում ու հարգում էին նրա զինվորները, որոնց հանդեպ հրամանատարը հայրական ջերմ սեր էր տածում, բայց և միաժամանակ խստապահանջ էր։ Մարտական գործողությունների ժամանակ նա միշտ առջևից էր գնում։ Անասելի ցավով էր տանում ամեն մի զինվորի կորուստը, իսկ վրեժխնդրության ծարավը սեղմում էր կոկորդը։ Մեր հայրենիքի պատերազմն էր սա, որի պաշտպանությունը սկսվում է նրա սահմաններից: Այսօրվա սերունդը պիտի գիտակցի օրվա խորհուրդը, հասկանա, որ մեր գործը դեռ ավարտված չէ: Եկել ենք հավաստիանալու, որ մենք արժանի հետնորդներ ունենք, ովքեր միշտ մարտունակ վիճակում են, ու հարկ եղած դեպքում պատրաստ կրկնելու ավագ սերնդի սխրագործությունները։ Թերևս ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մեր զինվորներն բարոյահոգեբանորեն պատրաստ են հանուն հայրենիքին գիտակցաբար անձնազոհության գնալ, - ասաց մարտական ընկեր, այժմ ԱԻՎ պետ Արտուր Հարությունյանը։

Գրիգորի Հայրիյանն այն հերոսներից էր, ովքեր Հայրենիքի ազատության համար արեցին կարելին ու անկարելին, որոնց ինքնանվիրումը չափ ու սահման չուներ, իսկ գաղափարն ու գործը զուգահեռ ընթացք էին, որոնք իրենց հաստատումն էին գտնում յուրաքանչյուր արարքում, ամեն քայլափոխի։

Հուզիչ էր Գ. Հայրիյանի դուստր Գայանեի հիշողություններն ու սրտի խոսքը։ Մեկ տարեկան էր, երբ հայրը զոհվեց ու նրան սկսել է ճանաչել լուսանկարից ու մոր պատմածներից։ Գրիգորին հոգատար հայր էր ու նվիրված ամուսին։ Սիրում էր գյուղատնտեսությամբ զբաղվել։ Գեղեցիկ պտղատու այգի ուներ, որի ամեն մի ծառը յուրահատուկ խնամված էր։ Շատ էր սիրում գյուղը, անգամ նպատակ ուներ Վերին Ղլիժբաղում նոր տուն կառուցել, սակայն վտանգված Հայրենիքի ճակատագիրն ետին պլան մղեց բոլոր երազանքներն ու Գրիգորին աբողջապես նվիրվեց Հայրենիքի փրկությանը։ Նա քաջ գիտակցում էր, որ հայ մարդու ամենամեծ սխրագործությունն ազատագրված հողն է ու համոզված էր, որ մենք անպայման ունենալու ենք Ազատ Արցախ։ Այժմ Գրիգորիի որդին՝ Վիտալին հավատարիմ մնալով հոր խոստմանը Հայրենիքնի հանդեպ շարունակում է պատվով կատարել իր վեհ առաքելությունը՝ ծառայությունը հայոց փառապանծ բանակում։ Նա հոր ազատագրած հողերի արժանի ժառանգորդն է ու պահապանը, պատրաստ կրկնելու հերոս նախնիների սխրանքները։

-Ասում են հերոսները երկնքից չեն գալիս, սակայն հավերժանում են երկնքում, նրանք ոչ թե մեռնում, այլ ուղղակի հանկարծ հեռանում են մեզանից՝ անմահանալով իրենց գործով ու սխրանքներով։ Իմացյալ մահ, որ հաղթանակներ է ծնում։ Մեծ հաղթանակի գործում իր ավանդն ունեցավ նաև հայրս։ Պարզ է, որ դա մի կաթիլ է, բայց այդ կաթիլներից գոյացած հզոր համազգային ուժի օվկիան էր, որ կասեցրեց թշնամու ահարկու ուժը։ Արդեն 24 տարի է, ինչ մեզ հետ չէ հայրս, բայց տարիներն անցնելու հետ նրա մեծությունն ավելի եմ զգում։ Մենք հպարտ ենք, որ նման հայր ունենք,- հարազատների անունից միջոցառման կազմակերպիչներին իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Գրիգորիի կրտսեր դուստրը՝ Գայանեն։

Վերջում Ն զորամասի զինվորները, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները հանդես եկան հայրենասիրական երգերի, արտասանությունների ու պարերի կատարմամբ։ Իսկ Գրիգորի Հայրիյանի թոռ՝ կրտսեր Գրիգորին, ով հպարտությամբ է կրում հերոս պապիկի անունը, հանդես եկավ պապիկին ձոնված արտասանությամբ՝ հուզմունքի ալիք բարձրացնելով ներկաների մոտ։

Գրիգորի Հայրիյանը 55-ամյա տարելիցը կրկին առիթ է խոնարհվելու բոլոր այն ծնողների առջև, ովքեր հերոս զավակներ են ծնել և նրանց հայրենասիրության ամենավեհ գաղափարներով դաստիարակել։Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ նրանցից յուրաքանչյուրի անունը ոսկե տառերով է գրված, նրանք մեր հոգում են, մեր սրտերում։ Փառք նրանց, որ կարողացան աշխարհին մեկ անգամ ևս ապացուցել, որ քիչ ենք, բայց հայ ենք ու այս հող ու ջրի ուխտյալ պաշտպանները…

Այո՛, տարիները չեն կարող մոռացնել տալ այն հուշերը, որոնք արմատավորված են մեր սրտերում: Որպես հայրենասիրության ուսանելու պայծառ օրինակ` անընդհատ պետք է կերտվեն հայրենիքին նվիրյալ հերոսների ամբողջական դիմանկարները և փոխանցվեն սերունդներին:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter