ՄԻԱՅՆ ԹԵ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ |
06.07.2016 18:01 |
Հայկական առածն ասում է՝ եթե տունը մեծ ունի, մեծին պաշտիր, եթե մեծ չկա, մի մեծ քար դիր և մեծի տեղ պաշտիր։ Խնապատցի Աշխեն տատիկին սիրում ու պաշտում է մի մեծ ու համերաշխ գերդաստան։ Կյանքի մեկ դարը հատած տատիկը ուշադրության պակաս չի զգում։ Նրանով հետաքրքրվում, մշտապես այցելում են բոլորը՝ զավակները, թոռներ, ծոռները… Աշխեն տատիկի ծննդյան 100 ամյակի ուրախալի առիթը հավաքել է մեծ գերդաստանի թոռներին, ծոռներին ու կոռներին։ Ճիշտ է, ոչ բոլորը կարողացան ներկայանալ, միասին կիսել այդ մեծ ուրախությունը, սակայն բոլորն էլ պարտքի մեծ գիտակցումով զանգեցին, շնորհավորեցին և խոստացան՝ Աշխեն տատիկն է բոլորի լավ, բարի ու անաչառ խորհրդատուն, դաստիարակը։ Եվ նրա խորհուրդներին հետևողի ոտքը քարին չի դիպչի։ Դժվարին ու խորթուբորդություններով լի կյանք է անցել Աշխեն տատիկը։ Սակայն նա իր անխոնջ ու տքնաջան աշխատաքով կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Երկու պատերազմ է տեսել, քաշել պատերազմի բոլոր դառնությունները, սակայն միշտ լիահույս է եղել, որ Աստված կհասցնի։ Քանզի քաջ գիտակցում էր, որ աշխատասիրությունը, ազնվությունն ու անմնացորդ նվիրվելը աստվածատուր պարգև է, որը վաղ թե ուշ տալիս է իր ցանկալի պտուղները։ Ասում են աստված հայերիս յոթնապատիկ աշխատասիրություն է նվիրել։ Աշխեն տատիկն իր ապրելակերպով ի հաստատումն է ասվածի։ Մինչ օրս ինքն է հոգում իր ամենօրյա հոգսերը, լվացք անում, տունը պահում մաքուր ու կոկիկ, նույնիսկ փոքրիկ բանաջարանոցն է մշակում։ Նա իր երկարակեցության գաղտնիքը տեսնում է աշխատասիրության մեջ ու խոստովանում՝ առանց աշխատանքի ո՞նց կարող ես ամբողջ օրն անցկացնել։ Վաղ տարիքում կորցնելով ամուսնուն նա իր մեջ ուժ է գտել ու անդադար աշխատել, աշխատել ուժերի կրկնապատկումով՝ զավակներին հասցնելով իրենց նպատակներին։ 100-ամյա տատիկը ցավով է խոսում 2 զավակների ծանր կորստի մասին։ Իսկ իր համար ամենամեծ պարգևը համարում է այն մարդկանց ժպիտն ու երախտագիտության փայլն աչքերում, որոնց կարողացել է ինչ-որ չափով օգտակար լինել։ Հոբելյարին շնորհավորելու էին եկել նաև Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը, վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, ՔՎՃ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը, §Ասկերանի շրջանի ուսումնական հաստատությունների տնօրինություն¦ ՊՈԱԿ տնօրեն Կառլեն Մայիլյանը, Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը, հարևանները։ Բարեմաղթանքի և շնորհավորանքի իրենց խոսքերում ներկաներն առանձնացրեցին Աշխեն տատիկի յուրահատկությունը՝ անսահման ազնվությունն ու սրտացավությունը բոլորի հանդեպ։ Հոբելյարին է հանձնվում գեղեցիկ ծաղիկների մի փունջ և իր դիմանկարը՝ հարազատ գյուղի ֆոնին։ Իսկ ծննդյան տորթի մոմերը դժվարությամբ էին անձնատուր լինում հոբելյարին, շարունակելով վառվել… Այդպիսին է նաև Աշխեն տատիկը՝ իր հոգու լույսն ու ջերմությունն անշահախնդիր տալով շրջապատին… Շրջանի ղեկավարության ուշադրությունից շոյված 100-ամյա Աշխեն տատիկը բարեմաղթանքի իր խոսքն է ուղղում ներկաներին՝ իմ չափ ապրեք ու վայելեք նույնքան սեր ու հարգանք, որքան որ ես։ Միայն թե Արցախ աշխարհում խաղաղություն լինի… Անահիտ ՊԵՏՈՍՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |