Ես քաղաքացին եմ Արցախի Հանրապետության |
08.02.2012 00:38 |
ԼՂՀ Անկախության 20-ամյակին նվիրված ՙԵս քաղաքացին եմ Արցախի Հանրապետության՚ խորագրով շարադրությունների հանրապետական մրցույթում առավելագույն` 19 միավոր է հավաքել Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Շահրամանյանը:
Երջանիկ եմ նրա համար, Որ իմ այբ-ը քեզնով բացվեց, Որ արշալույսս ծիածանվեց Գոյամարտում քո համառ… Լռեցին համազարկերը, խաղաղվեցին բնօրրանիս օրերը, ու այդ օրերի ակունքներում հայտնվեցի ես` շարունակությունը պապերիս սերնդի, հայտնվեցի, որ հպարտորեն ծածանեմ այն դրոշը, որ փողփողացել է Արցախի հերոսամարտի ճակատագրական օրերին: Հայտնվեցի, որ այդ դրոշը հայ պահեմ ու հայերեն ծածանեմ, որ պահ տամ գալիք դարերին: Իմ սիրասու՛ն Արցախ, ես երգիչ չեմ բազմաշնորհ, որ ծաղկատի կյանքիդ տաղեր ձոնեմ, բայց ունեմ մեծ սիրտ, որ բաբախելու է երջանիկ ու վառ օրերիդ համար, ու անսահման մի սեր, որ շռայլելու եմ խրոխտ քայլիդ համընթաց: Դու ընդամենը հնգամյա մի մանուկ էիր, երբ աշխարհ եկա ես: Այսօր ես տասնհինգս եմ բոլորել, իսկ դու` քսանդ: Դա այն օղակն է կյանքի շղթայի, որ միավորում է պատանեկությունն ու երիտասարդությունը, այն ոսկե օղակը, որ կամրջում է անհաս խենթությունն ու հասուն իմաստունությունը: Հիմա ես հասկանում եմ աշխարհի չարն ու բարին եւ հպարտանում եմ, որ անունդ օրերի հոլովույթում գնալով ավելի է թանձրանում, որ այսօր դարձել ես շատերի ուշադրության առարկան: Տարաբնույթ այցելությունները հաճախացել են դեպի քեզ, ի՛մ Արցախ: Հոգիս ցնծում է, սիրտս թնդում է ուրախությունից ու հպարտությունից: Գալիս են նրանք` այդ ոչարցախցիները, գալիս են ու սիրահարվում քեզ: Գալիս են ու չեն ուզում գնալ: Ի՜նչ գերբնական ուժ ունես պահած քո խորքում, իմ հարազա՛տ բնօրրան, որ այդպես ձգում-քաշում ես բոլորին դեպի քեզ: Ես էլ ակամայից դառնում եմ քո խանդոտ երկրպագուն: Երկրպագու, որ խանդում է անխտիր բոլորին: Երկրպագու, որ ապրում ու շնչում է միայն քո սիրով: Ուզում եմ կյանքս փռել ոտքիդ տակ, Որ փափուկ լինի քո երթը անխախտ, Ուզում եմ, անունդ շուրթերիս առած, Քայլել անվարան` դրոշդ առած: Ես եմ քո ապագայի ծաղիկը, սերունդը նրանց, ովքեր գիտակցաբար գնացին զոհաբերության: Գնացին, որ ավելի հաստատուն կերտեն մեր հույսի բերդը` հայոց Արցախը: Հայոց Արցախը` ողջ հայության անսասան բերդը, որ դարձավ հույսի ու հավատի ամուր պատվար: Հենց այդ հավատից է սնունդ առնում իմ հոգին, որ չի երկնչի երբեք ո՛չ նոր ոտնձգության, ո՛չ նոր դավերի հանդեպ: Ես մայր երկրից պոկված այս փոքրիկ հողակտորի արիասիրտ քաղաքացին եմ, սերունդն առյուծասիրտ իմ նախնիների, որոնք միայն սիրել գիտեին իրենց հայրենին, որոնք նվիրվել գիտեին իրենց սուրբ օջախներին, որոնք աներեր պաշտպանել գիտեին իրենց ծով հարստությունը` լեզուն, հավատը, եկեղեցին ու խաչքարը` մեր բազմադարյա գոյության հաստատուն վկայականները: Հայրենիքիս զինվորն իր բազկի ուժով գծեց Արցախի ներկա սահմանները` ներառելով կորսված հայրենիքի փոքրիկ պատառիկները: Այս ամենի կրողը ես եմ այսօր: Իմ հայրենի պաղ աղբյուրների ջրով է հագենում ծարավս, բարձրագահ լեռներից փչող հովերն են շոյում այտերս, ծաղկառատ դաշտերի բուրմունքն է խտղտում ռունգներս, կարկաչահոս գետերի գլգլոցն է գուրգուրում ունկերս: Եվ այս թանկագին օղակներով կազմում եմ մի շղթա ու որպես մանյակ կրում պարանոցիս: Հոգիս ու սիրտս շղթայվում են, եւ ես չեմ կարող փախչել ինքս ինձնից: Կապված եմ ես այս հող ու ջրին, մեր քար ու պատին: Հպարտ ու պատվախնդիր ժողովրդի զավակն եմ ես, քաղաքացին անպարտ Արցախի Հանրապետության: Աշխարհի ոչ մի կախարդական անկյուն չի կարող հմայել ինձ ու կտրել այս հողից: Արմատներս ամուր են ու խորագնա: Սա է այն եդեմական դրախտը, որ երազել են մեր նախնիները, իսկ ես այդ դրախտի ծաղիկն եմ, որ հավետ բուրելու է միայն այս հողում: Դեռ երազներ ունեմ իրագործելու, դեռ պարտք ունեմ տալու հայրենի Արցախիս: Մեր պետության տխուր էջերը սթափության ու զգոնության դասեր են տալիս մեզ: Զինվե՛նք գիտելիքներով, մտնե՛նք կյանքի հորձանուտը եւ ապավինելով սեփական ուժերին` աշխարհին ի ցույց դնենք մեր միասնականության ու համախմբվածության զորավոր ուժը: Ես քո մի նշխարն եմ, իմ մա՛յր Արցախ: Ապրելու եմ պապերիս պես, ապրելու եմ միայն քե՛զ համար: Հենց դրա համար էլ ուզում եմ աշխարհով մեկ գոչել, որ ես հպարտ քաղաքացին եմ հերոս Արցախի: Սիրուց ծնված, սիրով սնված Զավակն եմ ես քո հպարտ, Դարի հոգսը ուսիս առած` Կմաքառեմ ես քեզ համար… Համոզված եմ, որ աշխարհի գութը կշարժվի, կճանաչի այս հերոսական ժողովրդի անկախությունը, եւ ես այն երջանիկներից մեկը կլինեմ, որի անձնագրում առաջին անգամ գրված կլինի ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի: |