ԵԿԵԼ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
18.07.2016 16:26

 Հուլիսի 16-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը գործնական այցով Ասկերանում էր։ Պատվիրակությունը գլխավորում էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը։ Նշեմ, որ 2014 թվականի հուլիսի 11-ին Ասկերանի շրջանի և կենտրոն վարչական շրջանի միջև փոխհամագործակցության հուշագիր էր ստորագրվել, որը Կենտրոն վարչական շրջանի և Ասկերանի շրջանի միջև կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի,  հանգստի կազմակերպման և կենսագործունեության մյուս բնագավառներում փորձի փոխանակմանն ու փոխօգնությանն էր ուղղված, և կոնկրետ հանձնարականներ էին տրվել

դրանք կյանքի կոչելու համար։

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն իր աշխատասենյակում ընդունելով Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությանն ասաց, որ հուշագրի ստորագրումից արդեն երկու տարի է անցել և արդեն գործնական քայլեր կատարելու  ժամանակն է։ Նա նաև շնորհակալություն հայտնեց հյուրերին ապրիլյան պատերազմի օրերին օգնության ձեռք մեկնելու, սատարելու համար։

Արա Սադոյանը պատրաստակամություն հայտնեց ընդունել և քննարկել բոլոր առաջարկությունները, և որ Կենտորն վարչական շրջանը պատրաստ է ընդունել Ասկերանի պատվիրակությանը Երևանում և տեղում քննարկելով՝ մի շարք հարցերի լուծումներ տալ։

Հանդիպման ընթացքում մի շարք հարցեր հստակվեցին և համաձայնություններ ձեռք բերվեցին փոխայցելություններ կազմակերպելու հարցում, որոնք առավելապես կնպաստեն առկա հիմնախնդիրներին լուծում տալու, ինչպես նաև արդյունավետ կլինեն փորձի փոխանակման համար։ Հանդիպմանը  մասնակցում էին նաև վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, աշխատակազմի բաժինների վարիչները և Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ով կարևորեց համատեղ ուժերով շրջկենտրոնում մնայուն գործեր կատարելու անհրաժեշտությունը։ Վարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը և Ասկերանի շրջբուժմիավորում փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գոհար Հակոբջանյանը հանդիպման ընթացքում ներկայացրեցին ոլորտների ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները և դրանց լուծման համար առաջարկություններով հանդես եկան։ Հանդիպման ընթացքում առավելապես կարևորվեցին մշակութային ծրագրերով փոխայցելությունները։

Հանդիպումից հետո Կենտրոն վարչական շրջանի պատվիրակներն Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի ուղեկցությամբ եղան Ասկերանի շրջանի տարածքում տեղակայված Ն զորամասում և հանդիպեցին կենտրոն վարչական շրջանից այստեղ ծառայող զինվորների հետ։ Երեւանցիները դատարկաձեռն չէին եկել զորամաս։ Նրանք զինվորներին ծանրոցներ բաժանեցին։ Արա Սադոյանը հետաքրքրվեց զինվորների առօրյայով և հիմնախնդիրներով՝ ի պատասխան հնչեց, որ ամեն ինչ վերահսկվում է, և յուրաքանչյուր զինվոր մարտական բարձր ոգով է կատարում Հայրենիքի հանդեպ իր վեհ առաքելությունը։ Նրանք վստահեցրին, որ Արցախի սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է և իրենց կարգապահությամբ ու հայրենասիրությամբ  միշտ բարձր են պահում հարազատ վարչական շրջանի անունն ու պատիվը։

Շրջագայության վերջին կանգառն Ասկերանի քաղաքապետարանում էր, որտեղ նույնպես անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկվեցին երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հյուրերը եղան նաև Ասկերանի գեղատեսիլ վայրերում։

Համոզված ենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ու առաջարկությունները թղթի վրա չեն մնա։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter