ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ |
27.06.2016 16:09 |
Օրերս Ա. Հովհաննիսյանը Բլագոդարնի քաղաքի հայկական համայնքի ղեկավարի կարգավիճակով Արցախում էր։ Համայնքի անդամների հանգանակություններով ձեռք բերված առաջին օգնությունը՝ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան հանձնվեց Արցախի Պաշտպանության նախարարությանը։ ՊՆ բարձրաստիճան սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ Ա. Հովհաննիսյանը նաև հետաքրքրվեց, թե առաձնապես ինչի՞ կարիք կա, ինչով կարող են օգտակար լինել մեր տարածաշրջանի անվտանգության պաշտպանման երաշխավորներին։ Ապրիլյան իրադարձություններից հետո աշխարհի գրեթե բոլոր անկյուններից բազմատեսակ բարեգործական օգնություն ուղարկվեց Արցախ։ Անկասկած սա խոսում է մեր միասնականության և ազգային գաղափարախոսության շուրջ համախմբվելու ունակության մասին: Բարեգործությունը չի արվում մեկ անգամ և մեկ անգամով առկա խնդիրները չեն լուծվում: Բազմաթիվ հայեր արդեն տարիներ շարունակ օգնություն են ցուցաբերում Արցախին ու արցախցուն: Այդ մարդկանց շարքին է դասվում նաև Արտուր Հովհաննիսյանը: Ռուսաստանաբնակ գործարարի ընտանիքը տարիներ շարունակ բարեգործական տարատեսակ օգնություններ է ցուցաբերում հարազատ ծննդավայրին՝ Ռևին: Ինչպես նշեց Ա. Հովհաննիսյանը, այդ բարեգործություններն արվում են լուռ՝ ի շահ Արցախ աշխարհի և հարազատ բնակավայրի բնակիչների։ Չէ որ այդ բարեգործությունները մեծապես նպաստել են գյուղում ծնելիության ու բազմազավակության խթանմանը, գյուղից արտահոսքի կանխմանը։ Մենք գնահատում ու պետք է գնահատենք բարեգործ հայի այն տեսակը, որն ապրելով օտար ափերում չի մոռանում իր արմատներն ու տարիներ շարունակ՝ առանց որևէ ակնկալիքի ուժերի ներածին չափով օգնում է իր ժողովրդին։ Խոսելով Բլագոդարնի քաղաքի հայկական համայնքի հետագա անելիքների մասին Ա. Հովհաննիսյանը նշեց նաև, որ քաղաքում համայնքին տարածք է հատկացվել, որտեղ շուտով խաչքար կկանգնեցվի՝ որպես հայ մշակույթի քարե վկա և որտեղ կանցկացվեն հիշատակի արարողությունները։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |