ԱՍԿԵՐԱՆԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
06.07.2016 17:55

Ֆիզիկական կուլտուրայի արդյունավետ զարգացմամբ է պայմանավորված մատաղ սերնդին մարզական ոգով դաստիարակելը, ինչն էական նշանակություն ունի Արցախի բարգավաճման և հզորացման համար։ Քաջ գիտակցելով այս ամենը 2010 թվականին նշանակվելով Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը ձեռնամուխ եղավ Ասկերանում մարզադաշտի կառուցմանը, ինչի կարիքն անչափ զգացվում էր։ Կարճ ժամանակում գաղափարն իրականություն դարձավ, ինչը մեծ ջանքների, աշխատասիրության, նվիրվածության և շրջանի ղեկավարության համախմբվածության արդյունք էր։ Իր անմիջական մասնակցությամբ Սերգեյ Գրիգորյանը ոգևորում էր բոլորին, և արդյուքնում ապահովվեց աշխատանքային բարձր տեմպ և ռեկորդային ժամկետներում մարզադաշտը շահագործման հանձնվեց։ Եվ նախկինում աղբանոցի վերածված տարածքը

շրջանի բնակչության և մասնավորապես ասկերանցիների համար դարձավ ցանկալի մի վայր, որտեղ կարելի է անցկացնել ինչպես ակտիվ հանգիստը, այնպես էլ բազմապիսի մարզական և մշակութային միջոցառումներ։ 2015 թվականին Ասկերանի մարզադաշտում անցկացվեցին համահայկական խաղերի մի մասը, ինչը խոսում է մարզադաշտի կարևորության և նպատակային լինելու մասին։

Հունիսի 28-ին նշվեց մարզադաշտի շահագործման 5 - րդ տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Վիտալի Բալասանյանն ու Ալյոշա Գաբրիելյանը, կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ասկերանցիներ։

Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի երիտասարդության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը ողջունելով ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հանուն Հայրենիքի նահատակվածների հիշատակը՝ արտասանելով ՙԶգույշ քայլեք՚ բանաստեղծությունը։ Զգույշ քայլենք, նայենք, լռենք, քանզի դա անում ենք նրանց փոխարեն, ովքեր նույնիսկ իրենց մատաղ կյանքը չխնայեցին մեզ համար։

- Նրանք, ովքեր անտարբեր չէին կարգ ու կանոնի, մաքրության հանդեպ, նրանց մոտ էլ հղացավ այս գեղեցիկ կառույցի շինարարության գաղափարը:

Համախմբվեցին կառուցելու, ստեղծելու, քարը քարին դնելու, հայրենիքը բարգավաճ տեսնելու բաղձանքով  ապրող մարդիկ: Այս գեղեցիկ մարզադաշտը հառնեց համառ աշխատանքի շնորհիվ: Մեր երախտիքի խոսքն ենք հղում բոլոր նրանց, ովքեր օժանդակեցին  այս մարզադաշտի կառուցման գաղափարի իրականացմանը։ Մեր հայրենիքը Արցախն է, այստեղ ապրելն ու արարելը հպարտություն է: Արցախցին միշտ կերտել է, արարել՝ լինի դա քանդակ, եկեղեցի թե երգ: Ու որքան  թշնամին նենգ էր ու բարբարոս, այնքան մեր կերտածն ավելի վեհ է ու գեղեցիկ,- ասաց Նինել Գաբրիելյանը։

 Միջոցառման ընթացքում ներկաներն ականատեսը եղան ավանդական-մշակույթային խաղ-մրցույթների, հայրենասիրական երգերի, ազգագրական պարերի գեղեցիկ կատարումների։ Իսկ ԼՂՀ միջազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկների ցուցադրական ելույթը հաստատեց այն համոզմունքը, որ այս մարզաձևը մեծ պահանջարկ ունի ասկերանցի պատանի մարզիկների մոտ։

Կազմակերպվեց նաև Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Ասկերանի արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Այն, որ այստեղ բորբոքվելու են մարզական կրքերը համոզված էինք բոլորս։ Միջոցառման վերջում ներկաներն ականատես եղան Ասկերանի և Շուշիի ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպմանը։ Խաղն ընթացավ համառ ու անզիջում պայքարում, և ավարտվեց 2։2 մարտական ոչ ոքի հաշվով։

Վերջում սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանեիլյանը  մարզադաշտին ֆուտբոլի գնդակներ նվիրեց։

Անկասկած, եթե չլիներ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հաստատակամությունը, ապա հազիվ թե մարզադաշտ կառուցելու գաղափարն իրականություն դառնար: Իսկ որ իսկապես ստացվել է հրաշալի մարզադաշտ` երկու կարծիք լինել չի կարող: Մնում է մաղթել, որ այդտեղ հաղթանակի ցնծությունները միշտ ուղեկցվեն հպարտության արցունքներով՝ ի շահ եւ բարօրություն մեր ժողովրդի:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter