ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
18.07.2016 16:51

Ապրիլյան պատերազմից հետո այսօր Ասկերանում արդեն երրորդ զորակոչն էր։ Տասնյակ ծնողներ հավաքվել էին քաղաքի զինվորական կոմիսարիատի բակում՝ իրենց զավակներին հայրենիքի պաշտպանության վեհ գործին ճանապարհելու։ Չնայած վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք անհանգստություն են պատճառում բոլորս՝ հավաքվածների մոտ պահպանվում էր հանգստությունն ու այն մեծ համոզմունքը, որ ամեն մի արցախցի երիտասարդ պարտավոր է անցնել ժամկետային զինծառայություն և հպարտանալ Հայրենիքին

մատուցած իր ծառայությամբ։ Քանզի յուրաքանչյուր ոք այս օրերին համոզվեց, որ հայրենիքները պահպանվում են հայրենասիրությամբ և ընկնում դրա պակասից։

Ողջունելով ներկաներին Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը նշեց, որ օրը խորհրդանշական է բոլորիս համար, քանզի հայոց բանակը համալրվում է հայոց պատմությունը սերտած նորակոչիկներով։ Նա համոզմունք հայտնեց, որ ծառայությունը Հայոց բանակում նրանց ավելի առնական և կամային կդարձնի և երկու տարի անց նրանք տուն կվերադառնան իսկական տղամարդ դարձած, ինքնավստահ, խելացի և գիտակից։ Նաև հորդորեց նորակոչիկներին անձնվիրաբար ծառայել Հայրենիքին ու անմնացորդ նվիրվել այդ սրբազան գործին, ինչպես որ դա արել էր ավագ սերունդը, ինչպես որ կատարեց ապրիլյան պատերազմի յուրաքանչյուր մարտիկ։

Իվանյանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Շամիրյանն իր ավագ որդուն՝ Արմենին էր բանակ ճանապարհում։ Արմենի հորեղբայրն ու մորեղբայրն իրենց անունները փառքով են պսակել արցախյան ազատամարտի հերոսական տարեգրության մեջ, այժմ ժամանակն է, որպեսզի ինքն իր հերոս նախնիների կիսատ թողած գործը շարունակի։ Անհանգստության զգացումի հետ ծնողներին նաև հպարտությունն էր համակել, քանզի այսուհետ Հայրենիքի պաշտպանությունը նաև իրենց զավակներին է վստահված։ Անհանգիստ են, քանզի իրենց տղաները ոչ խաղաղություն, ոչ պատերազմ պայմաններում են անցկացնելու երկամյա պարտադիր ծառայությունը, սակայն վստահ, որ երիտասարդները պատվով կկատարեն իրենց առջև դրված առաջադրանքները։

Նորակոչիկներն Ասկերանից հատուկ ավտոբուսով շարժվեցին դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ կրկնակի բժշկական զննության ենթարկվելուց հետո հատուկ վիճակահանությամբ որոշվեց, թե ով որտեղ կանցկացնի իր ծառայությունը։ Թերևս նորակոչիկների հետ տեղի ունեցած ակնթարթային հարց ու պատասխանի ժամանակ համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է պատվով ծառայել Արցախի Հանրապետությանը՝ անկախ, թե որ զորամասում կհայտնվի։

Մեծ էր հուզմունքը տեսնելով մեր նորաթուխ զինվորներին, ովքեր այսուհետ կրելու են Հայոց բանակի զինվորի պատվավոր կոչումը։ Նրանք արդեն իսկ գիտակցում են, որ չափազանց պատասխանատու ժամանակաշրջան են թևակոխում, և որ մեծ է ամենի մի զինվորի դերն ու նշանակությունը մեր երկրի ամեն մի բուռ հողի պաշտպանության գործում։ Ուստի խոստացան միշտ զգոն լինել, ժամկետային ծառայության ընթացքում ամբողջ ուժերը ներդնեն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

Բարի ճանապարհ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter