ՆԱ ԱՐՑԱԽԻՆՆ Է, ԱՐՑԱԽԸ ՆՐԱ ՄԵՋ ԷՐ
06.07.2016 17:46

   Հունիսի 22-ին Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ապրիլյան պատերազմի նահատակ հերոսներից մեկի՝ ՕՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անմար հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, բարձրաստիճան սպաներ, Օնիկ Գրիգորյանի հարազատներ, ասկերանցիներ։ Ապրիլին թշնամու սանձազերծած պատերազմում նոր հերոսներ ծնվեցին, հայոց հերոսական պատմության մեջ նվիրական անուններ ավելացան, հերոս տղաներ, որոնք անմահ են ու հավերժ, ովքեր իրենց բացառիկ նվիրվածությամբ ու հայրենասիրությամբ դարձան ազգի պարծանքը՝ ընդօրինակման արժանի վառ օրինակներ։

Միջոցառման ժամանակ Օնիկ Գրիգորյան բացառիկ հայրենասերի,

ազգի նվիրյալի ու իսկական հայի կերպարը մարմնավորող քաջամարտիկի մասին ելույթներով հանդես եկան նրա մարտական ընկերները, իսկ զինվորականներն այդ ելույթները համեմեցին հայրենասիրական երգերով։ Բավականին ազդեցիկ էր Օնիկի առաջին ուսուցչուհի Էմմա Պողոսյան ելույթը, ում համար իր աշակերտներն իր զավակներին էին ու այժմ սրտի խորը կսկիծով է լցված, երբ հետայսու Օնիկն ընդմիշտ բացակա է բոլորից։ Միաժամանակ նա հպարտ է, որ նման հայրենասիրական բարձր կամային հատկանիշներով դաստիարակված աշակերտ է ունեցել։

Սրտաճմլիկ էր Օնիկի որդու՝ Հովիկի սրտի խոսքն ու երդումը ներկաներին՝ արժանի զավակը լինել հերոս հոր, տեր կանգնել այդքան թանկ գնով ձեռք բերված Արցախ աշխարհի խաղաղությանը։ Թերևս Օնիկը որդուն դաստիրարակել էր իսկական տղամարդուն վայել հաստատակամությամբ ու վճռականությամբ, Հայրենիքին անսահման նվիրվածությամբ՝ ինչպես որ իրեն էին դաստիարակել։ Հովիկը խոստացավ ընդմիշտ սրտում կրել հոր պատգամն ու վերջին խոսքերը…

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին հերոսի մասին պատմող տեսաֆիլմ։

Լեռան ծերպերին թառած Խրամորթն ու օրեցօր  իր տարածքներն ընդլայնող Աղդամը հաճախ էր մտահոգության տեղիք տալիս։ Երիտասարդները բազմիցս էին նման մտահոգիչ հարցադրումներ անում ու միշտ անպատասխան մնում։ Սկիզբ առած Արցախյան շարժումը բազմաթիվ հարցականների պատասխան էր։ Մեր շրջանում Խրամորթն առաջիներից մեկն իր վրա ընդունեց թշնամու հանկարծակի արկակոծումը, որին հաջորդում էին դիվերսիոն հարձակումները։ Չնայած այդ տարիներին Օնիկը դեռևս պատանի էր, սակայն ամեն ինչ շատ պարզ ու հստակ էր դարձել՝ հայրենիքի պաշտպանթյան վեհ գործին նվիրած ազատամարտիկ հոր արժանի հետնորդը պիտի դառնա։ Ու դարձավ…

…  Գերևարված Խրամորթը 1993 թվականի հունիսի 26-ին վերջապես թոթափեց թշնամու ծանր կապանքները և նորից իր գիրկը կանչեց օտար ափերում ծվարած իր բնակիչներին։ Օնիկն այդ օրն իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր համարում։ Կարծես թե ժամանակից շուտ նա հասունացավ՝ տեսնելով այն հաստատակամությունն ու արիությունը, որով մարտնչում էին թշնամու դեմ հայրն ու նրա մարտական ընկերները։ Այդ ժամանակից էլ նա կայացրեց ճակատագրական իր վճիռը՝ դառնալու է հայրենի հողի պաշտպանը։ Չէ որ նրա առջև կենդանի օրինակ էր՝ հոր՝ Կարո Գրիգորյանի օրինակը, ով խրամորթցի անձնվեր մարտիկների առաջին հրամանատարներից էր, ՊԲ փոխգնդապետ, իսկ խաղաղ պայմաններում դպրոցում դպրոցականներին նախնական զինվորական պարտաստություն էր սովորեցնում։

-Օնիկն իր հաստատակամությամբ, հոգատարությամբ ու ազնվությամբ շահել էր շրջապատի հարգանքն ու անկեղծ սերը։ Նա իր ներկայությամբ զարդարում էր ցանկացած շրջապատ։ Նրա զինվորների ծնողներից շատերն այսօր կհաստատեն, որ Օնիկն իր զինվորների համար հոգ էր տանում, ինչպես հայրը կամ եղբայրը հոգ կտաներ։ Չնայած նա ի պաշտոնե թիկունքի գծով հրամանատար էր, սակայն հաճախ էր լինում դիրքերում ասելով, որ այնտեղ նա հանգստանում և ուժ ու եռանդով է լցվում,- ասում են Օնիկի զինակից ընկերները։

Սակայն ինչպես ապացուցեց կյանքը նա նվիրյալ ընկեր, կենսախինդ ու կատակասեր մարդկային ամենավեհ արժանիքներով օժտված մարդ լինելուց բացի, կյանքից առավել սիրում էր իր Հայրենիքը։ Դա էր թերևս պատճառը, որ վտանգված հայրենիքի փրկության համար նա չսպասեց որևէ հրամանի՝ այլ մարտական ընկերների հետ նետվեցին հայրենիքի սահմաններին հերոսացող զինվորներին օգնության։ Մեծ էր  Օնիկի՝ Հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցումը՝ ինչն էլ ստիպել էր նրան ապրիլի 2-ի տագնապալի գիշերը միանալ փոխգնդապետ Առաքել Առաքելյանի օպերատիվ խմբին։ Որպես իսկական զինվորական նա քաջ գիտակցում էր, որ նրա տեղն այնտեղ է, որտեղ ծանր մարտ էր բռնկվել։ Մտածում էր՝ եթե ոչ ես, ապա՝ ո՞վ։ Այս նշանաբանով էր առաջնորդվում քաջ հրամանատարը՝ անընդհատ քաջալերելով իր զինվորներին։ Չնայած արդեն վիրավորվել էր, սակայն շարունակում էր արիաբար կռվել, կռվել մինչև վերջին փամփուշտը… Օգնության հասած մարտական ընկեր Հարություն Նալբանդյանին, ով նույնպես վիրավորված էր, հաջողվեց Օնիկին մոտ 40-50մետր քարշ տալ, սակայն արյունաքամ Օնիկը գիտակցելով մոտալուտ մահը հրամայեց նրան հեռանալ ու վերջին ճիգերը գործադրելով ընկերոջն ասաց, որ որդուն՝ Հովիկին փոխանցի, որ այսուհետ նա է ընտանիքի և Հայրենիքի պաշտպանն ու պատասխանատուն։

Ութ օր ընտանիքը տեղյակ չէր, թե ինչ է պատահել Օնիկ Գրիգորյանի հետ։ Հարազատները մխիթարանքի խոսքեր չէին գտնում, սակայն ժամանակ առ ժամանակ հույսեր էին բռնկվում և մարում, որ միգուցե ինչ-որ հրաշքով Օնիկը ողջ մնացած լիներ։ Հույս էր ներշնչում նաև այն, որ Հովիկին երազում հայրն ասել էր, որ ապրիլի 10-ին կգամ։ Օնիկն այս անգամ նույնպես ուխտադրույժ չեղավ։ Նա եկավ, ինչպես և խոստացել էր, սակայն ոչ այնպես ինչպես ցանկանում էինք տեսնել բոլորս, ինչպես սպասում էին զավակները։ Նա եկավ հայոց եռագույնով փաթաթված, հերոսացած… Օնիկ Գրիգորյանն իր վերջին հանգրվանը գտավ ծննդավայր Խրամորթում՝ զոհված տղաների հուշաքարերի հարևանությամբ՝ հայրենի հողի ջերմ գրկում։

Նա անչափ սիրում էր Խրամորթը, իսկ գյուղ գալով անպայման այցելում և որպես զինվորական պատիվ էր տալիս բոլոր պատերազմներում զոհված խրամորթցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Եվ ինչ-որ տեղ նաև թախանձանքով էր նայում հերոսացած տղաների շիրմաքարերին՝ մտորելով տեսնե՞ս ինձ էլ բախտ կվիճակվի նման պատվի արժանանալ՝ զոհվել հանուն Հայրենիքի…

Այո, յուրաքանչյուր հայ պարտք ունի իր հայրենիքի, իր ժողովրդի հանդեպ։ Օնիկ Գրիգորյանը փառքով պսակեց իր անունը՝ անմնացորդ նվիրվելով հայրենիքի պաշտպանության՝ մարդակային գործերի մեջ ամենավեհ գործին։ Հայաստանի §Մարտական խաչ¦ առաջին աստիճանի, Արցախի §Արիության համար¦ մեդալի ասպետ, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի անունն ընդմիշտ գրվեց հայոց հերոսական պատմության մեջ։ Նա միացավ հայոց հողի ամենանվիրված և վեհանձն մարտիկներին՝ դառնալով հավիտենության ճամփորդ։ Արցախի երկնակամարում նա թողեց վառ ու լուսավոր հետագիծ, սխրանքներով լի մի կյանք, որով սերունդներ են դաստիարակվելու։

Անվերջանալի ու տանջալից սպասումի օրերին դուստրը բանաստեղծություն ձոնեց հերոս հորը։ Այն անդառնալի կորստի անվերջանալի ցավ ու կսկիծ է, միաժամանակ հպարտության վեհ զգացում, որ հերոս հայր ունեն ու երդում՝ լինել հայրենասեր, ազգին նվիրված ու արժանի հետնորդ։ Քանզի դա էր իրենց սիրելի հայրիկի վերջին ցանկությունն ու պատգամը…

Անկասկած, Օնիկ Գրիգորյանն ամբողջ հոգով ու սրտով նվիրված էր Արցախին ու դա շատ լավ են հասկանում կինն ու ծնողները, հասկանում են, որ իրենց սիրեցյալն այլ կերպ վարվել չէր կարող։ Ու եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալու Օնիկը նույն ճանապարհը կընտեր։ Դա նրա որոշումն էր, ինչը քննարկման ենթակա չէր։ Նա Արցախինն է, Արցախը նրա մեջ էր։ Ու այս միասնությունն է, որ հասարակ մահկանացուին անմահ է դարձնում…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

















                                      Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter